2023-ի առաջին կիսամյակում նախաձեռնվել է շուրջ 5 տասնյակ քրեական վարույթ. ՊՎԾ
18:37 - 14 հուլիսի, 2023

2023-ի առաջին կիսամյակում նախաձեռնվել է շուրջ 5 տասնյակ քրեական վարույթ. ՊՎԾ

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Պետական վերահսկողական ծառայության կողմից 2023 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում իրականացվել են 27 ուսումնասիրություններ, որոնցից 8-ը ամփոփվել են, իսկ 19-ը դեռևս ընթացքի մեջ են: Այս մասին հաղորդում է ՊՎԾ-ն։

Ընթացիկ փուլում Ծառայության կողմից իրականացվում են ուսումնասիրություններ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, ՀՀ Պաշտպանության նախարարությունում, ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում, ինչպես նաև հանդիպակաց ուսումնասիրություն՝ «Էրեբունի» ԲԿ-ում: Ուսումնասիրություններ են ընթանում նաև «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ում, «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում և պետական կառավարման համակարգի մի շարք այլ մարմիններում:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ծառայության կողմից իրականացված ուսումնասիրություններից ամփոփվել են ՀՀ ԲՏԱՆ «Հայփոստ» ՓԲԸ-ում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում, ինչպես նաև ամփոփվել և ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ կարծիքի է ուղարկվել 2019-2021 թվականների սուբվենցիոն ծրագրերի իրականացման նկատմամբ կատարված վերահսկողության արդյունքները:

Պետական վերահսկողական ծառայությունում իրականացված շուրջ 3 տասնյակ ուսումնասիրություններին զուգահեռ 2023 թվականի առաջին կիսամյակում Ծառայությունն իրականացրել է նաև 75 մշտադիտարկումներ, որոնց զգալի մասն արդեն ամփոփվել է և ներկայացվել Ծառայության ղեկավարին, ապա զեկուցվել ՀՀ վարչապետին:

Մշտադիտարկումները հիմնականում իրականացվել են Ծառայության ռիսկերի գնահատման և վերլուծության վարչության կողմից վեր հանված ռիսկային ոլորտներում, նաև՝ Ծառայություն մուտքագրված հանրագրերի հիման վրա, ինչպես նաև ՀՀ վարչապետի կողմից աշխատանքային քննարկումների և խորհրդակցությունների ընթացքում գերատեսչությունների ղեկավարներին տրված հանձնարարականների պատշաճ կատարումը վերահսկելու նպատակով:

2023 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պետական կառավարման համակարգի մարմիններում իրականացված վերահսկողական գործառույթների իրացման արդյունքում հայտնաբերված մի շարք առերևույթ խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով՝ իրավապահ մարմիններին են ուղարկվել 45 նյութեր, որոնցից 31-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ, իսկ մնացած նյութերը նախաձեռնման փուլում են:

Պետական վերահսկողական ծառայությունում գնումների գործընթացի վերահսկողության մասնագիտական վարչության կողմից 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ուսումնասիրվել են թվով 789 գնման ընթացակարգերի հրավերներ, որոնցում արձանագրվել է գնման ընթացակարգերի անհամապատասխանության 44 դեպք:

Իրականացված կանխարգելիչ գործառույթների արդյունքում 43 գնման ընթացակարգերի հրավերներում կատարվել են անհրաժեշտ փոփոխություններ՝ բացառելու հանրային գնումներում խտրական ընթացակարգերի և չափորոշիչների ներառումը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել