Պետական վերահսկողական ծառայություն - ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող վարչապետին ենթակա մարմին է, որի առաքելությունը կայանում է  «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններն իրականացնելու մեջ:

Պետական վերահսկողական ծառայության գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումն ապահովելն է:

Հայաստանի 6 ԲԿ-ներում արձանագրվել են շուրջ 542 մլն դրամի խախտումներ. ՊՎԾ

Հայաստանի 6 ԲԿ-ներում արձանագրվել են շուրջ 542 մլն դրամի խախտումներ. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվում են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից ՀՀ առողջապահության նախարարությունում իրականացված՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» 2020 և 2021 թվականների պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության՝ ուսումնասիրության արդյունքները, որի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ) արձանագրվել են բազմաթիվ ընթացակարգային թերություններ և բացթողումներ, որոնք հանդիսանում են մի շարք պաշտոնատար անձանց կողմից առնվազն ոչ արդյունավետ կառավարման և աշխատանքային գործառույթների՝ ոչ պատշաճ կատարման արդյունք:   Այսպիսով՝ արձանագրվել է, որ ԱՆ Պետական առողջապահական գործակալության կողմից իրեն տրված համակարգման և վերահսկման գործիքակազմի ոչ պատշաճ կիրառման կամ չկիրառման պայմաններում ՀՀ-ում գործող մի շարք բժշկական կազմակերպություններ 2020-2021թ.թ. ընթացքում փոխհատուցման են ներկայացրել պետական պատվերի շրջանակներում չփոխհատուցվող կամ ավելի ցածր արժեքով փոխհատուցման ենթակա բժշկական ծառայությունների մատուցման դեպքեր և դրանց դիմաց պետական բյուջեից ստացել գումարներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:   ՊՎԾ Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից Պետական առողջապահական գործակալության փորձագետ-մշտադիտարկողների ներգրավմամբ թվով 6 բժշկական կազմակերպություններում իրականացված հանդիպակաց ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդհանուր 541.690.017,0 ՀՀ դրամի խախտումներ, որից այս պահի դրությամբ ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 118.560.379,0 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ քաղաքացիներին է վճարվել վերադարձման ենթակա՝ ընդհանուր 13.686.480,0 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, 2 բժշկական կազմակերպությունների հետ կազմվել են ժամանակացույցեր՝ արձանագրված խախտումներից ևս 96.445.601,0 ՀՀ դրամ գումարը ՀՀ պետական բյուջե վերականգնելու վերաբերյալ: Այս փուլում ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված տեղեկանքների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են թվով 2 քրեական վարույթներ: Մասնավորապես. 1.     «Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 140.529.497,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 32.661.600,0 ՀՀ դրամ, իսկ քաղաքացիներին է վերադարձվել ընդհանուր 12.791.38,0 ՀՀ դրամ գումար: Ուսումնասիրությամբ վեր հանված մի շարք փաստերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: 2.    ««Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 119.343.340,0 ՀՀ դրամի խախտումներ: ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված Տեղեկանքում արձանագրված փաստերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: 3.    «Արաբկիր բժշկական կենտրոն ԵԴԱԻ» ՍՊ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 80.828.110,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 79.800.410,0 ՀՀ դրամ, իսկ քաղաքացիներին վերադարձվել է ընդհանուր 895.100,0 ՀՀ դրամ: 4.    «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 97.835.100,0 ՀՀ դրամի խախտումներ: Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկանքը և կից նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու համար: 5.    «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 48.786.750,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 6.098.369,0 ՀՀ դրամ, ինչպես նաև կազմվել է ժամանակացույց՝ արձանագրված խախտումների մնացած գումարը 8 ամիսների ընթացքում ամբողջությամբ ՀՀ պետական բյուջե վերականգնելու համար: 6.   «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 53.757.220,0 ՀՀ դրամի խախտումներ: Վերահսկվող օբյեկտի հետ կազմվել է ժամանակացույց՝ արձանագրված խախտումների գումարը 12 ամիսների ընթացքում ամբողջությամբ ՀՀ պետական բյուջե վերականգնելու նպատակով: Արձանագրված խախտումների կրկնության ռիսկերը Պետական առողջապահական գործակալությունում և բժշկական հաստատություններում նվազագույնի հասցնելու և հետագայում բացառելու նպատակով Ծառայության կողմից պատրաստվում է առաջարկությունների ծավալուն փաթեթ՝ ներկայացնելու ՀՀ վարչապետին, ինչպես նաև Ծառայության ղեկավարի նոր հանձնարարագրի հիման վրա Ծառայությունը շուտով կմեկնարկի հերթական վերահսկողական գործառույթների իրականացումը Պետական առողջապահական գործակալությունում և պետական պատվերի խոշորագույն մասնաբաժին ունեցող՝ մի շարք բժշկական հաստատություններում՝ հանդիպակաց ուսումնասիրությունների ձևաչափով: ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում այս ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքների ամփոփ Տեղեկանքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից գրավոր կարծիք ստանալուց հետո կքննարկվի դրանց հետագա ընթացքը լուծելու հարցը: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող՝ ՀՀ վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ: Ծառայության գործունեության նպատակն է ապահովել ՀՀ վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը:
17:33 - 23 մարտի, 2023
ՀՀ ՊՎԾ-ն Շիրակի մարզի Անի համայնքում հայտնաբերել է սուբվենցիոն ծրագրին առնչվող առերևույթ խախտումներ

ՀՀ ՊՎԾ-ն Շիրակի մարզի Անի համայնքում հայտնաբերել է սուբվենցիոն ծրագրին առնչվող առերևույթ խախտումներ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկում է իրականացրել, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, համայնքը 2018-2021թթ. իրականացրել է 9 սուբվենցիոն ծրագիրեր՝ ՀՀ պետական բյուջեից ստանալով ընդհանուր 278 մլն 86,8 հազար ՀՀ դրամ գումար: «Պետական վերահսկողական ծառայության իրականացրած մշտադիտարկման ընթացքում պարզ է դարձել, որ 2020-2021թվականների ընթացքում, Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել են ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքներ: Ջրագծի կառուցման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 71,749,000.0 ՀՀ դրամ, որից, ՀՀ պետական բյուջեից սուբվենցիոն ծրագրի համար տրամադրվել է  52,444,000.0 ՀՀ դրամ, իսկ համայնքի կողմից՝ 19,305,000. ՀՀ դրամ: Գնումների ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների համաձայն (ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշում)՝ պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողությունն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումը: Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և գնման պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման արձանագրության ստորագրմամբ: Արձանագրությունը ստորագրվում է, եթե առկա է պատասխանատու ստորաբաժանման գնման հայտը նախագծած ներկայացուցչի (ներկայացուցիչների) գրավոր դրական եզրակացությունը: Ընդ որում, վերոնշյալ անձը պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ տալիս է դրական եզրակացություն, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում են պայմանագրի պայմաններին կամ մատակարարված ապրանքի որակական հատկանիշները գերազանցում են պայմանագրով սահմանված պահանջները՝ ապահովելով կարիքի բավարարումը: Մինչդեռ, հիմք ընդունելով համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ներկայացված տեղեկատվությունը և ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը՝ պարզվել է, որ Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները կատարվել են նախագծանախահաշվային փաստաթղթերից շեղումներով, օգտագործվել է անորակ հումք, որի արդյունքում ջրամատակարարման ցանցում առաջանում են վթարներ և այն լիարժեք չի շահագործվում: Արդյունքում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները լիարժեք չեն կատարվել և պետության հատկացրած միջոցները ծախսվել են անարդյունավետ և ոչ նպատակային»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ հաշվի առնելով կատարված մշտադիտարկման արդյունքները, բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի իրավասու պաշտոնատար անձինք առերևույթ թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին: Մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։ Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում, սույն թվականի մարտի 10-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են, որ կառույցը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։
18:40 - 20 մարտի, 2023
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 843 խախտում է հայտնաբերել պետական «Ջրառ» ՓԲԸ-ում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 843 խախտում է հայտնաբերել պետական «Ջրառ» ՓԲԸ-ում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն (ՊՎԾ) օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում՝  ՊՎԾ ղեկավարի հանձնարարագրի հիման վրա,  գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացվող ուսումնասիրության ընթացքում արձանագրել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Ջրառ» 100% պետական մասնաբաժնով փակ բաժնետիրական ընկերության պաշտոնատար անձինք, 843 դեպքով անտեսելով ՀՀ գնումների օրենսդրության պահանջները, 2019-2022թթ. ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ձեռք են բերել 242 մլն 397 հազար 450 ՀՀ դրամի աշխատանքներ և ծառայություններ՝ տրանսպորտային միջոցների, տեխնիկական շահագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման նպատակով: Ինչպես  տեղեկացրին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, արձանագրվել է նաև, որ չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը ֆիզիկական անձանց հետ կնքած պայմանագրերի շրջանակներում, որպես հարկային գործակալ, ֆիզիկական անձանց վճարելու յուրաքանչյուր դեպքով կիրառել է ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված եկամտային հարկի դրույքաչափերը, սակայն  483 դեպքով դրանք չի արտացոլել Հարկային մարմին ներկայացվող «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական» հաշվարկներում, որոնց մասով թաքցված կամ պակաս ցույց տրված միայն եկամտային  հարկի գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմել է  35 մլն 371 հազար 55 ՀՀ դրամ: «Միաժամանակ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ընկերությունը՝ որպես հարկային գործակալ  շուրջ 300 դեպքերով հարկային մարմին չի ներկայացրել  նոր աշխատողների գրանցման հայտերը, աշխատանքային հարաբերություններում գտնվող անձանց հետ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով չի կնքել  գրավոր աշխատանքային պայմանագրեր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտեր, ինչն էլ չի արձանագրվել հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից իրականացված համալիր ստուգումների արդյունքում: Հարկ ենք համարում նաև նշել, որ պաշտոնատար անձանց ոչ օրինաչափ գործունեության արդյունքում, բացի պետությանը պատճառված վնասից,  ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն, Ընկերությանը  ենթակա էր նաև առաջադրման լրացուցիչ  պարտավորություններ՝ տույժեր և տուգանքներ, իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն, վարչական պատասխանատվության միջոցներ՝ պաշտոնատար անձանց նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:   Ըստ աղբյուրի՝ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով: Նշվում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝  ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։
18:33 - 15 մարտի, 2023
Վարչապետի մոտ քննարկվել է Պետական վերահսկողական ծառայության 2022թ. կատարողականը

Վարչապետի մոտ քննարկվել է Պետական վերահսկողական ծառայության 2022թ. կատարողականը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտի 13-ին ներկայացվել է Պետական վերահսկողական ծառայության 2022 թ. գործունեության հաշվետվությունը: Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՊՎԾ ղեկավար կազմը, պաշտոնատար անձինք: ՊՎԾ ղեկավարը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու տարում կառույցի կողմից կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել 2022 թ. իրավական ապահովման և օրինականության, պետաիրավական, տնտեսական, սոցիալական, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, գնումների գործընթացների, ստուգումների, ինչպես նաև՝ ռիսկերի գնահատման և վերլուծության ոլորտներում իրականացված 43 ուսումնասիրությունների և 201 մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ: Ներկայացվել են նաև ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքները: Նշվել է, որ ՊՎԾ իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում նախաձեռնվել է 77 քրեական վարույթ՝ կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների գծով: Զեկուցվել է, որ արձանագրված խախտումների հանրագումարը կազմել է շուրջ 38.2 մլրդ ՀՀ դրամ, որից պետական բյուջե է վերականգնվել 120.7 մլն ՀՀ դրամ, քաղաքացուն է վերադարձվել 13.7 մլն ՀՀ դրամ, մնացած մասով քրեական վարույթներն ընթացքի մեջ են: 2022 թ. քաղաքացիներից ստացվել է շուրջ 590 հանրագիր. 2021 թ. համեմատ աճը կազմել է շուրջ 43 տոկոս: Նշվել է, որ ՊՎԾ գործունեության արդյունավետության բարձրացման շրջանակում իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնք թույլ կտան վերահսկողություն իրականացնել նաև հարկային, մաքսային և տեսչական ոլորտներում: Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն արդեն ներկայացվել է հանրային քննարկման՝ E-draft.am կայքէջում: Շենքային պայմանների բարելավման միջոցառման շրջանակում ավարտվել են վերակառուցման/հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները, շինարարության մրցույթը նախատեսվում է հայտարարել այս տարի: Զեկուցվել է, որ ՊՎԾ բյուջեի կատարողականը կազմել է 99.3 տոկոս: Հաշվետվությունը լսելուց հետո մտքերի փոխանակություն է ծավալվել ներկայացված թեմաների շուրջ: Քննարկման առարկա են դարձել Պետական վերահսկողական ծառայության գործունեությանը վերաբերող հարցեր և հետագա անելիքները: Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել «ՊՎԾ մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների, վերահսկողության արդյունքում արձանագրված խախտումների վերացման, վերահսկողության գործիքակազմի ընդլայնման, կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ և այլն: Անդրադարձ է եղել նաև պետական ծրագրերի արդյունավետության նկատմամբ վերահսկողության հարցին: Վարչապետը կարևորել է ոլորտի շարունակական բարեփոխումները և վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրված խախտումների վերացման, վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական աշխատանքը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է համակարգային մոտեցման և միջգերատեսչական ակտիվ գործակցության անհրաժեշտությունը: Խորհրդակցության արդյունքներով Կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:
17:44 - 13 մարտի, 2023
Վարչապետին է ներկայացվել Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայկական ատոմային էլեկտրակայան»՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պաշտոնատար անձինք: Հայկական ԱԷԿ-ի ղեկավար կազմը հանդես է եկել հաշվետու զեկույցով և ներկայացրել 2022 թ. իրականացված աշխատանքները: Նշվել է, որ ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թ., և իրականացված արդիականացման լայնածավալ աշխատանքների շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով։ Արդյունքում, 1995 թ. ի վեր առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ՝ 92 տոկոսի փոխարեն։    Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) նախագիծը. աշխատանքներն իրականացվելու են 2023-2026 թթ., մշակվել և Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ համաձայնեցվել է ՇԺԵ-2 հայեցակարգը, պատրաստ է նաև Կառավարության որոշման նախագիծը, որով կմեկնարկի գործընթացը։ Արդյունքում, ակնկալվում է, որ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը հնարավոր կլինի անվտանգ շահագործել մինչև 2036 թվականը։ Տեղեկատվություն է ներկայացվել «ՀԱԷԿ»-ի մարդկային ռեսուրսների և ֆինանսատնտեսական ցուցանիշների վերաբերյալ։ Անդրադարձ է եղել նաև ՀՀ էներգետիկայի ոլորտի ռազմավարության հեռանկարներին, որով նախատեսվում է մինչև 2040 թ. զարգացնել ցածր ածխածնային արտանետումներով էներգիայի արտադրությունը՝ վերականգնվող և միջուկային էներգիայի արտադրությամբ: Այս համատեքստում ներկայացվել է միջազգային առաջատար փորձը: Հաշվետվության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկման առարկա են դարձել Հայկական ԱԷԿ-ի հետագա գործունեության հետ կապված անելիքները, այդ թվում՝ թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացմանը, նոր էներգաբլոկի կառուցմանը, կադրերի մասնագիտական վերապատրաստմանը, միջազգային համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր: Վարչապետը, ՀՀ էներգետիկ ոլորտի զարգացման համատեքստում, կարևորել է ատոմակայանի անվտանգ ու հուսալի շահագործման ուղղությամբ հետևողական աշխատանքը և կառավարման արդյունավետության շարունակական բարելավումը: Կառավարության ղեկավարը նաև շրջայց է կատարել ատոմակայանի տարածքում՝ ծանոթացել էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիական շղթայում ներառված հիմնանորոգված համակարգերին ու սարքավորումներին, այդ թվում բլոկի կառավարման վահանակի, տեղեկատվական-հաշվողական, նաև կայանի անվտանգ շահագործումն ապահովող այլ համակարգերի արդիականացման աշխատանքներին։  
16:30 - 06 մարտի, 2023
Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ում հայտնաբերվել են շուրջ 257 մլն ՀՀ դրամի չափով առերևույթ խախտման դեպքեր. ՊՎԾ

Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ում հայտնաբերվել են շուրջ 257 մլն ՀՀ դրամի չափով առերևույթ խախտման դեպքեր. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում՝ Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա՝ Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացվող ուսումնասիրության և մշտադիտարկման ընթացքում արձանագրվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող 100% պետական մասնաբաժնով փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն Ընկերությանը պատկանող հաշվեհամարներից 2017-2022թթ. ընթացքում, օգտվելով այն հանգամանքից, որ հնարավորություն ունի միանձնյա տնօրինելու Ընկերության բանկային հաշվեհամարները, իր անձնական բանկային հաշվեհամարներին, որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունների մարում, փոխանցել է ընդհանուր 254 066 540 ՀՀ դրամ գումար, որից Ծառայության կողմից կատարվածը բացահայտվելուց հետո նշված ընթացքում հետ է վերադարձրել 37,9 մլն ՀՀ դրամը: Միաժամանակ, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված պահանջները, առանց որևէ գնման ընթացակարգի անցկացման, առանց համապատասխան պայմանագրի կնքման, առանց ծախսը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերի առկայության՝ փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց Ընկերության բանկային հաշվեհամարից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին 3 մլն ՀՀ դրամ ուղղակի փոխանցման եղանակով փոխանցել է ՍՊ ընկերությանը, որպես ձեռք բերված ծառայությունների արժեք: Պարզվել է նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության հիմնադիր և սեփականատեր է հանդիսանում քաղաքացի Ա.Ս.-ն (նույն ինքը՝ Ընկերության գլխավոր հաշվապահը), 100 տոկոս բաժնեմասի սեփականության իրավունքով: Վերահսկողական գործառույթների իրացման ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվությունը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Հայտնում ենք, որ առերևույթ հանցագործության հանգամանքների վերաբերյալ Ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում՝ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է վստահված գույքի խոշոր չափերով հափշտակում: Հարկ է նշել, որ վերահսկվող օբյեկտում Ծառայության կողմից վերահսկողական գործողությունները շարունակվում են, իսկ ուսումնասիրությունը ընդգրկում է՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողությունը։
14:47 - 18 հունվարի, 2023
Ուսումնասիրությունը Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում ընթացել է իրավական ընթացակարգերի խստիվ պահպանմամբ. ՊՎԾ պարզաբանումը

Ուսումնասիրությունը Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում ընթացել է իրավական ընթացակարգերի խստիվ պահպանմամբ. ՊՎԾ պարզաբանումը

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում ուսումնասիրություն է իրականացրել «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում, որի արդյունքների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տրվել է մամուլի հաղորդագրություն։ «Հարկ ենք համարում ընդգծել, որ ուսումնասիրությունը «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում ընթացել է իրավական ընթացակարգերի խստիվ պահպանմամբ։ Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և տրամադրվել է վերահսկվող օբյեկտին՝ դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով։ Վերահսկվող օբյեկտի կողմից ստացվել է նաև վերոնշյալ կարծիքը: Ուսումնասիրության արդյունքներն ընդգրկել է Տեղեկանքը և ուսումնասիրության շրջանակներում ձեռք բերված բոլոր նյութերը, ներառյալ՝ Տեղեկանքի վերաբերյալ ներկայացված կարծիքը։ Տեղեկացնենք նաև, որ «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված Տեղեկանքը և առնչվող նյութերը (ներառյալ՝ վերահսկվող օբյեկտի կողմից ներկայացված կարծիքը) ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար: Պետական վերահսկողական ծառայությունը գործում է բացառապես օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակում և հորդորում է «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամին ձեռնպահ մնալ որևէ եղանակով ՀՀ պետական վերահսկողական ծառայության նկատմամբ հանրային վստահությունը թուլացնելու անհաջող փորձից»,- նշված է պարզաբանման մեջ։ Հիշեցնենք, որ Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն- խմբ․) նախաձեռնվել է քրեական վարույթ:
16:41 - 26 դեկտեմբերի, 2022
Կհստակեցվի զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը

Կհստակեցվի զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարագրի հիման վրա Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչությունն իրականացրել է ուսումնասիրություն «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում, որի շրջանակներում ուսումնասիրության առարկա են հանդիսացել առավել բարձր արժեքով իրականացված գնումների, աշխատավարձի հաշվարկման, Հիմնադրամի և պետական սեփականություն հանդիսացող գույքերի կառավարման, ինչպես նաև ուսումնական գործընթացները: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013 թվականին մեկնարկած «Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոն» ծրագրի շրջանակներում՝ Հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի միջև շուրջ 498 մլն ՀՀ դրամ արժեքով կնքված Պայմանագրերի կատարման ընթացքում, Հիմնադրամի ղեկավարության կողմից 2013-2019 թվականներին յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսին, նպատակ ունենալով ամբողջությամբ ստանալու ընթացիկ տարվա համար նախատեսված գումարը, ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող, ոչ հավաստի տեղեկություններ պարունակող հայտեր, որի արդյունքում Հիմնադրամը ՀՀ պետական բյուջեից հավելյալ ստացել է շուրջ 70 մլն ՀՀ դրամ գումար, որն էլ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի կողմից չի հաշվարկվել և չի հաշվանցվել հետագայում վճարվելիք գումարներից։ Բացի դրանից՝ պարզվել է, որ նշված ծրագրի շրջանակներում հատկացված շուրջ 498 մլն ՀՀ դրամ գումարից մոտ 174,3 մլն ՀՀ դրամ գումարը, որպես աշխատավարձ, տրամադրվել է ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Տ.Թ.-ին (Տիգրան Թորոսյան)՝ որպես Ծրագրի գիտական ղեկավար, և Լ.Հ.-ին՝ որպես Ծրագրի տնօրեն: Պարզվել է նաև, որ Հիմնադրամի կողմից 2012 թվականին նախաձեռնվել և իրականացվել է Երևան քաղաքի Թումանյան 42 հասցեում գտնվող 370 քմ մակերեսով տարածքի վարձակալության հանձնման գործընթացը ՍՊ ընկերությանը՝ ամսական ընդամենը 480 000 ՀՀ դրամ արժեքով, 25 տարի ժամկետով, որի արդյունքում Հիմնադրամը և պետությունը զրկվել են հավելյալ շուրջ 37 մլն ՀՀ դրամի եկամուտ ստանալու հնարավորությունից: Պարզվել է նաև, որ հիմք-փաստաթղթերի և պայմանագրի համաձայն՝ նշված տարածքները պետք է ծառայեին ուսանողներին և քաղաքացիներին, որպես նոր գիտելիքներ ստանալու, մշակութային զարգացվածություն ապահովելու վայր, գրադարան-սրճարան, մինչդեռ փաստացի գործում են որպես գիշերային ակումբներ, փաստաբանական և թարգմանչական գրասենյակներ: Ուսումնասիրություն իրականացնող խմբի կողմից պարզվել է նաև, որ 2018-2022 թվականների ընթացքում Հիմնադրամի ռեկտոր Կ.Հ.-ն (Կարինե Հարությունյան), առանց Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման, խախտելով աշխատանքային օրենսդրության պահանջները, միանձնյա արձակել է հրամաններ, որոնց հիման վրա ինքն իրեն հատկացրել է ընդհանուր 5,44 մլն ՀՀ դրամի չափով պարգևատրում և լրավճար, որի արդյունքում էական վնաս է պատճառվել Հիմնադրամին։ Միաժամանակ պարզվել է, որ 2018-2022 թվականների ընթացքում Հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից խախտվել են ՀՀ կառավարության N որոշմամբ սահմանված պահանջները, որի արդյունքում թվով 16 ուսանողների անհիմն կամ իրականությանը չհամապատասխանող փաստաթղթային հիմքերով տրամադրվել է ընդհանուր 2,9 մլն ՀՀ դրամի զեղչ, ինչպես նաև թվով 41 ուսանողներից գանձվել է ընդհանուր 4,3 մլն ՀՀ դրամի ուսման վարձերի ավել գումար։ Բացի դրանից՝ պարզվել է, որ Հիմնադրամի 9 ուսանող, տևական ժամանակ բացակայելով ՀՀ տարածքից, փաստացի չեն հաճախել դասընթացներին և չեն մասնակցել քննաշրջաններին, սակայն նրանց բացակայությունները չեն արձանագրվել Հիմնադրամի աշխատակիցների կողմից, ինչպես նաև քննական տեղեկագրերում, ներառելով կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ, նշանակվել են միավորներ, որի արդյունքում էլ նշված ուսանողները փոխադրվել են հաջորդ կուրս և հետագայում ստացել անհատական համարանիշներով պետական նմուշի ավարտական դիպլոմներ։ Եվս 4 ուսանող փաստացի բացակայել են ՀՀ տարածքից, սակայն նշված ժամանակահատվածում նրանց անունից Հիմնադրամին ներկայացվել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող պրակտիկայի վերաբերյալ հաշվետվություններ։ Միաժամանակ ուսումնասիրվել են Հիմնադրամի կողմից ուսման գործընթացի կազմակերպման պայմանները, որի արդյունքում պարզվել է, որ խախտվել են ՀՀ կառավարության N որոշմամբ սահմանված չափորոշիչները և չի ապահովել լսարանների լրակազմերի համար անհրաժեշտ մակերեսները, որի պայմաններում հնարավոր չէր իրականացնել արդյունավետ դասապատրաստում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հիմնադրամի և ՍՊ ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագրով Հիմնադրամին պատկանող Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող հանգստյան տունը վարձակալության է հանձնվել շուկայականից զգալի ցածր վարձավճարով՝ ամսական ընդամենը 180 000 ՀՀ դրամ արժեքով, 7 տարի ժամկետով, որից որպես եկամուտ Հիմնադրամն ամսական ստացել է ընդամենը 56 400 ՀՀ դրամ: Բացի այդ, վերլուծվել է Երևան քաղաքի Հ. Էմինի փ. 123 հասցեում գտնվող Հիմնադրամի հանրակացարանի գործունեության արդյունավետությունը, որի արդյունքում արձանագրվել է, որ Հիմնադրամը 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանրակացարանի պահպանման համար ծախսել է շուրջ 125 մլն ՀՀ դրամ գումար, սակայն միևնույն ժամանակ հանրակացարանի գործունեության արդյունքում մուտքագրվել է ընդամենը 31,4 մլն ՀՀ դրամ վարձավճար։ Ըստ էության, հանրակացարանի նման անարդյունավետ գործունեության արդյունքում Հիմնադրամին պատճառվել է շուրջ 93 մլն ՀՀ դրամի վնաս։ Ուսումնասիրության շրջանակներում պարզվել է, որ Հիմնադրամի ռեկտոր Կ.Հ.-ն, որպես հնոցապան, հրամանագրել է անձի, որը հրամանագրման պահին և հետագայում աշխատանքային ողջ ժամանակահատվածում գտնվել է արտասահմանում, սակայն վերջինիս անվամբ հաշվարկվել ու դուրս է գրվել ընդհանուր 690 000 ՀՀ դրամի չափով աշխատավարձ: Բացի դրանից՝ պարզվել է, որ Հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից, խախտելով գնումների օրենսդրության պահանջները, առանց մրցույթի ընդհանուր 4,2 մլն ՀՀ դրամ արժեքով ծառայությունների մատուցման մասին քաղաքացիաիրավական պայմանագրեր են կնքվել Հիմնադրամի ֆինանսական վարչության պետ Հ.Ղ.-ի որդու՝ Ա.Ա.-ի և ևս մեկ անձի հետ։ Հիմնադրամի կողմից հայտարարված և իրականացված գնման ընթացակարգերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ թվով 3 գնման գործընթացներում Հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից թույլ են տրվել մի շարք խախտումներ, որի արդյունքում Հիմնադրամի ֆինանսական միջոցներից հավելյալ ծախսվել է շուրջ 12 մլն ՀՀ դրամ գումար՝ էական վնաս պատճառելով Հիմնադրամի և պետության օրինական շահերին։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։
18:31 - 22 դեկտեմբերի, 2022
Անտառների վերականգնումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն. վարչապետ

Անտառների վերականգնումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և փոխնախարարները ներկայացրել են նախարարության կողմից, ըստ ոլորտային ուղղությունների, իրականացված ծրագրերն ու միջոցառումները: Նախ անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքներին: Մասնավորապես, զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքում 2024 թվականից ներդրվելու է ձկնաբուծարաններում ջրի փակ շրջանառու համակարգով գործունեություն իրականացնելու պարտադիր պահանջ: Ներկայումս գործող ավելի քան 1000 ձկնաբուծարանների մոտ 20-25%-ն է աշխատում ջրի վերադարձի համակարգով: 2024 թվականից ներդրվելու է նաև տվյալների առցանց փոխանցմամբ, մակերևութային և ստորերկրյա ջրօգտագործման, այդ թվում՝ էկոլոգիական թողքի հաշվառման պահանջ: 2022 թվականի ընթացքում տեղադրվել և կնքվել է 25 ավտոմատ կառավարման առցանց ջրաչափական համակարգ: Նշվել է, որ 2020-2021թթ. իրականացվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների (խորքային հոր) փաստացի վիճակի ուսումնասիրություն, որի հիման վրա այս տարի արգելվել է Արարատյան դաշտում նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով, նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ: Անդրադառնալով կլիմայի ոլորտում ՀՀ ստանձնած պարտավարությունների կատարմանը՝ պատասխանատուները նշել են, որ մշակվել է «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ երկարաժամկետ (մինչև 2050 թ․) ցածր ածխածնային զարգացման ռազմավարությունը: Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Առաջիկայում կամրագրվեն մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից նորմերը: Ընդգծվել է, որ շարունակվում են էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների  խթանմանն ուղղված միջոցառումները: ՀՀ հարկային օրենսգրքով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման և (կամ) օտարման մասով ԱԱՀ արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը: Ընթացիկ տարում մշակվել է «ՀՀ անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և 2023-2032 թվականների գործողությունների ազգային ծրագիրը», որը ներկայումս գտնվում է քննարկման փուլում: Մշակման փուլում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրինագիծը: Այս համատեքստում, կարևորվել է ոչ միայն վաճառքի արգելումը, այլ նաև Հայաստանում դրանց արտադրության և մեր երկիր վերջիններիս ներմուծման արգելման ուղղությամբ քայլերի իրականացումը: Պատասխանատուները զեկուցել են, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրվում են շուրջ 18 տեսակի թույլատվական փաստաթղթղեր: Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ 2022 թվականի հուլիսի 25-ից առաջին անգամ ներդրվել և հասանելի է «Թույլատվական փաստաթղթեր» տրամադրելու էլեկտրոնային համակարգը: Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում հաշվետու ժամանակահատվածում վերանայվել են խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: Խորքային հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների իրականացման ու տեխնիկական վերահսկողության համար հայտարարվել է մրցույթ: Մեկնարկել է շրջակա միջավայրի վրա առավել բացասական ազդեցություն ունեցող 10՝ արտադրական լցակույտերի ռեկուլտիվացիայի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման գործընթացը: ՀՀ տարածքում աղտոտված, դեգրադացված հողերի մոնիթորինգի շրջանակներում նախարարության աշխատակիցների կողմից իրականացվել են դաշտային հետազոտական աշխատանքներ,  հողերի նմուշառում, լաբորատոր հետազոտություններ: «Զվարթնոց» ավիաօդերեվութաբանական կենտրոն ՓԲԸ –ի կողմից նախատեսվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղադրել ամպրոպ տեղորոշիչ սարք:  «Շիրակ» օդանավակայանում ևս կտեղադրվի վազքուղու 02 շեմի նոր գերժամանակակից օդերևութաբանական կայան: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» ազգային պարկերի ՊՕԱԿ-ների, «Արգելոցային համալիր», «Զանգեզուր կենսոլորտային համալիր», «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՕԱԿ-ների գործունեությանը: Զեկուցվել է, որ «Դիլիջան» ազգային պարկի եղջերուների բազմացման կենտրոնից բնություն է բաց թողնվել ազնվացեղ եղջերուների առաջին խմբաքանակը: Արդյունքում՝ բնության մեջ անհետացած համարվող կենդանին այլևս վերադարձել է իր բնական ապրելավայր: Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման միջոցառումների շրջանակում շարունակվում է միջոցառումների իրականացումը: Մասնավորապես, դրանց շրջանակում իրականացվում են՝ դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելման, կեղտաջրերի այլընտրանքային մաքրման ապահովման, կանոնավոր աղբահանության ապահովման, Սևանա լճի մոնիթորինգի համակարգի վերազինման և կարողությունների բարելավման, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման միջոցառումները: Աշխատանքները շարունակվել են նաև Սևանա լճում ձկան արդյունագործական որսի կարգավորման ուղղությամբ: 2022 թվականից տարեկան 2 անգամ Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում իրականացվում է ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում: Վերջնական հաշվետվությունը կներկայացվի միչև դեկտեմբերի 15-ը, ինչն էլ հիմք կհանդիսանա հաջորդ տարվա արդյունագործական ձկնորսության չափաքանակների սահմանման համար: Տեղեկացվել է, որ ընթացիկ տարվա ընթացքում Սևանա լիճ է բաց թողնվել 15 500 հատ ամառային իշխան, 163 000 հատ գեղարքունի իշխան: Անդրադարձ է կատարվել նաև անտառվերականգնողական աշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այս տարվա ընթացքում աշխատանքներն ընդգրկել են 130 հեկտար տարածք: Վարչապետն ընդգծել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից վերը նշված ուղղություններով իրականացվող ծրագրերի կարևորությունն ու դրանց արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է մի շարք ծրագրերից ու աշխատանքներից: Ծավալվել է մտքերի փոխանակություն՝ ըստ ոլորտների իրականացված ու նախաձեռնված միջոցառումների շուրջ, քննարկվել են հետագա անելիքները:  Վարչապետը նշել է Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացման կարևորությունը, միաժամանակ ընդգծել հանրային լողափերի գործունեության առնչությամբ հստակ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Անդրադառնալով անտառների վերականգնման ուղղությամբ քայլերին՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է մշակել և ներկայացնել հստակ ճանապարհային քարտեզ, որտեղ ըստ տարիների նկարագարված կլինեն անելիքներն ու դրանց ծավալները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անտառների վերականգնումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Կարևորվել են նաև նախարարության կողմից բնակելի շենքերում էներգախնայողության ծրագրերի իրականացման, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի բարելավման և այլ ուղղություններով իրականացվող աշխատանքները, որոնց շուրջ քննարկումներն առաջիկայում կշարունակվեն:
17:02 - 05 դեկտեմբերի, 2022
2018-2022թթ.-ին Գավառի պետական համալսարանի 15 աշխատակիցներ, բացակայելով ՀՀ-ից, ստացել են ամբողջական աշխատավարձ. ՊՎԾ

2018-2022թթ.-ին Գավառի պետական համալսարանի 15 աշխատակիցներ, բացակայելով ՀՀ-ից, ստացել են ամբողջական աշխատավարձ. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից «Գավառի  պետական համալսարան»  հիմնադրամում իրականացվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրվել են 2018-2022 թվականների ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված գնման, աշխատավարձերի հաշվարկման և վճարման գործընթացները, Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքերի կառավարման օրինականությունը և արդյունավետությունը, ինչպես նաև ուսման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը, որոնց արդյունքում արձանագրվել են ընդհանուր 11,8 մլն․ ՀՀ դրամի ֆինանսական խախտումներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցների կողմից հնարավոր կեղծիքներ կատարելու մի շարք դեպքեր: Մասնավորապես՝ ուսումնասիրությունն ընդգրկող ժամանակահատվածում Ծառայության կողմից փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ առանց Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման Ռեկտորի կողմից իրեն հատկացվել են  լրավճարներ: Բացի այդ, թվով 33 ուսանողների՝ փաստացի ՀՀ-ից բացակայելու, դասընթացներին և քննաշրջաններին չմասնակցելու պայմաններում, Հիմնադրամի համապատասխան դասախոսների և աշխատակիցների կողմից հաճախելիության և առաջադիմության մատյաններում այդ մասին համապատասխան նշումներ չեն կատարվել, այլ կազմվել և հաստատվել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր: Նույն ժամանակահատվածում Հիմնադրամի թվով 15 աշխատակիցներ, փաստացի բացակայելով ՀՀ տարածքից և (կամ) չներկայանալով աշխատանքի, ստացել են իրենց ամսական աշխատավարձի գումարներն ամբողջությամբ: Հիմնադրամի թվով 9 աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման համար հիմք հանդիսացող ժամաքանակները սահմանելիս Հիմնադրամի կողմից խախտվել են ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի թիվ 201-Ն որոշման N 5 հավելվածի 12-րդ կետով սահմանված պահանջները, որի արդյունքում նշված աշխատակիցները ստացել են հավելյալ աշխատավարձ: Հիմնադրամի թվով 3 տրանսպորտային միջոցների վառելիքը ծախսագրվել է ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 1-ի N 1001-Ն որոշմամբ սահմանված ծախսի նորմատիվների շեղումներով, ինչպես նաև ավտոմեքենաների վառելիքի ծախսի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերում, մասնավորապես ուղեթերթիկներում ներառվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ: Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ օրենսդրական կարգավորումների խախտմամբ, կամայական եղանակով, շուկայականից էական ցածր գներով վարձակալության են հանձնվել անհատույց օգտագործման իրավունքով Հիմնադրամին պատկանող թվով 2 հասարակական նշանակության տարածքներ, իսկ Հիմնադրամի հանրակացարանի շահագործումն իրականացվել է ոչ արդյունավետ: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար: Հարկ է նշել, որ  Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից   ևս մեկ ուսումնասիրություն իրականացվում է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում, որի արդյունքները կհրապարակվեն ամփոփվելուց հետո: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։
17:52 - 01 դեկտեմբերի, 2022
ՊՎԾ-ն խախտումներ չի արձանագրել Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերության գնումների գործընթացում․ Ռոմանոս Պետրոսյան |tert.am|

ՊՎԾ-ն խախտումներ չի արձանագրել Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերության գնումների գործընթացում․ Ռոմանոս Պետրոսյան |tert.am|

tert.am: Ամիսներ առաջ վարչապետի հանձնարարությամբ ՊՎԾ-ն ձեռնամուխ է եղել երկու, անընդմեջ իրականացվող վերահսկողական գործընթացերի մեկնարկին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Ձեռնամուխ ենք եղել ուսումանսիրելու պաշտոնատար բարձրաստիճան անձանց հետ հնարավոր փոխկապակցվածություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների մասնակցությունը գնումների գործընթացին։ Բացի այդ հանրային գնումների ողջ սպեկտորը ամենօրյա մշտադիտարկման տակ է ՊՎԾ-ի կողմից։ Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին շուրջ 170 վերլուծական տեղեկանքներ են կազմվել գնումների վերահսկողության վարչության կողմից, առաջարկներ են արվել տվյալ սուբյեկտներին»,- ասաց Պետրոսյանը։ Լրագրողների հարցին, թե «արդյո՞ք ուսումնասիրվել է Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերության հետ կապված գնումների գործընթացը, որը մի քանի հազար դրամի տարբերությամբ շահում է պետական մրցույթներ»։ «Այն բոլոր գնումները, որում տվյալ սուբյեկտը մասնակցություն է ունեցել, մինչև օրս որևէ խտրական չափորոշիչներ կամ առերևույթ իրավախախտումներ չեն հայտնաբերվել։  Ուսումնասիրել ենք և՛ գնման հրավերը, և՛ ներկայացված փաթեթները, և՛ մրցույթի պայմանները։ Մեր լիազորություններով իրականացված վերահսկողական գործընթացներով խախտւմներ չենք արձանագրել»։
16:08 - 02 նոյեմբերի, 2022
ՊՎԾ-ն դեռևս Հայկ Մարությանի ժամանակ 2 անգամ փորձել է ստուգումներ իրականացնել, բայց մեծ դիմադրության է հանդիպել. Ավինյան
 |news.am|

ՊՎԾ-ն դեռևս Հայկ Մարությանի ժամանակ 2 անգամ փորձել է ստուգումներ իրականացնել, բայց մեծ դիմադրության է հանդիպել. Ավինյան |news.am|

news.am: ՊՎԾ-ն դեռեւս Հայկ Մարությանի ժամանակ երկու անգամ փորձ կատարել է քաղաքապետարանում ստուգումներ իրականացնելու. քաղաքապետարանում բավական մեծ դիմադրության է հանդիպել երկու անգամ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ, քիչ առաջ փոխքաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ երբ Հայկ Մարությանին հեռացրին Երեւանի քաղաքապետի պաշտոնից անմիջապես ուսումնասիրություն սկսվեց քաղաքապետարանում, ինչը հետապնդման տպավորություն է թողնում: «Այո, փաստ է, որ Հայկ Մարությանից հետո այդ ուսումնասիրություններն իրականացվել են եւ եթե չեմ սխալվում, մոտ 40 մլն դոլարի չափի բյուջեում փոս են հայտնաբերել: Մնացածի իրավապահներին դաշտում է»,-ասաց Ավինյանը: Հարցին, թե արդյոք Հայկ Մարությանին համարում է իր հիմնական մրցակից Երեւանի ընտրություններում, նա պատասխանեց. «Ես այս պահին որեւէ մրցակցության մասին չեմ կարող խոսել, այս պահին կենտրոնանալու եմ այն աշխատանքի վրա, որի համար եկել եմ այստեղ: Ես այս պահին կենտրոնացած եմ լինելու միմիայն փոխքաղաքապետի աշխատանքների վրա: Պետք է կենտրոնանալ օրվա խնդիրների վրա, որոնք ունեն հրատապ լուծման կարիք»: Ինչ վերաբերում է նրան, որ Հայկ Մարությանը հեռանալիս մեղադրեց իշխանություններին, որ զանգեր են հնչել տարբեր արտոնությունների, հողակտորների, շինթույլտվությունների համար, Ավինյանն ասաց. «Մենք աշխատել ենք պարոն Մարությանի հետ եւ  որոշ հարցեր կարողացել ենք լուծել: Կամուրջ ենք կառուցել, շատ հարցերում չենք կարողացել  համաձայնության գալ, որովհետեւ որոշ դեպքերում քաղաքապետարանի առաջարկվող տրամաբանությունը կարճաժամկետ լուծումների էր, իսկ  կառավարությունն առաջարկում էր ավելի երկարաժամկետ համապարփակ ծրագրեր իրականացնել: Թե ով է ճիշտ, ոչ է սխալ, չեմ կարող ասել: Իսկ թե ով է զանգել, ինչ է ասել, ես խնդրում եմ խոսել անուններով, կոնկրետ»:
15:47 - 23 սեպտեմբերի, 2022
ՊՎԾ-ն մանկավարժական համալսարանում խախտումներ է հայտնաբերել

ՊՎԾ-ն մանկավարժական համալսարանում խախտումներ է հայտնաբերել

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա ՊՎԾ Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում իրականացվել է ուսումնասիրություն: ՊՎԾ-ից հայտնում են, որ ուսումնասիրվել են Հիմնադրամի կողմից իրականացված գնման գործընթացները, հաշվարկված և աշխատակիցներին վճարված աշխատավարձը, Հիմնադրամին և Հայաստանի Հանրապետությանը պատկանող, սեփականություն հանդիսացող գույքերի կառավարման օրինականությունն և արդյունավետությունը, ինչպես նաև ուսուցման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը: Ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում փաստական տվյալներ են ստացվել՝ Հիմնադրամի թվով 25 աշխատակիցների՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում աշխատավարձ ստանալու, թվով 12 ուսանողների՝ ՀՀ-ից բացակայելու և փաստացի դասընթացներին չմասնակցելու պայմաններում տրված ավարտական դիպլոմների, Հիմնադրամի տրանսպորտային միջոցի վառելիքի ամսական ծախսի մասին հաշվետվություններում ներառված՝ իրականությանը չհամապատասխանող տվյալների, Հիմնադրամի հաշվեկշռից դուրս գրված և ուղղակի վաճառքի եղանակով օտարված տրանսպորտային միջոցի և Հիմնադրամի նախկին ռեկտորի՝ առանց Հոգաբարձուների խորհրդի որոշման իրեն հատկացված լրավճարների վերաբերյալ: Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար, որից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, 441-րդ հոդվածի 1-ին մասի և 445-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։
18:02 - 23 օգոստոսի, 2022
Երևանի բյուջեն զրկվել է լրացուցիչ մոտ 7 մլրդ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից․ ՊՎԾ-ն ամփոփել է քաղաքապետարանի մշտադիտարկման արդյունքները

Երևանի բյուջեն զրկվել է լրացուցիչ մոտ 7 մլրդ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից․ ՊՎԾ-ն ամփոփել է քաղաքապետարանի մշտադիտարկման արդյունքները

Պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանում քաղաքաշինության ոլորտին առնչվող մի շարք մշտադիտարկումների արդյունքներ։ Մշտադիտարկումների համար հիմք են հանդիսացել Ծառայության կողմից ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, փաստաթղթերի և հաղորդումների հիման վրա կատարված վերլուծությունները։ Մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անգործության հետևանքով համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6.867.160.500 դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից։ Այսպես. Պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից շինարարության թույլտվությունների ժամկետների խախտման դեպքերով կատարվել են ժամկետների երկարաձգումներ, սակայն չեն կիրառվել նախահաշվային արժեքի 1 և 10 տոկոսների չափով վարչական տուգանքներ, այն դեպքում, երբ շինարարության թույլտվության ժամկետների խախտման համար օրենսդրությամբ նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ: Որոշ օբյեկտների մասով չեն ներկայացվել նաև օտարման վերաբերյալ դատական հայցեր, այնինչ դրանք ենթակա էին օտարման։ Հարկ է նշել, որ որոշ դեպքերում քաղաքացիները նախազգուշացվել են շինարարության թույլտվության ժամկետի խախտման դեպքում վարչական պատասխանատվության մասին: Ընտրանքային կարգով առանձնացվել են թվով 43 խոշոր օբյեկտներ, որոնց նախահաշվային գները կազմել են 56.488.732.400 ՀՀ դրամ, որի համապատասխան տուգանքները կազմել են 6.213.760.500 ՀՀ դրամ, մինչդեռ 2011-2021թվականներին համայնքի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված վարչարարությունը չի իրականացվել և արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6.213.760.500 ՀՀ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից: Պարզվել է նաև, որ 2018-2021թթ. ընթացքում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով օրինականացվել են թվով 3337 ինքնակամ կառույցներ, որոնցից 2491-ի մասով ինքնակամ շինարարություն իրականացրած անձինք վարչական պատասխանատվության չեն ենթարկվել, մինչդեռ ինքնակամ շինարարության իրականացման համար օրենսդրությամբ նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ: Արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ ևս 653.400.000  ՀՀ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից: Երևանի քաղաքապետարանում իրականացված հիշյալ մշտադիտարկումներով հայտնաբերված առերևույթ խախտումների վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է  նաև 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն, որի  արդյունքում հայտնաբերվել էին շուրջ 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ։ Ուսումնասիրության արդյունքներն  ամփոփվել և ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։
16:11 - 22 օգոստոսի, 2022
ՊՎԾ-ն տվյալներ ունի Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի խախտումներով համայնքային հողատարածքների օտարման մասին

ՊՎԾ-ն տվյալներ ունի Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի խախտումներով համայնքային հողատարածքների օտարման մասին

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքերի մասին, մասնավորապես. 1. Երևանի նախկին քաղաքապետի 2017թ. որոշմամբ քաղաքացի Կ.Հ.-ին 1.921.300 դրամ արժեքով օտարվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ա. Շահինյան փողոցի 1-ին նրբանցքում գտնվող 424.7քմ մակերեսով հողամասը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ուղղակի վաճառքի հիմքը՝ վաճառված 424.7քմ մակերեսով հողամասի դեպքում առկա չի եղել. հողամասը գտնվում է փողոցների խաչմերուկում, կառուցապատման 1-ին գծում՝ փողոցին անմիջապես հարող հատվածում, ունի շուրջ 31.1մ փողոցին հարող երկարություն և 20.37մ լայնություն, ուստի այն ամբողջությամբ հանդիսանում էր առանձին գույքային միավոր և պետք է օտարվեր հրապարակային սակարկության՝ աճուրդի եղանակով: Պարզվել է նաև, որ վաճառված հողամասին հարակից գտնվող 431.3քմ մակերեսով հողամասը նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 32.500 դրամով, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով օտարված հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 4.500 դրամ, այսինքն՝ շուրջ 7.2 անգամ էժան: 2. Երևանի նախկին քաղաքապետի 2017թ. մեկ այլ որոշմամբ քաղաքացի Ա.Ա.-ին 3.206.020 դրամ արժեքով օտարվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ա. Շահինյան փողոցի 1-ին նրբանցքում գտնվող 708.67քմ մակերեսով հողամասը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ուղղակի վաճառքի հիմքը՝ վաճառված 708.67քմ մակերեսով հողամասի դեպքում առկա չի եղել. հողամասի երկու հողակտորներն էլ գտնվում են կառուցապատման 1-ին գծում՝ փողոցին անմիջապես հարող հատվածում, ունեն համապատասխանաբար շուրջ 35մ երկարություն, 11մ լայնություն և շուրջ 43մ երկարություն, 7.5մ լայնություն, ուստի այն ամբողջությամբ հանդիսանում էր առանձին գույքային միավոր և պետք է օտարվեր հրապարակային սակարկության՝ աճուրդի եղանակով: Օտարված հողամասում և հարակից հողամասերում արդեն իսկ իրականացված են կառուցապատման աշխատանքներ (առկա էին թաունհաուսներ): Պարզվել է նաև, որ վաճառված հողամասին հարակից գտնվող 431.3քմ մակերեսով հողամասը նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 32.500 դրամով, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով օտարված հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 4.500 դրամ, այսինքն՝ շուրջ 7.2 անգամ էժան: Գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ Երևանի քաղաքապետարանում իրականացված վերահսկողությամբ հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։
11:15 - 19 օգոստոսի, 2022