Այդ հաշվարկը մեր կողմից թերի է եղել, չենք հաշվարկել, որ Թուրքիայի ԶՈՒ-ն կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամնեը 25-45կմ հեռավորության վրա․ Տոնոյան
14:13 - 01 օգոստոսի, 2023

Այդ հաշվարկը մեր կողմից թերի է եղել, չենք հաշվարկել, որ Թուրքիայի ԶՈՒ-ն կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամնեը 25-45կմ հեռավորության վրա․ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն Ազգային ժողովում է՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովի հրապարակային աշխատանքներին մասնակցելու համար Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր, միջնորդությունը բավարարվել էր: Տոնոյանը ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին՝ բաց ձեւաչափով, միաժամանակ այսօրվա նիստում նա նշեց, որ որոշ դրվագների անդրադառնալու համար փակ նիստի կարիք է լինելու։

ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Դավիթ Տոնոյանին հիշեցրեց, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը բազմիցս հայտարարել է, որ պատերազմի 3-րդ օրը ՀՀ անվտանգության խորհրդի նիստում զեկուցել է, որ ՀՀ ԶՈՒ-ն ունակ չէ կանգնեցնել թշնամու ագրեսիան, եւ պնդել է, որ պատերազմն անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով։ Քոչարյանը Տոնոյանին խնդրեց մանրամասնել այս մասին։

Նախկին նախարարը, նշելով, որ ինքն այս պահին դատական գործընթացում է, ասաց, որ կարող է շատ զգույշ պատասխանել․ «Ես հաստատ հիշում Եմ, որ այդպիսի խոսակցություն եղել է ԱԽ-ում։ Չգիտեմ՝ որ մասն է հրապարակել ԱԽ-ն, այդպիսի խոսակցություն եղել է նաեւ այլ ձեւաչափերով, եւ դրա վերաբերյալ առաջին զեկույցը սպասել եմ ես։ Դուր է եկել ինձ այդ զեկույցը, դու չի եկել, բայց մենք պարտավոր էինք վարչապետին եւ ԱԽ-ին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավվածությունը, որը մեզ համար տեսանելի էր»,- ասաց Տոնոյանը՝ նշելով, որ երրորդ կողմը Թուրքիան է եղել․

«Այդ ներգրավումն իրականացվում էր ոչ թե նախիջեւանյան ուղղությամբ կամ ՀՀ սահմանի ուղղությամբ, այլ, այսպես ասած, ձիու քայլով արցախյան թատերաբեմում։ Այդ հաշվարկը մեր կողմից թերի է եղել, մենք չենք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի զինված ուժերն անմիջապես կարող են հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամնեը 25-45կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարցրեց՝ ինչի՞ց է բխել այն կանխատեսումը, որ Թուրքիան կարող է չներգրավվել, գուցե դրա պատճառը մեր ռազմավարական դաշնակցի դիրքորոշումներն ու քննարկումնե՞րն են եղել․ «Ես վստահ եմ՝ այդպիսի քննարկումներ պետք է որ եղած լինեին տարբեր մակարդակներում, ի՞նչն էր մեզ այդքան հանգիստ պահել, որ մենք չենք ունենալու մի իրավիճակ, որ Թուրքիան ամբողջությամբ կներգրավվեր այս խնդրի մեջ»,- հարցրեց պատգամավորը։

Տոնոյանն ասաց՝ հանգիստ չեն եղել, անհանգիստ են եղել․ «Երկրորդը՝ երկու շրջափուլ ռազմավարական վերանայման գործընթացի եւ սպառնալիքների հնարավորինս ճշգրիտ գնահատման պրոցես է իրականացվել 2008-10 եւ 2016-18 թվականներին։ Սպառնալիքների գնահատման ընթացքում մենք գնահատում ենք մեր դաշնակցային հարաբերությունները։ Ինչ վերաբերում է իրական վիճակին, ինչը կատարվեց, վերջին սպառնալիքների գնահատման շրջափուլի ընթացքում աշխարհաքաղաքական այդպիսի պրոցեսներ չէին ընթանում»,- նշեց նախարարը՝ ասելով, որ մնացյալը կասի փակ նիստում։ Նա եւս մեկ անգամ նշեց, որ հաշվի են առել դաշնակցի հանգամանքն ու այն դաշինքը, որում եղել ենք։

Տոնոյանը նաեւ հավելեց, որ ռազմական գործողությունների սկսումը միշտ գնահատվել է կամ լիովին հավանական կամ խիստ հավանական․ «Հուլիսյան դեպքերից հետո հակառակորդի եւ նրա դաշնակցի հայտարարությունների առումով [ռազմական գործողությունների սկսումը] սկսեց գնահատվել խիստ հավանական։ ԶՈՒ ԳՇ-ն, խիստ հավանական գնահատելով ռազմական գործողությունների վերսկսումը, իրականացրել է համապատասխան միջոցներ՝ բավականին ծավալուն, ես հուսով եմ, որ ԳՇ պետն այդ գործողությունները ներկայացրել է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել