hetq.am: Ռումինական «Տարոմ» ավիաընկերությունն այս տարվա ապրիլից իրականացնում է Բուխարեստ-Երևան-Բուխարեստ չվերթը, բայց ուղևորները զրկված են սպասարկումը բողոքարկելու և փոխհատուցում ստանալու իրենց իրավունքից։
Եվրամիության բոլոր ավիաընկերությունները ենթարկվում են ուղևորների փոխհատուցման վերաբերյալ կարգավորմանը, ըստ որի թռիչքի ուշացման, հետաձգման կամ չեղարկման դեպքում ուղևորը ստանում է դրամական փոխհատուցում։
Մասնավորապես, այս կարգավորումը սահմանում է, որ 1500 կմ կամ ավելի քիչ հեռավորությամբ թռիչքների ուշացման, հետաձգման դեպքում ուղեւորը ստանում է 250 եվրո փոխհատուցում, 1500-3000 կմ թռիչքների դեպքում՝ 400 եվրո, իսկ 3000կմ-ը գերազանցողների դեպքում՝ 600 եվրո փոխհատուցում։
Ուղևորների փոխհատուցման նշված կարգավորումը հիմք ընդունելով՝ ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում ստեղծվել են միջնորդ ընկերություններ, որոնք ուշացած կամ չեղարկված թռիչքների ուղևորներին օգնում են ավիաընկերությունից փոխհատուցում ստանալ՝ միջնորդավճարի դիմաց։
Հայաստանում գործող Passenger.am-ը նույնպես մատուցում է ուղևորների խախտված իրավունքները նյութական փոխհատուցման միջոցով վերականգնելու ծառայություններ։ Ընկերությանը դիմել է Երևան-Բուխարեստ չվերթից օգտված մի ուղևոր, ով ցանկացել է բողոքարկել իր ուշացած թռիչքը։ Երբ ռումինական «Տարոմ» ավիաընկերության պաշտոնական էջում փորձել են լրացնել բողոքարկման և փոխհատուցում ստանալու դիմումը, պարզվել է, որ այդ հնարավորությունը տրված է բոլոր ուղղություններով մեկնողներին՝ բացի Երևանից։
Մասնավորապես, բողոք-դիմումի հայտում Երևանը բացակայում է՝ որպես ուղղություն։ Ստորև պատկերում կարող եք տեսնել ինքներդ․
comment.count (0)