«Մայր Հայաստան» դաշինքը խիստ մտահոգություն է հայտնում եւ դատապարտում զանգվածային անկարգություններին մասնակցելու կեղծ հոդվածով տասնյակ քաղաքացիների դեմ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելը եւ բողոքի ակցիաների հարյուրավոր մասնակիցների բերման ենթարկելը։ Այս մասին հայտարարություն է տարածել դաշինքը։
«Հատկապես դատապարտելի են ակնհայտ քաղաքական ենթատեքստով եւ ընդգծված բռնություն կիրառելով բերման ենթարկելու, ձերբակալելու եւ կալանավորելու դեպքերը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի հանդեպ խոշտանգումն ու շինծու մեղադրանքով կալանավորումը նշվածի ակնհայտ դրեւորումն են։ Անընդունելի է լրագրող Դավիթ Սարգսյանի ձերբակալությունը՝ խուլիգանության ակնհայտ կեղծ մեղադրանքով։ Անթույլատրելի է անհնազանդության ակցիաների մասնակից Տաթեւիկ Վիրաբյանի՝ զոհված զինծառայող Գեւորգ Վիրաբյանի քրոջ, կալանավորումն իբրեւ թե բռնության կոչերի համար։ Դաշինքը դատապարտում է պատգամավորներին ու լրագրողներին բերման ենթարկելու գործելաոճը։
Բողոքի եւ անհնազանդության խաղաղ ցույցերի մասնակիցների հանդեպ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու գրեթե բոլոր միջնորդությունների՝ դատարանների կողմից բավարարումը գնահատում ենք որպես գործադիր իշխանության հրահանգների կատարում դատավորների կողմից, ինչը խաթարում է պետության բնականոն գործունեությունը։
«Մայր Հայաստան» դաշինքն անընդունելի է համարում բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցարարների հանդեպ կիրառվող ծեծն ու խոշտանգումը, որն ուղեկցվում է մարդկանց արժանապատվությունը վիրավորող հայհոյանքներով։ Կոչ ենք անում ոստիկանությանը զերծ մնալ նման հակաօրինական գործելաոճից։ ՀՀ քննչական կոմիտեին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կոչ ենք անում պատշաճ իրավական գնահատական տալ կատարվածին եւ ապօրինություններից պաշտպանել տուժածների իրավունքները։
«Մայր Հայաստան» դաշինքը հետեւողական է լինելու, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ եւ ապահովվի քաղաքացիների ազատ արտահայտվելու իրավունքի լիարժեք իրացումը։
Տեղի ունեցողը եւս մեկ անգամ հաստատում է օրվա հրմայականը՝ իշխանափոխություն»,- նշվում է հայտարարության մեջ։
comment.count (0)