Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարները դատապարտել են Գազայում Իսրայելի գործողությունները |armenpress.am|
14:11 - 12 նոյեմբերի, 2023

Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարները դատապարտել են Գազայում Իսրայելի գործողությունները |armenpress.am|

armenpress.am: Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների ղեկավարները Էր Ռիադում կայացած գագաթնաժողովի արդյունքներով վճռականորեն դատապարտել են Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունը՝ պահանջելով դրա անհապաղ դադարեցում, տեղեկացնում է Interfax-ը։

«Մենք դատապարտում ենք Գազայի հատվածի դեմ իսրայելական ագրեսիան և ռազմական հանցագործությունները, ինչպես նաև բարբարոսական, անմարդկային և դաժան զանգվածային սպանությունները, որոնք գաղութային օկուպացիոն կառավարության կողմից իրականացվում են հատվածի և Պաղեստինի ժողովրդի դեմ օկուպացված Արևմտյան ափին, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմը: Մենք պահանջում ենք անհապահ դադարեցնել այդ ագրեսիան»,-  ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ բանաձևում։

Դրանում ընդգծվում է, որ «Իսրայելի հետ խաղաղության և նորմալ հարաբերությունների հաստատման նախապայմանը նրա կողմից պաղեստինյան և արաբական բոլոր տարածքների օկուպացիայի դադարեցումն է»:

Դա, մասնավորապես, ենթադրում է «1967 թվականի հունիսի 4-ի սահմանների հիման վրա անկախ, լիովին ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով», ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի անօտարելի իրավունքների վերականգնումը, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948 թվականի բանաձևի:

Գագաթնաժողովի մասնակիցները հայտարարել են, որ միջազգային հանրությունը պետք է սկսի «լուրջ խաղաղ գործընթաց երկու պետությունների համակեցության մասին որոշում կայացնելու համար, որը բավարարում է պաղեստինցի ժողովրդի բոլոր օրինական իրավունքները»:

Նրանք Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը անվանել են Պաղեստինի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչը և կոչ են արել պաղեստինյան բոլոր խմբակցություններին և կուսակցություններին միավորվել նրա հովանու ներքո:

Բանաձևում նաև նշված է Գազայի պաշարումը վերացնելու և հատված մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունների անհապաղ անարգել մուտքն ապահովելու պահանջը:

Բացի այդ, ԻՀԿ-ի անդամները կոչ են արել բոլոր երկրներին «դադարեցնել զենքի և զինամթերքի արտահանումը օկուպացիոն իշխանություններին, որոնք իրենց բանակի և վերաբնակիչ-ահաբեկիչների կողմից օգտագործվում են պաղեստինցի ժողովրդին սպանելու և նրա տները, հիվանդանոցները, դպրոցները, մզկիթները, եկեղեցիները ոչնչացնելու համար»:

Նրանք նաև կտրականապես դեմ են արտահայտվել «պաղեստինցի ժողովրդի տեղահանման, արտաքսման կամ վտարման փորձերին՝ լինի դա Գազայի հատվածի, Արևմտյան ափի, ներառյալ՝ Երուսաղեմը, սահմաններում, թե դրանց տարածքների սահմաններից դուրս՝ ցանկացած ուղղությամբ»՝ նշելով, որ այդ փորձերը ռազմական հանցագործություն են:

«Կոչ ենք անում Միջազգային քրեական դատարանի դատախազին ավարտել բոլոր օկուպացված պաղեստինյան տարածքներում, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմը, Իսրայելի կողմից Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների հետաքննությունը»,- ասված է բանաձևում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել