Վավերագրական ֆիլմերի ամենահեղինակավոր փառատոներից մեկի` «Միջազգային փաստավավերագրական փառատոն-Ամստերդամ»-ի (IDFA) մրցանակաբաշխության ժամանակ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաև արժանացել FIPRESCI մրցանակի: «Լավագույն ֆիլմ» մրցանակը տրվում է տարվա լավագույն դոկումենտալ ֆիլմին։
Ժյուրին այսպես է նկարագրել ֆիլմը՝ որպես «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթող․ «Ֆիլմ, որը նման է ներս թափանցող լույսի. տեսանելի է դարձնում վշտի թաքնված հսկայական ներքին լանդշաֆտը՝ անտանելի բացակայությունից ստեղծելով իրական ներկայություն։ Կինոն որպես գոյատևման գործիք, որը մեզ բոլորիս թույլ է տալիս առերեսվել նրան, ինչը կնախընտրեինք չտեսնել։ Եվ վերջապես, սա կինոյի անմոռանալի՝ սիրո դրսևորման օրինակ է»:
«FIPRESCI»-ը շնորհվում է կինոքննադատների և կինոմամուլի մասնագիտական հեղինակավոր համաշխարհային ընկերակցության կողմից։
«FIPRESCI» մրցանակի շնորհման հրապարակման նկարագրությունում ժյուրիի կարծիքի մեջ նշվում է․ «Ֆիլմը, որին շնորհել ենք մրցանակը, բացահայտում է սերնդի ձայնը, այն սերնդի, որը համերաշխ է տեսախցիկի հետ նույնիսկ իր ամենաինտիմ և խոցելի պահերին՝ առաջին դեմքի տեսանկյունից օրգանիկ կերպով անցնելով ընտանեկան ռեզոնանսի լուռ դիտարկում։ Մենք հիացած ենք Շողակաթ Վարդանյանի դեբյուտային 1489 ֆիլմի ինքնավարությամբ և հզոր փորձառություն ստանձնելու հրատապ ջանքով»:
Ֆիլմի սյուժեի ժամանակագրական շրջանակը 44-օրյա պատերազմն է։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը, անդրադառնալով մրցանակներին, գրել է․ «Հայ կինոյի փառատոնային պատմության մեջ աննախադեպ ձեռքբերում բոլորիս համար, որը մի նոր նշաձող է սահմանում հայ ու միջազգային կինոռեժիսորների ու ստեղծագործողների համար: Հայաստանի ազգային կինոկենտրոնը ջերմորեն շնորհավորում է Շողակաթ Վարդանյանին և ֆիլմի ամբողջ ստեղծագործական կազմին մաղթելով մեծ ու նշանակալի նոր հաջողություններ»։
comment.count (0)