Փաստաբան չհանդիսացող անձը մի շարք քաղաքացիներից խաբեությամբ տարբեր չափերի հափշտակություն է կատարել․ նախաքննությունն ավարտվել է
20:57 - 05 հունվարի, 2024

Փաստաբան չհանդիսացող անձը մի շարք քաղաքացիներից խաբեությամբ տարբեր չափերի հափշտակություն է կատարել․ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 33-ամյա բնակիչը, չհանդիսանալով փաստաբան և ՀՀ փաստաբանների պալատի անդամ, չունենալով փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրին կից՝ Հր. Ներսիսիյան փողոցում գտնվող մեկ հարկանի շենքին փակցրել է գովազդային վահանակ «Օմերտա» փաստաբանական գրասենյակ անվամբ։
 
Վերջինս, չունենալով փաստաբանի կարգավիճակ, հիմնել է նաև «Օմերտա փաստաբանական գրասենյակ» անվանումը կրող ՍՊ ընկերությունը, որի անվան ներքո, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ներգրավելով հաճախորդների, կատարել է մանր և խոշոր չափերի խարդախություններ:
 
«Մասնավորապես, 2020 թ․ դեկտեմբերից 2022 թ․ օգոստոսն ընկած ժամանակահատվածում, շուրջ մեկ տասնյակ անձ, նկատելով «Օմերտա» փաստաբանական գրասենյակ անվամբ գովազդային վահանակը, կարծելով, որ հանրային վայրում տեղադրված լինելու պայմաններում ողջամտորեն պետք է համապատախանի իրականությանը, ներս են մտել և ծանոթացել 33–ամյա տղամարդու հետ։ Վերջինս, ներկայանալով պրոֆեսիոնալ գործունեություն իրականացնող արտոնագրված փաստաբան, նաև ընկերության տնօրեն, առաջարկել է փաստաբանական ծառայություններ մատուցելու պատրվակով գումարի դիմաց համագործակցել և պայմանագիր կնքել իր և ընկերության հետ։ Մասնավորապես, պետական և ոչ պետական մարմիններից փաստաթղթերի հավաքագրման, հայցադիմում կազմելու և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում ներկայացնելու համար վերջիններից պահանջել է մանր և խոշոր չափերի գումար։ Քաղաքացիներին մոլորության մեջ գցելով՝ 33-ամյա տղամարդը վստահեցրել է, որ կլուծի նրանց իրավական խնդիրները, վերջիններս էլ վստահելով նրան՝ վճարել են պահանջված գումարները։
 
Խաբեությամբ գումարին տիրանալը քաղաքացիաիրավական գործարքի ներքո քողարկելու համար 33-–ամյա տղամարդը կնքել է փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագրեր, սակայն դրանցում նշված որևէ գործողություն չի կատարել, որևէ փաստաբանական ծառայություն չի մատուցել՝ խաբեությամբ հափշտակելով նշված գումարները։
 
Բացի դրանից՝ 33-ամյա տղամարդը, հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող՝ «Օմերտա» ՍՊ ընկերության մշտապես գործող արբիտրաժային տրիբունալի արբիտր, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և ուրիշ անձի օգտին օգտագործելու նպատակով, 2021 թ․ օգոստոսին կայացրել է ակնհայտ կեղծ տվյալներ պարունակող՝ իրավունք վերապահող արբիտրաժային տրիբունալի վճիռ, որը ներկայացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան և դատարանի կողմից տրվել է կատարողական թերթ։ Դրա համաձայն՝ պետք է հօգուտ քաղաքացու՝ դասընկերոջից բռնագանձվեր պարտավորության չկատարված գումար: ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք է կիրառվել վերջինիս պատկանող գույքի և դրամական միջոցների վրա և որոշում է կայացվել նրան պատկանող գույքը՝ հարկադիր աճուրդով իրացնելու մասին, այդ կերպ նրա իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
 
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 33-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ խարդախությամբ տարբեր չափերի գումարներ հափշտակելու (7 դրվագ), առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու համար։
 
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել