armeniasputnik.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չի շտապում մեկնաբանել փոխնախարար Անի Իսպիրյանի ձերբակալության լուրը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը շեշտեց՝ պետք է առաջնորդվել անմեղության կանխավարկածով. քանի դեռ մեղադրական դատավճիռ չկա, մարդը չի կարող համարվել մեղավոր։
Նախարարը հիշեցրեց, որ 2021 թվականի հունվարի 29-ին էկոնոմիկայի նախարարությունում կրկին աղմկահարույց ձերբակալություններ եղան, սակայն 3 տարի անց էլ ձերբակալված կամ բերման ենթարկված մարդկանց վերաբերյալ դատական վճիռ չկա։ Առաջարկեց սպասել՝ մինչև քննչական գործողությունների ավարտը։
«Առաջին դրվագը, որը վերաբերում է Անի Իսպիրյանին, այդտեղ 2 կարևոր արտահայտություն բացակայում է՝ կաշառք բառը կամ այլ կերպով մոտիվացված լինելը և չկա բյուջեի փողերի ծախս։ Ուստի իմ համար լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, թե ինչ է նշանակում չարաշահում»,- ասաց Քերոբյանը։
Նա շեշտեց՝ տենդերային գործընթացն անընդհատ եղել է իրավաբանների, մյուս գործընկերների, այդ թվում՝ ֆինանսների նախարարության հսկողության տակ։ Ավելի քան վստահ է, որ դատարանով էլ, քննությամբ էլ կպարզվի, որ գնումների մասին և դրա հետ փոխկապակցված օրենքների որևէ խախտում չի եղել։
«Պետք է հասկանանք, թե քննչական կոմիտեի գործընկերներն ինչ են հասկանում «չարաշահում» ասելով։ Պետք է բացատրեն, թե «առերևույթ կոռուպցիոն»-ը որն է։ Դա պետք է լինի կաշառք կամ իր բարեկամին ինչ-որ տենդեր նվիրել, դրա ներքո փողերի տեղաշարժ, որը չկա»,- ասաց Քերոբյանը։
Նա նաև նշեց, որ գործի շրջանակներում իրեն չեն հարցաքննել։
Հիշեցնենք՝ ըստ ՀՀ ԱԱԾ հաղորդագրության՝ ձերբակալվել է Էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետը՝ կաշառառության կասկածանքով, գործով բերման են ենթարկվել շուրջ մեկ տասնյակ անձինք։
comment.count (0)