Հունիսի 29-ին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Համաժողովի 44֊րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՊԳԿ միջև ներկայիս համագործակցության ընթացքը, ինչպես նաև դրա ընդլայնման հեռանկարները:
Նախարար Պապոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է հետևողական և համակարգված քայլեր՝ նպատակ ունենալով ամրապնդել պարենային անվտանգությունը, խթանել գյուղատնտեսության արդիականացումը և առավել արդյունավետ կիրառել նորարարական լուծումները ոլորտի շարունակական զարգացման համար։
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են արագացնել Երևանում կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի նշանակման հարցի աշխատանքները, քննարկել են թվային գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև մտքեր փոխանակել 2026թ.-ին Հայաստանում անցկացվող COP17-ի կազմակերպման աշխատանքների մասին։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների։
comment.count (0)