ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել են Թբիլիսի։ Այս մասին տեղեկանում ենք Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջից:
«Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։
Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց թողնել հայկական կոնյակով (հայկական բրենդի) բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա, ևս 72 մեքենա բաց կթողնվի առաջիկա յոթ օրվա ընթացքում, իսկ դրան կհաջորդի լրացուցիչ 24 մեքենայի բացթողում։
Միևնույն ժամանակ, հայկական կողմից կապահովվի շշալցված կոնյակով բեռնված մեքենաների անխոչընդոտ տրանզիտային ելքը դեպի Վրաստան։
Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն՝ այսուհետ հայկական շշալցված կոնյակի (հայկական բրենդիի) արտահանման գործընթացի կազմակերպման վերաբերյալ՝ փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով։
Բանակցությունների արդյունքների և հետագա քայլերի վերաբերյալ մանրամասները գործարար համայնքին կներկայացվեն աշխատանքային կարգով։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը»,- նշված է գրառման մեջ։
comment.count (0)