aravot.am: «Մի քանի ամիս առաջ հանդիպեցի Դավիթ Յանի (ABBYY ընկերության հիմնադիր) հետ, որի հետ խոսակցությունը հեղափոխական ազդեցություն ունեցավ ինձ վրա։ Ես հասկացա, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր խոշոր բիզնեսին եւ խորհրդատվական ընկերություններին պատմենք աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական հեղափոխության մասին, փորձենք այնպես անել, որ մեր ընկերությունները ոչ թե վերջում, այլ սկզբում օգտագործեն այս տեխնոլոգիական հնարավորությունները»,- այս մասին այսօր «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ աշխարհում արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե էլեկտրականության կամ ինտերնետի գյուտի հետ, այլ՝ գրերի գյուտի հետ եւ սա նշանակում է, որ այն շրջադարձային նշանակություն ունի մարդկության եւ տնտեսությունների համար։
«Այս համաժողովը կարեւոր է նրանով, որ այն համընկնում է մեր տնտեսական քաղաքականության նպատակի հետ, որը աշխատանքի արդյունավետության բարձրացումն է։ Արհեստական բանականությունը միջազգային բոլոր խորհրդատվական գիտական կենտրոններում համարվում է արտադրողականության խթանման հզոր գործոն։ Ես կոչ եմ անում, որ բիզնեսը համաժողովին վերաբերվի որպես լավ հնարավորություն մոդեռնիզացիայի եւ արտադրողականությունը բարձրացնելու համար, եւ քայլեր ձեռնարկի աշխարհի մակարդակով մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց Քերոբյանը։
Նա հիշեցրեց, որ կառավարությունը հաստատել է մի ծրագիր, որով ընկերություններին սուբսիդիաների եւ դրամաշնորհների միջոցով աջակցում են թվային տրանսֆորմացիայի գնալ, այդ թվում՝արհեստական բանականության գործիքներն իրենց ընկերություններում կիրառելու համար։
comment.count (0)