Ըստ մեղադրանքի՝ Պեմզաշենում երեխաներից մեկին սպանել են մոր աչքի առաջ
20:59 - 06 մարտի, 2024

Ըստ մեղադրանքի՝ Պեմզաշենում երեխաներից մեկին սպանել են մոր աչքի առաջ

factor.am: Պեմզաշենում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստին այսօր բացման խոսքով հանդես եկավ մեղադրող Արեգ Խաչատրյանը՝ նկարագրելով մեղարյալներ Արկադի Բարսեղյանին և Վրույր Բարսեղյանին վերագրվող արարքները։

Մեղադրողի բացման խոսքից հետո մեղադրյալ Արկադի Բարսեղյանի պաշտպանները հայտարարեցին, թե նրան ներկայացված մեղադրանքն անհիմն է և մերկապարանոց, որ նրան վերագրվող արարքները չեն բխում գործի նյութերից: Արկադի Բարսեղյանն էլ հայտարարեց, որ ինքը դեպքի հետ կապ չունի։

«Ես կխնդրեմ՝ ինձ թող ստի դեդեկտորի աթոռին նստացնեն, ավելի լավ է՝ էդպես պարզեն, քան թե ենթադրություն անեն»,- ասաց Արկադի Բարսեղյանը։

Վրույր Բարսեղյանը պնդեց, թե ինքը սպանությունների հետ կապ չունի։ «Ես սպանության հետ գործ չունեմ, բռնաբարության մեղքն իմ վրա կվերցնեմ, արդեն ասել եմ՝ ինչն է իմ մեղքս, ես բռնաբարության մեղքն իմ վրա կվերցնեմ։ Եթե ես չբռնաբարեի, նույնն իմ հետ կեղներ, Զարինե Մելիքսեթյանի օրին կեղնեի»,- ասաց Վրույր Բարսեղյանը։ Հետո Վրույր Բարսեղյանն ասաց, թե ինքը ամբողջ կյանքում տուժել է հորեղբորորդի Արկադի Բարսեղյանի ու վերջինիս եղբոր պատճառով։

«Ես սաղ կյանքս ոչ մի բան չեմ ունեցել, ես միշտ Արկադի Բարսեղյանի հանդեպ տուժող եմ եղել, ես մի բան արել եմ, ինձ կանչել, ծեծել են, թե՛ ինքը, թե՛ իրա փոքր ախպերը»,- ասաց Վրույր Բարսեղյանը, ապա նշեց, որ ինքը ցանկանում է հանդիպում ունենալ դատախազի հետ, քանի որ կան հանգամանքներ, որոնց մասին ինքը չի կարող դատարանում խոսել, բայց մեղադրողին կասի:

Այս փուլի ավարտից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանն այլևս չթույլատրեց տեսանկարահանում, ձայնագրություն և ուղիղ հեռարձակում իրականացնել՝ նշելով, որ դատարանում վկաներ են հարցաքննվելու, և արդարադատության շահից բխում է, որ վկաները հնարավորություն չունենան լսելու այլ վկաների ցուցմունքները:

Ավելի մանրամասն՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել