Ձյան ծածկի առավելագույն բարձրությունն Արագածի մերձգագաթային մասում 156 սմ է. 24 ժամում որոշ շրջաններում թափվել է ամսական նորմայի չափ տեղում
12:17 - 20 մարտի, 2024

Ձյան ծածկի առավելագույն բարձրությունն Արագածի մերձգագաթային մասում 156 սմ է. 24 ժամում որոշ շրջաններում թափվել է ամսական նորմայի չափ տեղում

Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են դիտվել առատ տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ ձյան ծածկի առավելագույն բարձրությունն այս պահին Արագածի մերձգագաթային մասում կազմում է 156 սմ, Ջերմուկում՝ 85 սմ, Ամբերդում՝ 75 սմ, Մարտունիում՝ 58 սմ, մյուս լեռնային մարզերում՝ 20-50 սմ։

Հանրապետության առանձին շրջաններում 24 ժամում թափվել է ամսական նորմայի չափ տեղում։ Այսօրվա դրությամբ բոլոր մարզերում տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման և հիմնականում կազմում է նորմայի 150-200, առանձին հատվածներում մինչև՝ 276 տոկոսը։

Այս պահի դրությամբ հանրապետության առանձին շրջաններում տեղումները շարունակվում են։ Մարտի 20-ի կեսօրից հետո տեղումները կարճ ժամանակով կդադարեն։ Մարտի 21-ին Միջերկրական ծովի շրջաններից մեզ է մոտենում հաջորդ ցիկլոնը, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղումներ կվերսկսվեն, որոնք լեռնային մարզերում կրկին կլինեն ձյան տեսքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել