Օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը. հայտարարություն
11:34 - 07 մայիսի, 2024

Օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը. հայտարարություն

Պահպանողական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ  ՀՀ իշխանություններից պահանջում է օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը։

Հայտարարությունում ասվում է.

«Կիսելով հատվածական սահմանազատման դեմ ընդվզող քաղաքացիների արդար ցասումը,

Նկատի ունենալով, որ վերջին օրերին Հայաստանի հակառակորդները կրկին բարձրացնում են ՀՀ Սյունիքի մարզի տարածքում ռուս-թուրք-ադրբեջանական վերահսկողությամբ ճանապարհի տրամադրման թեման,

Հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում ռուսական զորքերի ներկայությունը ուժի սպառնալիք է և իրական գործիք հայ-ադրբեջանական սահմանազատումը ռուս-ադրբեջանական շահերին ծառայեցնելու, ՀՀ-ի դեմ կանխատեսվող ռուս-ադրբեջանական ագրեսիան սպասարկելու համար,

Պահպանողական կուսակցությունը ՀՀ իշխանություններից կրկին պահանջում է օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը։

Համոզված ենք, որ ռուսական զորքերը դուրս հրավիրելու արդյունքում իրապես կչեզոքացվի Սյունիքի ուղղությամբ ռուս-ադրբեջանական կանխատեսվող ներխուժման վտանգը, հնարավոր կլինի իրականացնել հայ-ադրբեջանական հավասարակշված, հիմնավորված, քարտեզագրված, արդարացի և ամբողջական սահմանազատում, որը հասարակության համար ընկալելի կլինի, չի խախտի ներքին խաղաղությունը, չի հանգեցնի զանգվածային ընդվզումների, անցանկալի բախումների։

Պահպանողական կուսակցությունն ամբողջական սահմանազատում իրականացնելու, ռուս-ադրբեջանական կանխատեսվող ագրեսիան կանխելու, ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան իրավունքները վերականգնելու նպատակ հետապնդող և հատվածական սահմանազատման դեմ արդարացի ընդվզող քաղաքացիներին և նախաձեռնություններին կոչ է անում իրենց պահանջների մեջ ներառել ռուսական ռազմակայանի և բոլոր ռուսական զորքերի անհապաղ դուրս հրավիրման հարցը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել