Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների ու օպերատորների իրավունքների խախտումների դեպքերի վերաբերյալ։
«Այսպես, մայիսի 16-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը մեկնել էր Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ համոզելու սահմանազատման դեմ պայքարող տեղի բնակիչներին բացել Կիրանց-Ոսկեպար փակված ճանապարհը, նկատելով, որ NewDay.am կայքի խմբագիր Անի Գևորգյանն ուղիղ հեռարձակում է իրականացնում, ագրեսիվ պահվածք է դրսևորել, վիրավորել լրագրողին, մեղադրել նրան պատվեր կատարելու և մանիպուլյացիաներ անելու մեջ ու պահանջել է դադարեցնել նկարահանումը։ Մայիսի 15-ին մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում ձեռնարկված ոստիկանական գործողությունների ժամանակ ավտոբուսը հարվածել է այդ իրադարձությունները լուսաբանող՝ Oragir.News կայքի լրագրող Անի Ներկարարյանին։
Մայիսի 14-ին Երևանում անցկացվող անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության մեքենան Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ հատվածում, հետիոտնային անցման վրա հարվածել է Mediahub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանին։ Նա ստացել է ոտքի վնասվածք, հետազոտություն անցել բժշկական կենտրոններից մեկում և դուրս գրվել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նույն օրը լեզվակռիվ է ծագել Ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանի և Antifake.am լրատվական կայքի թղթակից Հասմիկ Առաքելյանի միջև։ Երբ վերջինս «սրբապիղծ» է անվանել զոհված զինծառայողի ծնողի հետ անհարգալից խոսող ոստիկաններին, Ջոմարդյանը հակադարձել է՝ «սրբապիղծը դու ես, դու տականք ես, Հասմի՛կ Առաքելյան»։ Լրագրողը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, իսկ Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել։
Ի գիտություն ընդունելով, որ որոշ դեպքերում ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն է նախաձեռնվել կամ քրեական գործ է հարուցվել և արձանագրելով, որ սահմանազատման հետ կապված բողոքի ակցիաների սկզբից ի վեր տեղի են ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների 10 և ճնշումների 5 դեպքեր, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, վերահաստատում ենք մեր խորը մտահոգությունը ստեղծված իրավիճակի առնչությամբ ու կոչ ենք անում․
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
comment.count (0)