armenpress.am: Քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը պատշաճ վերլուծության չեն ենթարկվում, հատկապես՝ ինքնասպանությունները: Հունվարի 17-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՔԿՀ-ներում դատապարտյալի և կալանավորի մահվան դեպքերին:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ մահվան յուրաքանչյուր դեպք ցավալի է՝ հատկապես քրեակատարողական հիմնարկում, որտեղ պետությունն ունի անձի կյանքի երաշխավորման պոզիտիվ պարտավորություն:
«Յուրաքանչյուր դեպքով նախաձեռնել ենք վարույթ: Մի համակարգային կարևորագույն հարց կա: Այդքան դրա մասին խոսում եմ, բայց, ցավոք, խնդիրը շարունակում է մնալ արդիական: Մահվան դեպքերը` կլինեն ինքնասպանություն, թե հիվանդության հետևանքով, պատշաճ վերլուծության չեն ենթարկվում, հատկապես՝ ինքնասպանությունները: Առավելապես սահմանափակվում է հարցը անհատական դեպքերը քննելով, և վերջ: Մինչդեռ պետք է մանրամասն ուսումնասիրություններ կատարել` պատճառները վերլուծվեն, պայմանները վեր հանվեն, համակարգային կանխարգելման միջոցներ ձեռնարկվեն: Սա է կարևորագույն խնդիրը: Իսկ մեզ մոտ, ցավոք, ամեն ինչ ընթանում է անհատական մակարդակում: Դրա համար էլ արդյունավետ կանխարգելման միջոցները շարունակում են մնալ ոչ բավարար մակարդակի»,- ընդգծեց Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` իրենց կառույցը շարունակում է այդ ուղղությամբ աշխատել, որքանով իրենց իրավասությունն է բավարարում, որպեսզի նպաստեն այդ դեպքերի կանխարգելմանը:
Անդրադառնալով ՔԿՀ-ներում կալանավորի և դատապարտյալի մահվան դեպքերին, Թաթոյանն ասաց, որ անմիջապես պարզաբանումներ են պահանջել Արդարադատության նախարարությունից, քննչական մարմիններից:
«Այս պահին չունենք պատասխանները, բայց, իհարկե, մենք նույնպես ուսումնասիրությունները շարունակելու ենք, որպեսզի շարունակենք այդ կանխարգելիչ աշխատանքները»,- եզրափակեց Թաթոյանը:
comment.count (0)