1lurer.am: Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքային նվազագույն շեմը 18 տարեկանն է, բայց բացառություններով՝ 16 և 17 տարեկաններում: Նախագծով առաջարկում ենք օրենքներից հանել բոլոր այն կարգավորումները, որոնք վերաբերում են անչափահաս ամուսիններին կամ ամուսնություններին»,- տեղեկացրեց հիմնական զեկուցող, պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Նրա խոսքով՝ խնդիրը չի վերաբերում միայն եզդիական համայնքին, այլ այն իր ծավալներով շատ ավելին էր, քան պատկերացնում էին:
«Գրանցված ամուսնությունների թիվը անչափահասների շրջանում 18-ն է, օրինակ՝ 2018-ին, բայց միայնակ մայրերի դեպքում՝ 151-ը: Այս տվյալները մինչև 2023-ը գրեթե նույն տեմպերով շարունակվում են: Սա նշանակում է, որ մենք խնդիր ունենք ամուսնությունների տարիքային շեմի բարձրացմամբ, այսինքն՝ 18 տարեկանը թողնելը՝ առանց բացառությունների, նշանակում է, որ մենք այս խնդիրը մեծամասամբ օրենսդրական կարգավորմամբ կկարգավորենք, բայց խնդիրն ամբողջությամբ հնարավոր չէ լուծել միայն օրենսդրական կարգավորմամբ»,- ասաց պատգամավորը:
ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, կարևորելով ամուսնական տարիքի շեմի բարձրացումը, առաջարկեց նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցում անցնելիս ուշադրություն դարձնել մի փաստի՝ կլինեն դեպքեր, երբ կլինի կնոջ հղիություն, կամ երբ զույգն արդեն ունի երեխա, ապա այդ դեպքերի համար նախատեսել, որ թույլատրվի ամուսնության կնքումը օրինական ներկայացուցիչների համաձայնության պարագայում:
Ի պատասխան՝ Ռուստամ Բաքոյանը նկատեց՝ կարող են դա քննարկել առաջինից երկրորդ ընթերցում, բայց եթե գնանք այդ տրամաբանությամբ և հղիությունների դեպքում գրանցենք ամուսնությունները, կհանգենք նույն իրավիճակին, որն առկա է այս պահի դրությամբ:
«Նպատակը վաղ ամուսնությունները բացառելն է»,- ընդգծեց Բաքոյանը:
Նրա խոսքով՝ երբ ուսումնասիրություններ էին անում եզդիական համայնքում, շատերն ասում էին՝ այս համայնքում դա ազգային ավանդույթ է:
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ եզդիական համայնքում նման ազգային ավանդույթ գոյություն չունի, այլ եզդիների պետության բացակայության պայմաններում, որպես փակ համայնք, այս երևույթը ժամանակի ընթացքում եթե հայերի և մյուս ազգերի մոտ շատ արագ վերացել է, եզդիական համայնքի մոտ դա ավելի դանդաղ է տեղի ունեցել և հիմա էլ գոյություն ունի»,- ասաց պատգամավորը:
Բաքոյանի խոսքով՝ եզդիական համայնքում վաղ տարիքից ամուսնանալով՝ եզդի աղջիկները բառացիորեն զրկվում են դպրոց հաճախելուց, կրթություն ստանալուց, և, որպես եզդիական համայնքի ներկայացուցիչ, ինքը համոզված է՝ իր համայնքում պետք չէ, որ լինեն վաղ ամուսնություններ:
«Առհասարակ, ՀՀ քաղաքացիները չպետք է վաղ ամուսնանան, չպետք է կրթություն չստանան և չպետք է ունենան առողջական լուրջ խնդիրներ երիտասարդ տարիքում, և դրա հետևանքով ունենանք անառողջ և կրթություն չստացած քաղաքացիներ: ՀՀ-ին պետք է զարգացած, գրագետ և առողջ համայնք»,- նշեց Բաքոյանը:
Նա մտահոգություն հայտնեց նաև անչափահաս մայրերի շրջանում կատարված ուսումնասիրության վերաբերյալ, որ երեխաների մահացության դեպքերը ավելի շատ են, և այդ դեպքերը պետք է կանխել:
Հարակից զեկուցող, պետաիրավական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը կոչ արեց կողմ քվեարկել նախագծին՝ ելնելով երեխայի լավագույն շահից:
Օրենքների նախագծերը մշակվել են շահագրգիռ մարմինների հետ մի շարք աշխատանքային քննարկումների, խորհրդարանական լսումների իրականացման արդյունքում:
ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:
Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:
ԿԳՄՍ նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2023-2024 թթ. ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական դպրոցներում սովորող 1319 ազգությամբ եզդի աղջիկներից միայն 2023 թ. ընթացքում 171-ը դուրս է եկել կրթական համակարգից: Երեխաների՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու շարժն առավել ակնհայտ է ավագ դպրոցում. մասնավորապես 10-րդ դասարանում նախորդ տարիների համեմատ նկատվում է սովորողների 52,7% չափով նվազում, 11-րդ դասարանում՝ 69,5%, 12-րդ դասարանում՝ 88,2%:
Խնդիրը համատարած բնույթ է կրում, անչափահասների ամուսնությունն առկա է ոչ միայն ազգային փոքրամասնությունների, այլ նաև ազգությամբ հայերի շրջանում:
2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 30 անչափահասի ամուսնության ակտային գրանցում, իսկ 2023 թվականի ընթացքում՝ 27:
comment.count (0)