hetq.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ Սյունիքի մարզի գյուղերից մեկի 14 տարեկան մտավոր խնդիրներ ունեցող աշակերտի նկատմամբ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի իրականացրած սեռական ոտնձգության գործով։ Վերջինս եղել է նաև համայնքի ղեկավարը։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ պետությունը խախտել է երեխայի՝ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ պահելու, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքները և պարտավորեցրել՝ տուժող երեխային վճարել 32 հազ․ եվրո։
2012թ․ փետրվարի 23-ին երեխայի մայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանության բաժին։
2012թ․ փետրվարի 22-ին տուժող երեխայի դասընկերները վերջինիս հայտնել են, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը նրան է կանչում։ Դրանից առաջ ևս նմանատիպ մի քանի դեպք է եղել, և երեխայի դասընկերները կասկածել են, որ ուսուցիչը վատ նպատակներ ունի իրենց դասընկերուհու նկատմամբ, ուստի որոշել են հեռախոսով տեսանկարահանել։ Կարծելով, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը երեխային կանչել է, որպեսզի իր հետ սեռական հարաբերություններ ունենա, աշակերտները որոշել են իրականացնել ամբողջ գործընթացը տեսանկարահանելու իրենց ծրագիրը:
Աշակերտներից մեկը դռան արանքից նկատել է, թե ինչպես է ֆիզկուլտուրայի ուսուցիչը համբուրում և սեռական գործողություններ իրականացնում տուժող երեխայի հետ։ Տեսածից սարսափած՝ վազել է մի քանի դասարաններով, այդ թվում՝ տնօրենի աշխատասենյակ, որպեսզի օգնություն խնդրի։ Սակայն տնօրենը տեղում չի եղել, իսկ ուսուցիչներից ոչ ոք չի արձագանքել երեխային։
Հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ։ Տուժող երեխայի մայրը հայտնել է, որ համայնքի ղեկավարը, ով «Ֆիզկուլտուրա» առարկա է դասավանդել դպրոցում, հայտնի է եղել իր անպարկեշտ վարքագծով։ Արդեն գործի քննության ընթացքում երեխայի մայրը հայտնել է, որ իրենք ստացել են անանուն հեռախոսային սպառնալիքներ։ Երեխայի նկատմամբ սեռական բռնություն կիրառած ուսուցչի հարազատներից ևս սպառնալիքներ են հնչել, որպեսզի հրաժարվեն բողոքից։ Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ երեխայի հետ սեռական հարաբերություն են ունեցել։
2012թ. մարտի 6-ին համայնքի ղեկավար և ուսուցիչ Ա․ Գ-ին մեղադրանք է առաջադրվել՝ բռնաբարության հոդվածով։ Գործի քննության ընթացքում պարզվել է, որ նա սեռական հարաբերություններ է ունեցել երեխայի հետ նաև համայնքապետարանի շենքում։ Ինչպես նաև սեռական ոտնձգություն է իրականացրել այլ աշակերտների նկատմամբ։ Աշակերտներից մեկը նույնիսկ հղիացել է։
2012թ․ հուլիսին գործն ուղարկվել է մարզային դատարան՝ ըստ էության քննության, որն իրականացվել է դռնփակ։ 2013թ․ փետրվարին ուսուցիչը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները դատավճիռը թողել են օրինական ուժի մեջ։
Երեխայի ծնողները 2014թ․ փետրվարին 60 մլն դրամի ոչ նյութական վնասի հատուցման հայց են ներկայացրել պետության դեմ։
ՄԻԵԴ-ը գտել է, որ պետությունը չի ապահովել արդյունավետ պաշտպանություն դպրոց հաճախող երեխաներին (մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցողներին) սեռական բռնության վտանգի առումով, որը պետք է արտացոլվեր օրենքներով։ Բացի այդ, պատշաճ քայլեր չեն իրականացվել նման չարաշահումների կանխարգելման, հայտնաբերման և հաղորդման, ինչպես նաև երեխաների հետ շփման մեջ աշխատող անձանց ուսուցման նպատակով՝ խախտելով Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածից բխող պարտավորությունները (խոշտանգում կամ վատ վերաբերմունք)։ Հետևաբար արձանագրվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)