ՄԻԵԴ

Ստրասբուրգում 1959թ․ հիմնված միջազգային դատարան։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաեւ պետությունների ներկայացրած բողոքները քննելու միջոցով։

Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից եւ երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

Ընտանեկան բռնության գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել |hetq.am|

Ընտանեկան բռնության գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ խոշտանգման արգելքի խախտման համար: Ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է վճարել 26 000 եվրո փոխհատուցում, որից 24 000 եվրոն՝ ոչ նյութական վնասի, իսկ 2000 եվրոն՝ դատական ծախսերի համար: «Հետքը» դեռևս 2013թ. անդրադարձել էր այս պատմությանը: Հասմիկ Խաչատրյանը Գավառում հայտնի «բախտագուշակ» Վարսիկի հարսն էր: Վերջինիս որդին՝ Ս. Հակոբյանը, պարբերաբար բռնության է ենթարկել կնոջը՝ Հասմիկին: Երիտասարդ կնոջը պատճառվել էին մարմնական վնասվածքներ՝ ուղեղի ցնցում, քթի կոտրվածք, գլխի տրավմա, թմբկաթաղանթի պատռվածք և կոշտ, բութ առարկայի հետևանքով առաջացած ձախ ձեռքի և ազդրի հեմատոմա: 2013թ. հուլիսին Հ. Խաչատրյանի հաղորդման հիման վրա, երկու միջադեպերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ Ս. Հակոբյանին մեղադրելով այն բանի համար, որ խոշտանգել է իրենից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի (նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ): Այս հոդվածով նախատեսվում էր  3-7 տարվա ազատազրկում:  Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննութուն: Բացի թարմ վնասվածքներից, կնոջ գլխի, ձախ դաստակի և սրունքի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ սպիեր, որոնք առաջացել էին նախկինում նրա նկատմամբ բռնությունների հետևանքով: Նախաքննության ընթացքում Հ. Խաչատրյանը նույնիսկ ընդհատել էր առերես հարցաքննությունն ամուսնու հետ, քանի որ ամբողջ ընթացքում վիրավորել և սպառնացել էր կնոջը։ Դրանից հետո նրանց դստեր դպրոցի մոտ ամուսինը դարձյալ հայհոյել ու վիրավորել էր Հասմիկին, սական իրավապահներն այդ դրվագով հրաժարվել էին քրեական գործ հարուցել: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասութան դատարանը Հասմիկի ամուսնու արարքը վերաորակել էր՝ արձանագրելով, որ չի եղել կախվածության իրավիճակ և նշանակել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում (նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մաս): Սակայն, կիրառելով համաներման մասին որոշումը, Ս. Հակոբանն ազատվել էր պատժից:  Չէր բավարարվել նաև Հ. Խաչատրյանի քաղաքացիական հայցը՝ իր տառապանքների համար փոխհատուցման պահանջով: Դատական ակտը բողոքարկվել էր վերաքննիչ դատարան, սակայն մնացել էր անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելը մերժել էր: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ դեպքի պահին Հայաստանի ներպետական օրենսդրությունը չի տարբերակել ընտանեկան համատեքստում տեղի ունեցող բռնությունը և ոչ ընտանեկան բռնություն հասկացությունը: Ընտանեկան բռնությունն առանձին հանցագործություն չի հանդիսացել, ոչ էլ հատուկ քրեականացվել է որպես հանցագործության ծանրացուցիչ տարր: Հետևաբար, որևէ տարբերակում չի դրվել ընտանեկան բռնության և անձի նկատմամբ բռնության այլ ձևերի միջև, և այն քննարկվել է անձի առողջությանը վնաս պատճառելու կամ հարակից այլ դրույթներով։ Իսկ քրեական դատավարությանը մասնակցող անձանց համար հասանելի ընդհանուր պաշտպանական միջոցները ակնհայտորեն ոչ համարժեք կամ համեմատելի են եղել ընտանեկան բռնության համատեքստում անհրաժեշտ պաշտպանական միջոցներին: ՄԻԵԴ-ը նշել է, որ այն ժամանակ գործող օրենսդրական դաշտը չի համապատասխանել պետության ստանձնած պարտավորությանը` ստեղծելու և արդյունավետորեն կիրառելու ընտանեկան բռնության բոլոր ձևերը պատժող և զոհերի համար բավարար երաշխիքներ ապահովող համակարգ: Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրություն ընդունվել է միայն 2017թ.-ին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:18 - 13 դեկտեմբերի, 2024
Ներկայացվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ ՆԳ նախարարության իրականացրած քայլերը

Ներկայացվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ ՆԳ նախարարության իրականացրած քայլերը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Կիպրոսի պատվիրակության անդամ, ՄԻԵԴ-ի վճիռների կատարման հարցերով զեկուցող Կոնստանտինոս Էֆսթաթիոնի գլխավորած պատվիրակությանը։Հանդիպմանը մասնակցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ՆԳ նախարարն ընդգծել է, որ ՄԻԵԴ-ի վճիռների արդյունավետ կատարումը միջոց է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության առավել բարձր երաշխիք ապահովելու գործում:Անդրադառնալով մի շարք գործերով ՄԻԵԴ-ի վճիռներով արձանագրված խախտումներին՝ Արփինե Սարգսյանը մատնանշել է ՆԳ նախարարության մանդատի շրջանակում ինստիտուցիոնալ մեխանիզմներ ձևավորելու ուղղությամբ գործիքակազմերն ու անելիքները։Խոսելով համաչափ ուժի կիրառման ստանդարտի ներդրման մասին՝ ՆԳ նախարարն առանձնացրել է ԱԺ-ի կողմից Ոստիկանության գվարդիայի ձևավորման նախագծերի փաթեթի ընդունումը, ինչը թույլ կտա նոր մոտեցմամբ ապահովել հավաքների ազատության իրավունքի արդյունավետ իրացումը։ Այդ համատեքստում ՆԳ նախարարը կարևորել է անձնակազմի կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումները։ Արձանագրվել է, որ նախագծի մասով ստացվել է Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագիտական դրական գնահատականը:Բարձր գնահատելով ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ուղղությամբ ՆԳ նախարարության քայլերը՝ Կոնստանտինոս Էֆսթաթիոնը կարևորել է մի շարք ուղղություններով օրենսդրական դաշտի լավարկման գործընթացը՝ դրական գնահատելով մինչ այժմ կատարված աշխատանքը:Կողմերը քննարկել են վատ վերաբերմունքի առերևույթ դրսևորումների պատշաճ արձանագրման, ձերբակալվածների պահման վայրերի պայմանների բարելավման, ոստիկանության բաժինները տեսանկարահանող սարքավորումներով ապահովելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Քննարկման առարկա են դարձել նաև ընդդեմ Հայաստանի Հանրապետության խմբային գործերով ձեռնարկված միջոցառումների դրական արդյունքները:
20:09 - 11 դեկտեմբերի, 2024
Այժմ Ադրբեջանի դեմ հայցերը փոխադարձության սկզբունքով հետ կանչելու հարց չի քննարկվում. Եղիշե Կիրակոսյան
 |azatutyun.am|

Այժմ Ադրբեջանի դեմ հայցերը փոխադարձության սկզբունքով հետ կանչելու հարց չի քննարկվում. Եղիշե Կիրակոսյան |azatutyun.am|

azatutyun.am: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը հրաժարվում է մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն, ըստ որի Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում պատրաստ է միջազգային ատյաններից փոխադարձության սկզբունքով հայցերը հետ կանչել: Եղիշե Կիրակոսյանը վստահեցնում է՝ այժմ նման հարց չի քննարկվում: «Չեմ ուզում արտահայտել իմ դիրքորոշումը, որովհետև կստացվի՝ կմեկնաբանեմ, ճիշտ կլինի այս պահի դրությամբ զերծ մնալ: Հիմա աշխատում են, այս պահին նման հարց չկա դրված, շարունակվում են գործերի քննությունը, շարունակվում են ընթացակարգային քայլերը, որ անհրաժեշտ են հայցերի քննությունն ապահովելու համար», - ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու պահանջ Բաքուն է ներկայացնում, հարցն, ըստ ադրբեջանական կողմի, խաղաղության բանակցությունների նախագծի չհամաձայնեցված կետերից է, հայկական կողմը սա չի հերքել: Ավելին՝ Հայաստանից ամենաբարձ մակարդակով հայտարարվել է, որ խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում պատրաստ են դրան: «Կարծում եմ, որ կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է, որ ո՛չ իրենք մեր նկատմամբ, ո՛չ մենք իրենց նկատմամբ հայցեր՝ նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, պետք է չներկայացնենք և հրաժարվենք հայցերից փոխադարձաբար, ապագայում էլ նախորդի հետ կապված հայցեր չներկայացնենք և հույս ունենալ, որ ապագայում հայց ներկայացնելու առիթ չի լինի», - հայտարարել է վարչապետը: Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Եղիշե Կիրակոսյանը դեմ է հայցերը հետ կանչելու կառավարության մոտեցմանը, լրատվամիջոցներն անգամ նրա հնարավոր հրաժարականի մասին էին գրում: Արդյոք Կիրակոսյանն այս հարցով վարչապետ Փաշինյանի հետ վեճ ունեցե՞լ է և եթե ի վերջո Հայաստանի բանակցողները նման որոշում կայացնեն՝ հնարավո՞ր է հրաժարականի դիմում ներկայացնի: «Չեմ մեկնաբանում այդ հարցերը», - պատասխանեց նա: Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ, առաջինը վերաբերում է 44-օրյա պատերազմին և դրանից անմիջապես հետո եղած խախտումներին, երկրորդը՝ տարբեր փուլերում գերեվարված մարդկանց դատավարություններին և ապօրինի բանտարկության հարցերին, երրորդը՝ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցիների զինված ստորաբաժանումների ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներին, իսկ չորրորդը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած բոլոր խախտումներին, այն ներառում է նաև 2023 թվականի սեպտեմբերի արցախահայերի բռնի տեղահանության փուլը: Եվս մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, որը ներկայացվել է ռասսայական խտրականության բացառման կոնվենցիայի հիմքով։
17:23 - 09 դեկտեմբերի, 2024
Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից միջազգային դատարաններում ներկայացված գործերի ընթացքը |armenpress.am|

Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից միջազգային դատարաններում ներկայացված գործերի ընթացքը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ճեպազրույցի ընթացքում ներկայացրեց Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից միջազգային դատարաններում ներկայացված գործերի ընթացքը։ Կիրակոսյանը մանրամասնեց, որ Հայաստանի կողմից Եվրոպական դատարանում ներկայացված չորս միջպետական գանգատները վերաբերում են 44-օրյա պատերազմին, դրան հաջորդած ժամանակահատվածին և մարդու իրավունքների կոպիտ խախտումներին․ գերիների նկատմամբ խախտումներ և ապօրինի դատական գործընթացներ, ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներկայություն Հայաստանի ինքնիշխան տարածքում, դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներ,  Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանություն և Լաչինի միջանցքի արգելափակման ընթացքում տեղի ունեցած իրադարձություններ։ «Գանգատներից մեկը վերաբերում է բուն 44-օրյա պատերազմին։ Արդեն հաղթահարել ենք գրավոր ընթացակարգերը՝ թե՛ Հայաստանն է ներկայացրել իր դիրքորոշումները, թե՛ ադրբեջանական կողմը։ Դա նշանակում է, որ մենք արդեն ակնկալում ենք դատարանի բանավոր հրապարակային լսումներ մեծ պալատի կազմով։ Թե երբ դատարանը կհրավիրի լսումները, չեմ կարող ասել»,- ասաց Կիրակոսյանը։ Նա հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանության վերաբերյալ գանգատը վերջնականապես ամփոփվել և ներկայացվել է այս տարվա սկզբին՝ հաշվի առնելով, որ Լեռանային Ղարաբաղից բռնի տեղահանման գործընթացը շարունակվում էր մինչև 2023 թվականի վերջ։  «Գանգատն ամփոփը ներկայացրել ենք միայն այս տարի, որովհետև ծավալուն է։  Դրա համար ժամանակային առումով գործը մի փոքր ավելի ուշ է քննվելու»,- ասաց Կիրակոսյանը։ Կիրակոսյանը հիշեցրեց նաև, որ Հայաստանը 2021 թվականին Արդարադատության միջազգային դատարան ներկայացրել է հայցադիմում՝ հիմնվելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի վրա։ «Հայցադիմումից բացի, ներկայացրել ենք նաև ժամանակային միջոցների կիրառման մասին հինգ պահանջ, որոնից երեքով Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել Ադրբեջանի նկատմամբ կիրառել կոնկրետ ժամանակային միջոցներ։ Նաև այս դատարանում գործի քննությունն ընթացավ առարկությունների, նախնական առարկությունների փուլով, որը տեղի ունեցավ հրապարակային լսումների տեսքով 2024 թվականի ապրիլին, որի ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը միմյանց գործերի շրջանակներում ներկայացրեցին առարկությունները դատարանի իրավազորության, հայցապահանջների ընդունման մասին, որի վերաբերյալ դատարանը կայացրեց որոշում այս տարվա նոյեմբերի 12-ին։ Դատարանն իր կայացրած վճիռներով վերահաստատեց իրավազորությունը հայկական պահանջների մասով, ժամանակային իրավազորության, ընդունելության մասով և մեծամասամբ մերժեց ադրբեջանական պահանջները, որոնք վերաբերվում էին առաջին պատերազմին։ Կարծում եմ՝ բավականին կարևոր վճիռներ են կայացվել նոյեմբերի 12-ին»,- եզրափակեց Կիրակոսյանը։ 
17:22 - 09 դեկտեմբերի, 2024
Այս պահին քայլեր դեռ չկան․ Կիրակոսյանը՝ ՄՔԴ-ում Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելու մասին |armenpress.am|

Այս պահին քայլեր դեռ չկան․ Կիրակոսյանը՝ ՄՔԴ-ում Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Միջազգային քրեական դատարանում  Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելու հարցով այս պահին քայլեր դեռ չկան, բայց որևէ բան չի կարելի բացառել։ Այս մասին հայտարարեց ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։  Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո Հայաստանը հայց չի ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ Եղիշե Կիրակոսյանը նախ նշեց, որ Միջազգային քրեական դատարանը միջազգային իրավական մարմին է, որի քննության առարկա են դառնում ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվության մասին հարցերը։ Նրա խոսքով ՄՔԴ-ի գործառույթը կարող է իրականացվել երեք ձևով․ դատախազի նախաձեռնությամբ, որը կարող է իր որոշմամբ քրեական վարույթ սկսել, պետությունների կողմից իրավիճակի ներկայացմամբ, ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ։ «Այս պահի դրությամբ քայլեր դեռ չկան, բայց որևէ բան չի կարելի բացառել»,- ասաց Կիրակոսյանը։ Եղիշե Կիրակոսյանը հրաժարվեց մանրամասներ հայտնել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք հայկական կողմը նախատեսո՞ւմ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ ներկայացնել հայց Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների գործով։ «Չեմ կարող բարձրաձայնել հարցեր, որոնք կարող են ներքին քննարկումների առարկա լինել»,- ասաց նա։  Կիրակոսյանը նաև հավելեց, որ շատ է կարևորում Հայաստանի՝ Հռոմի կանոնադրությանը միանալը, որովհետև վստահ է, որ ցանկացած իրավական գործընթաց՝ լինի Արդարադատության միջազգային դատարանում, թե Միջազգային քրեական դատարանում, ունեցել և ունենալու է շատ կարևոր անվտանգային նշանակություն։ 
15:13 - 09 դեկտեմբերի, 2024
ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջում է Ադրբեջանից կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը |armenpress.am|

ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջում է Ադրբեջանից կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն վճիռների կատարման վերահսկման շրջանակներում Մակուչյանը և Մինասյանը Ադրբեջանի դեմ գործով հրապարակել է հերթական որոշումը, որը վերաբերում է 2004 թվականին Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԽ Նախարարների կոմիտեի լրատվական ծառայությունը։ 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դաժանորեն սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին և փորձեց սպանել ևս մեկ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանին։ Սաֆարովը Հունգարիայի դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն 2012 թվականին Ադրբեջան տեղափոխվելուց հետո նրան ներում շնորհվեց, նա պարգևատրվեց, և նրան տրվեցին նյութական և պաշտոնական արտոնություններ։ Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կարևորությունը՝ ԵԽ Նախարարների կոմիտեն առաջ է քաշել հետևյալ պահանջները․ ՄԻԵԴ-ի վճռից չորս տարի անց Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել վճռի անհատական միջոցները։ Կոմիտեն կրկին կոչ է անում անհապաղ վճարել հայցվորների ներկայացուցիչների ծախսերը։ Պահանջվել է ապացուցել, որ Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված ներումի մասին նամակները հեռացվել են։ Կոմիտեն հիշեցրել է, որ նման ծանր հանցագործությունների մեղավորները պետք է զրկվեն պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Կրկին պահանջվել է հստակեցնել Սաֆարովին տրված այլ արտոնությունների օրինականությունը։ Կոմիտեն ընդգծել է, որ ապագայում նման գործողությունները պետք է բացառվեն, իսկ նման հանցագործությունների հանդեպ ներումներ և արտոնություններ տրամադրելիս պետք է պահպանվեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները։ Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին ձեռնարկել նոր օրենսդրական փոփոխություններ՝ էթնիկ հիմքով ատելության և խտրականության դեմ պայքարի համար։ Կոմիտեն պահանջել է նաև, որ Ադրբեջանի իշխանությունները 2025 թվականի հունիսին կայանալիք նիստից առաջ ներկայացնեն մանրամասն հաշվետվություն գործով կատարված առաջընթացի մասին։  Անհատական միջոցների չկատարման դեպքում ԵԽ-ն նախատեսվում է ընդունել միջանկյալ բանաձև՝ Ադրբեջանի նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն սահմանելու նպատակով։  
18:51 - 06 դեկտեմբերի, 2024
Գրանցվել են դեպքեր, երբ հայերն Ադրբեջանում մահացել են հենց կտտանքների պատճառով. Սահակյան
 |news.am|

Գրանցվել են դեպքեր, երբ հայերն Ադրբեջանում մահացել են հենց կտտանքների պատճառով. Սահակյան |news.am|

news.am: Գրանցվել են դեպքեր, երբ հայերն Ադրբեջանում մահացել են հենց կտտանքների պատճառով։ Այս մասին Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովում նոյեմբերի 14-ին ասել է ՄԻԵԴ-ում այ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նա հիշեցրել է, որ ադրբեջանական կտտանքների են ենթարկվել նաեւ կանայք եւ տարեց մարդիկ, որոնք ոչ մի կապ չեն ունեցել մարտական գործողությունների հետ։ Սահակյանն ավելացրել է, որ փաստաբանների ներգրավումն ունեցել է ձեւական բնույթ, եւ անգամ նրանց առկայությամբ հայերը ենթարկվել են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։ «44-օրյա պատերազմի սկզբից Ադրբեջանը գերել է մոտ 300 հայի։ Նրանցից 210-ը վերադարձել է, խոսքը նաեւ այն մարդկանց մասին է, որոնք կապ չեն ունեցել 44-օրյա պատերազմի հետ, քանի որ գերեվարվել են մինչեւ 2020թ.։ Այսօր ադրբեջանական անազատության մեջ են պահվում է 23 հայեր, հիմնականում գերիներ։ Հինգ հոգի գերեվարվել է 2020թ., մյուսները՝ 2023թ.։ Վերջինների թվում են նաեւ Արցախի նախկին ղեկավարները (8 մարդ), նրանք քաղբանտարկյալներ են։ Մյուսները թե՛ ռազմագերիներ են, թե՛ քաղաքացիական անձինք»,- ընդգծել է Սահակյանը։
14:44 - 14 նոյեմբերի, 2024
Հաագայի դատարանը բավարարել է ՀՀ ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժել երկրորդը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում
 |1lurer.am|

Հաագայի դատարանը բավարարել է ՀՀ ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժել երկրորդը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում |1lurer.am|

1lurer.am: Հաագայի դատարանը հրապարակած վճռով բավարարում է ՀՀ-ի կողմից ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժում է երկրորդը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում: Նշենք, որ Հայաստանը 3 նախնական առարկություն է ներկայացրել: 1.Հայաստանը նշում է, որ դատարանը ժամանակային իրավազորություն չունի ադրբեջանական բողոքի տեսանկյունից մասնավորապես այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել 1993 թվականի հուլիսից մինչև 1996 թվականի սեպտեմբերի 15-ը: Այն ժամանակահատվածը որտեղ Հայաստանը կողմ է հանդիսացել ՌԽՎԿ-ի, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Դրան հակառակ Հայաստանը նշում է որ այս գանգատները պետք է ընդունելի չլինեն:  2. Դատարանը առարկայական իրավասություն չունի Ադրբեջանի գանգատները հաշվի առնելու ենթադրյալ ականների տեղադրման մասով: Առարկայական իրավազորության մասին որոշում կայացնելով ականների վերաբերյալ Դատարանը նախևառաջ պետք է անդրադառնա Ադրբեջաբնի կողմից ներկայացրած գանգատին, որ վերաբերումէ  նրան, որ հայաստանը խախտել է նորմերը տղադրելով այդպիսի ականներ և ապացույցներ որ ներկայացված են միաժամանակ նաև փաստում են նաև որ էթնիկ զտումների փորձ է արվում դրանով: Հայաստանը նշում է, որ իր հայտում Ադրբեջանը չի պահանջել ապացուցել, որ հենց ականներ տեղադրումը որպես այդպիսին ենթադրում է նորմերի խախտում:  3. Երրորդ նախնական առարկությունը, ըստ որի` դատարանի չունի առարկայական իրավազորություն ՌԽՎԿ-ի տիրույթում Ադրբեջանի բողոքները դիտարկելու բնապահպանական տեսանկյունից: Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Բաքվի ներկայացրած նախնական առարկություների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանն իր վճիռը հրապարակել է քիչ առաջ, մերժելով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունը: 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն Ադրբեջանի դեմ վարույթ էր նախաձեռնել՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ: 2023-ի ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրեց նախնական առարկություններ՝ Դատարանի իրավասության վերաբերյալ և գործի վարույթը կասեցվեց մինչև Դատարանի որոշման հրապարակումը: 2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ, Հայաստանը ներկայացրեց իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը Ադրբեջանի նախնական առարկությունների շուրջ: 
19:25 - 12 նոյեմբերի, 2024
Հաագայի դատարանը մերժեց Ադրբեջանի նախնական 2 առարկությունները՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում
 |1lurer.am|

Հաագայի դատարանը մերժեց Ադրբեջանի նախնական 2 առարկությունները՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում |1lurer.am|

1lurer.am: Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական 2 առարկությունները Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում: Նշենք, որ Դատարանն այսօր դռնբաց նիստում հրապարակել է իր վճիռը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ, որը վերաբերում է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառությանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով:  Դատարանի նախագահ, դատավոր Նավ-աֆ Սալամը նշեց, որ իր դիմումի մեջ Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է ՌԽՎԿ-ի մի քանի դրույթներ՝ տասնամյակներ շարունակ իրականացնելով ռասայական խտրականության պետական քաղաքականություն: Հայաստանը մասնավորապես պնդում է, որ պետության կողմից հայատյացության քաղաքականության հետևանքով հայերը համակարգված խտրականության են ենթարկվել, զանգվածային սպանությունների, խոշտանգման բռնության և չարաշահումների: «Դատարանն ի գիտություն է ընդունում, որ Հայաստանը դիմել է, որպեսզի Դատարանը 36-րդ հոդվածի առաջին մասով հաստատի իրավազորությունը ՌԽՎԿ-ի 22-րդ հոդվածով նախատսված պարտավորություններին համապատասխան: Ադրբեջանը երկու նախնական առարկություն է ներկայացրել. 1. պնդել, որ Դատարանը իրավազորություն չունի ՌԽՎԿ-ի 22-րդ հոդվածով նախատեսված բանակցությունների նախապայմանը չկատարելու պատճառով.  2. Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի որոշ պահանջներ դատարանի իրավազորության ներքո չեն առարկայական իրավազորության շրջանակում ՌԽՎԿ-ի 22-րդ հոդվածի համաձայն:
18:44 - 12 նոյեմբերի, 2024
ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը

Այսօր տեղի է ունեցել Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը, որտեղ փաստաբան Երեմ Սարգսյանը ներկայացրել է ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված հարցումը։ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը այդ մասին հաղորդագրություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Այսօր՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի  ունեցավ Գագիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։ Նիստի ընթացքում փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին կրկին միջնորդեց թույլատրել Գագիկ Խաչատրյանին բուժման նպատակով մեկնել արտերկիր: Պաշտպանը դատարանին հայտնեց նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստաբանական խմբի ներկայացրած գանգատի հիման վրա ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը։ «Մասնավորապես դատարանը պահանջել է հիմավորել առաջինը՝ թե որքանով է վիրահատության նպատակով մեկնել չթույլատրելը համահունչ կյանքի իրավունքի երաշխավորման պետության դրական պարտավորությունների հետ։ ՄԻԵԴ-ը նաև պահանջել է հիմնավորել, թե արդյոք դատական նիստի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց համար պատշաճ հարմարեցված պայմաններ չապահովելը չի հանգեցրել անձի նկատամամբ նվաստացուցիչ և անմարդկային վերաբերմունքի։ Կարծում ենք սա սթափեցնող ազդակ պետք է լինի մեր պետության համար, որ հավակնում է մեկ անգամ ևս խախտել մարդու կյանքի և արժանապատվության հիմնարար իրավունքները: Նախորդ անգամ ևս միայն ՄԻԵԴ որոշման պատճառով փոփոխվեց Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը: Հիմա ստացվում է, որ մինչև ՄԻԵԴ-ը չարձանագրի իրավունքի խախտում, մեր պետությունը չի պատրաստվում դադարեցնել անմարդկային վերաբերմունքը»,- ասել է պաշտպան Երեմ Սարգսյանը։ Անդրադառնալով դատարանի կողմից նշանակվող փորձաքննություններին` պաշտպանը իր մտահոգությունը հայտնեց ձևավորված պրակտիկայի վերաբերյալ. «Դատախազը հերթական անգամ պահանջում է անցկացնել փորձաքննություն։ Մի բան, որ այս քննության ընթացքում արդեն երեք անգամ իրականացվել է։ Եթե երեք փորձաքննությունից հետո պետությունը չունի իր համար «ձեռնտու» եզրակացություն, ապա պարզ է, որ անձին բուժօգնությունից զրկելով մարդու վիճակը ինքնուրույն չի լավանալու, պետությունը այդ «ձեռնտու» եզրակացությունը չի ստանալու։ Ուրեմն չի կարելի անընդհատ անցնել այս փակ շղթայով»,-իր խոսքում նշել է Երեմ Սարսգյանը։ Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պետական գործունեության ընթացքում թույլ տրված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար, որպիսի մեղադրանքները վերջինս չի ընդունում։ Նախկինում, Գագիկ Խաչատրյանը գտնվելով Գերմանիայում, քննիչի առաջին իսկ կանչով ընդհատել է հետվիրահատական բուժումը, վերադարձել Հայաստան և ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Սակայն արդեն երկու տարի է դատարանը թույլ չի տալիս վիրահատության նպատակով կրկին մեկնել արտերկիր, ինչի վերաբերյալ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ»։
17:29 - 18 հոկտեմբերի, 2024
ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրությունն ու ոչ թափանցիկ գործընթացը
 |civilnet.am|

ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրությունն ու ոչ թափանցիկ գործընթացը |civilnet.am|

civilnet.am: Արդեն 17 օր է՝ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) չունի դատավոր։ Դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է սեպտեմբերի 30-ին։ ՄԻԵԴ դատավորի ընտրությունն իրականացվում է ներազգային և միջազգային մակարդակում։ Պետության ներսում ստեղծվում է հանձնաժողով, որը ստանում է հայտեր, իրականացնում հարցազրույցներ, այնուհետև առանձնացնում պետության թեկնածուներին։ Հայաստանը երեք թեկնածու է ներկայացրել, որոնց մասին պետք է նախ Եվրոպայի խորհրդի դատավորների ընտրության խորհրդատվական հանձնաժողովը կարծիք հայտնի, այնուհետև ԵԽԽՎ-ն իրականացնի դատավորի ընտրությունը: Թեկնածուների ընտրության ընթացակարգը եղել է խնդրահարույց, սակայն ՀԿ-ները, ի տարբերություն 2015-ի համանման ընտրության, մտահոգություն չեն հայտնում։ Հարցումներ ԵԽԽՎ-ից գործընթացի վերաբերյալ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից փորձեցինք պարզել, թե արդյոք ԵԽԽՎ-ի կամ գործընթացին մասնակից միջազգային այլ կառույցների կողմից հավելյալ հարցեր կամ առարկություններ եղել են։ Ի վերջո արդեն լրացել է ժամկետը, և ՀՀ-ն ՄԻԵԴ-ում դատավոր չունի։ Մենք պատասխան ստացանք, որ հարցումներ ուղղվել են․ «Այդ հարցումները, սակայն, կատարվում են գաղտնապահության սկզբունքով, և դրանց բացահայտումը կխախտի ՀՀ կառավարության՝ նշված սկզբունքի պահպանման պարտավորությունը»։ Նախապատմություն 2023-ի օգոստոսին հաստատվեց թեկնածուների ընտրության հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը, որի կազմում մեծամասամբ դատական, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցչներ են և մեկ ներկայացուցիչ՝ ՀԿ սեկտորից՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցը։ Հանձնաժողովի անդամ էր նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ 2024-ին Հայաստանում սկսվեց ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրությունը։ Սկզբում փաստաթղթերի ընդունման ու ստուգման փուլն էր, ապա հարցազրույցների։ Այս փուլ անցած անդամները յոթն էին։ Ցանկը հաստատվեց հանձնաժողովի՝ մարտի 16-ի նիստին։ Հարցազրույցի մասնակիցներն էին Հայկ Ալումյանը, Լիզա Գրիգորյանը, Վահե Գրիգորյանը, Նորա Կարապետյանը, Արմեն Մազմանյանը, Աննա Մարգարյանը և Վիգեն Քոչարյանը։ Հանձնաժողովի երկու անդամ չի մասնակցել հարցազրույցների որոշ փուլերի, բայց գնահատել է Հանձնաժողովը հարցազրույցներն արել է 2024-ի ապրիլի 4-ին և 5-ին։ Հարցազրույցների փուլին, ըստ արձանագրության, չի մասնակցել արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանը չի մասնակցել հավակնորդներից Լիզա Գրիգորյանի հարցազրույցին։ Մեր տեղեկություններով, սակայն, ինչպես Մինասյանը, այնպես էլ Հովհաննիսյանը, գնահատականներ են ներկայացրել։ Գնահատման արդյունքները գաղտնի են պահվում Հանձնաժողովի աշխատակարգը կանոնակարգվել է ՀՀ վարչապետի 2023-ի օգոստոսի որոշմամբ: Գնահատման թերթիկը բաղկացած է երեք բաժիններից՝ Անձնական հատկանիշներ (30 միավոր)՝ երեք չափորոշիչով, Մասնագիտական որակներ (50 միավոր)՝ վեց չափորոշիչով, Լեզվական կարողություններ (20 միավոր)՝ հինգ չափորոշիչով: ՍիվիլՆեթը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակին խնդրել էր տրամադրել գնահատման արդյունքները՝ ըստ թեկնածուների։ Ստացանք մերժում՝ «հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտությունը»։ Բարեվարքության ստուգման մասին՝ ոչ մի խոսք Բարեվարքության գործընթացը ներդրվել ու իրականացվում է դատական իշխանությունում, սակայն, դատելով ՄԻԵԴ թեկնածուների գնահատման չափորոշիչներից, նրանց բարեվարքությունը չի ստուգվել։ Հայաստանի դատավորների բարեվարքության ստուգումն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Կար նաև միջազգային փորձագետ՝ Վիտալի Կասկոն, նաև ազգային փորձագետ։ Տվյալ դեպքում, հանձնաժողովը ոչ միայն նման որակավորված մասնագետ չուներ, այլև որևէ չափանիշ չկար։ Ինչ են ցույց տալիս ուսումնասիրությունները Մենք ուսումնասիրեցինք թեկնածուների հարցազրույցները։ Ի դեպ, ոչ բոլոր հարցազրույցներն են հասանելի համացանցում։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից տեղեկացրին, որ ՀՀ Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի որոշման համաձայն՝ իրենք պարտավորված էին հատկացնել տարածք՝ ապահովված հարցազրույցին առցանց հետևելու և տեսաձայնագրում իրականացնելու տեխնիկական հնարավորություններով: Հետևաբար, վարչապետի աշխատակազմը, ունենալով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին միայն տարածք հատկացնելու և տեսաձայնագրում իրականացնելու տեխնիկանկան հնարավորություններով ապահովելու իրավասություն, հարցազրույցի տեսանյությրի առկայության կամ դրանց հասանելիության առնչությամբ որևէ դիտարկում անել չի կարող: Մենք հայտնաբերեցինք հարցազրույցներ միայն Iravaban.net-ում ու Pastinfo կայքի յութուբյան ալիքում։ Դրանց վերլուծություններից պարզ է դառնում, որ հանձնաժողովի անդամներից ոչ բոլորն են հարցեր ուղղել թեկնածուներին։ Դրանց մի մասն էլ առնչվում էր ոչ միայն ու ոչ այնքան գնահատման չափորոշիչներին, որքան հանձնաժողովի անդամների անձնական ու մասնագիտական հետաքրքրություններին։ Որպես օրինակ վերլուծել ենք չորս թեկնածուների՝ Աննա Մարգարյանի, Վիգեն Քոչարյանի, Հայկ Ալումյանի և Վահե Գիգորյանի հարցազրույցները կամ դրանցից կտորներ։ Աննա Մարգարյանին հարցեր են ուղղվել անձնական ու մասնագիտական հատկանիշների 9 կետից վեցի վերաբերյալ, Վիգեն Քոչարյանին՝ 4-ի, Հայկ Ալումյանին՝ 5-ի վերաբերյալ, իսկ Վահե Գրիգորյանին՝ 7-ի վերաբերյալ։ Ընդ որում, պետք է նկատի առնել, որ հանձնաժողովի անդամներն ուղիղ չէին մեջբերում գնահատման սանդղակի հատկանիշների տեքստը, այլ սեփական ձևակերպումներն էին տալիս։ Պարզ չէ նաև, թե ինչ սկզբունքով են հանձնաժողովի անդամները գնահատել մասնակիցներին, եթե հարցազրույցի փուլում նրանցից ոչ բոլորին են ըստ գնահատման սանդղակի հարցեր տվել։ Ապրլի 16-ի նիստին հանձնաժողովը միաձայն ընտրել է երեք թեկնածուների։ Այնուհետև ապրիլի 26-ին ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը հաստատվել է վարչապետի համապատասխան որոշմամբ։ Նրանք բոլորն այդ պահին դատական իշխանության ներկայացուցիչներ էին։ Նրանցից միայն Վիգեն Քոչարյանն է, որի պաշտոնավարման ժամկետը ԲԴԽ-ում լրացել էր։ Մյուս երկու թեկնածուները ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյանը։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
18:04 - 17 հոկտեմբերի, 2024
Միքայելյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել

 |factor.am|

Միքայելյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել |factor.am|

factor.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 2․000 եվրո։ Դատարանը գտնում է, որ Հայաստանի ներպետական դատարանները չեն ունեցել համապատասխան և բավարար պատճառներ Միքայելյանին կալանքի տակ պահելու համար․ տեղեկացնում են ՀՔԱՎ-ից։ 2016թ․-ին Սասնա ծռեր խմբավորման կողմից զինված ապստամբությանը հաջորդեցին ցույցեր, երթեր և հավաքներ Երևան քաղաքի մի շարք փողոցներում։ Գագիկ Միքայելյանը, ով այդ ժամանակ աշխատում էր Երևանի դպրոցներից մեկում որպես ուսուցիչ, հազարավոր անձանց նման իրացրել է հավաքներին մասնակցելու իր իրավունքը։ Հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցերի կողմից Գ․ Միաքայելյանը ձերբակալվել է և տարվել ոստիկանության բաժանմունք։ Ապա վերջինիս մեղադրանք է առաջադրվել այդ ժամանակ ցույցերը և ցացարարներին ցրելու նպատակով կիրառվող հայտնի «զանգվածային անկարգություններին մասնակցելը» հանցակազմով։ 2016թ-ից ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը ստանձնել է Միքայելյանի իրավունքների պաշտպանությունը։ Իրավունքների պաշտպանությունը ներառել է ինչպե՛ս մեղադրանքի շուրջ Միքայելյանին պաշտպանելը ներպետական դատարաններում, այնպե՛ս էլ կալանավորման իրավաչափությունը վիճարկելը և՛ ներպետական դատարաններում, և՛ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։ ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ ըստ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի հաստատված նախադեպային իրավունքի, կալանավորման օրինականությունը հիմնավորող պայմանն այն է, որ ձերբակալված անձի նկատմամբ առկա լինի հանցագործության կատարման ողջամիտ կասկած, սակայն որոշակի ժամանակահատված անց այն այլևս բավարար չէ: Նման դեպքերում Դատարանը պետք է պարզի, թե արդյոք դատական մարմինների կողմից ներկայացված այլ հիմքերը շարունակում էին արդարացնել ազատությունից զրկելը: Երբ նման հիմքերը «համապատասխան» և «բավարար» են, Դատարանը նաև պետք է պարզի, թե արդյոք պետական մարմինները «հատուկ ջանասիրություն» են ցուցաբերել դատական վարույթների ընթացքում: ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է, որ կալանքի ցանկացած ժամկետի հիմնավորումը, որքան էլ որ կարճ լինի, պետք է հիմնավոր կերպով ապացուցվի պետական մարմինների կողմից: Որոշելիս՝ արդյոք անձը պետք է ազատ արձակվի կամ մնա կալանքի տակ, պետական մարմինները պարտավոր են դիտարկել նաև այլընտրանքային միջոցառումներ՝ ապահովելու տվյալ անձի ներկայությունը դատարանում: Դատական ծառայողի՝ կալանավորման համար «համապատասխան» և «բավարար» պատճառաբանելու պահանջը, ի լրումն ողջամիտ կասկածի, կիրառվում է արդեն իսկ կալանավորումը նշանակելու մասին առաջին որոշման ժամանակ, այսինքն՝ «անմիջապես» ձերբակալությունից հետո։ Հետևաբար, ՀՔԱՎ բողոքը ընդունելի է և բացահայտում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում: 2024թ-ի սեպտեմբերի 26-ին ՄԻԵԴ-ը Միքայելյանն ընդդեմ ՀՀ -ի որոշում է հրապարակել, որով արձանագրել է՝ Հայաստանի ներպետական դատարանները չեն ունեցել համապատասխան և բավարար պատճառներ Միքայելյանին կալանքի տակ պահելու համար և փոխհատուցում է սահմանել 2․000 եվրո։ Չատինյանը նշում է, որ Հայաստանի Հանրապետության դեմ ինչպես կոնվենցիայով նախատեսված մնացած հիմնարար իրավունքների խախտումների գործերը, այնպես էլ 5-րդ հոդվածի խախտման փաստը ճանաչելու տեսանկյունից շատ կարևոր է նմանատիպ վճիռների հայտարարությունը, քանի որ ՀՀ-ում մշտապես որպես խափանման միջոց ընտրվում է կալանավորումը և հատկապես ցույցերի, երթերի, խաղաղ հավաքների ընթացքում կիրառվում է որպես պատժիչ միջոց։
18:29 - 26 սեպտեմբերի, 2024
ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքն ու ձեռնարկվող միջոցները քննարկվել են ԵԽ պատվիրակության հետ

ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքն ու ձեռնարկվող միջոցները քննարկվել են ԵԽ պատվիրակության հետ

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն արտաքին գործերի նախարարությունում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վարչության պատվիրակության հետ միջգերատեսչական քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները: Հանդիպմանը բարձր է գնահատվել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող ՄԻԵԴ-ի առանձնահատուկ դերը՝ Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության շարունակական ամրապնդման գործում: Ընդգծվել է ՄԻԵԴ-ի վճռիների կատարման կարևորությունը ինչպես անհատական իրավունքների պաշտպանության, այնպես էլ պետական մակարդակով ձեռնարկվող համակարգային բարեփոխումների ու հմտությունների զարգացման առումով, որոնք ՀՀ իրավասու կառույցները Եվրոպայի խորհրդի փորձագիտական օժանդակությամբ իրականացնում են ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի շրջանակում: Կողմերն արձանագրել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ-ի վճիռների կատարման բարձր ցուցանիշները՝ վերահաստատելով ՄԻԵԴ-ի վճիռների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորված սերտ համագործակցությունը շարունակելու փոխադարձ հանձնառությունը:
11:40 - 06 սեպտեմբերի, 2024
ԱԳՆ-ում քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները

ԱԳՆ-ում քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները

Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վարչության պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները: Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող ՄԻԵԴ-ի առանձնահատուկ դերը՝ Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության շարունակական ամրապնդման գործում: Ընդգծվել է ՄԻԵԴ-ի վճիռների կատարման կարևորությունը ինչպես անհատական իրավունքների պաշտպանության, այնպես էլ պետական մակարդակով ձեռնարկվող համակարգային բարեփոխումների ու հմտությունների զարգացման առումով, որոնք ՀՀ իրավասու կառույցները Եվրոպայի խորհրդի փորձագիտական օժանդակությամբ իրականացնում են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի շրջանակում: Զրուցակիցները երկուստեք արձանագրել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ-ի վճիռների կատարման բարձր ցուցանիշները՝ վերահաստատելով ՄԻԵԴ-ի վճիռների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորված սերտ համագործակցությունը շարունակելու փոխադարձ հանձնառությունը: ԱԳՆ-ում Եվրոպայի խորհրդի պատվիրակության քննարկումները շարունակվել են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ իրավասու գերատեսչությունների և կառույցների պատասխանատուների հետ:
17:52 - 04 սեպտեմբերի, 2024