Էստոնիայի կառավարող կուսակցությունն առաջադրել է կլիմայի նախարարի թեկնածությունը վարչապետի պաշտոնին
 |news.am|
19:19 - 29 հունիսի, 2024

Էստոնիայի կառավարող կուսակցությունն առաջադրել է կլիմայի նախարարի թեկնածությունը վարչապետի պաշտոնին |news.am|

news.am: Էստոնիայում կառավարող բարեփոխումների աջ կենտրոնամետ կուսակցությունը շաբաթ օրը կլիմայի հարցերի նախարար Քրիսթեն Միխալին առաջադրել է երկրի վարչապետի պաշտոնին հեռացող Կայա Կալասի փոխարեն, տեղեկացրել է АР-ը։

Միխալի առաջադրման միահամուռ որոշումը ընդունվել է կուսակցության ղեկավար խորհրդի դռնփակ նիստից հետո, այն բանից երկու օր անց, երբ Եվրամիությունը Կալասին նշանակել է միության արտաքին քաղաքական գերատեսչության նոր ղեկավար։

Կալասը Էստոնիայի առաջին կին վարչապետն է 2021թ. հունվարից, ներկայում գլխավորում է եռակուսակցական կոալիցիոն կառավարությունը։ Նրա ղեկավարությամբ բարեփոխումների կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել 2023թ. մարտին կայացած համընդհանուր ընտրություններում։ Նա առաջարկել է արտահերթ կուսակցական ժողով հրավիրել իր հաջորդին կուսակցության նախագահ ընտրելու համար հուլիսի 14-ին, եւ սպասվում է, որ Միխալը այդ պաշտոնը կզբաղեցնի այն բանից հետո, երբ նրա գլխավոր մրցակիցը՝ պաշտպանության նախարար եւ նախկին վարչապետ Խանո Պեւկուրը, ուրբաթ հրաժարական է տվել։

Միխալի թեկնածությունը Էստոնիայի բարձրագույն պաշտոնին պետք է արժանանա նախագահ Ալար Կարիսի եւ 101 տեղանոց խորհրդարանի՝ Ռիյկիկոգուի հավանությանը, որտեղ կոալիցիան ձայների մեծամասնություն ունի։ Միխալը զբաղեցնում է կլիմայի հարցերի նախարարի պաշտոնը անցած տարվա ապրիլից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել