ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ցույց է տալիս, թե որքան հեռու է կառույցը պատրաստ գնալ Հայաստանի հարցում. Մարագոս
 |armenpress.am|
15:15 - 03 հուլիսի, 2024

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ցույց է տալիս, թե որքան հեռու է կառույցը պատրաստ գնալ Հայաստանի հարցում. Մարագոս |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը կարծիք է հայտնել, որ ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն շատ կոնկրետ արդյունքներ է տվել, և նրա ներկայությունը երկրում ցույց է տալիս, թե որքան հեռու է Եվրամիությունը պատրաստ գնալ Հայաստանի պարագայում։

Վասիլիս Մարագոսն այս մասին ասել է՝ մասնակցելով «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանը և խոսելով Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակի մասին։ 

Անդրադառնալով Հայաստանի դիմակայունությանը՝ Մարագոսը նշել է, որ իր կարծիքով՝ խոսքը հասարակության, տնտեսության և ինստիտուտների դիմակայունության մասին է։

«Ես արդեն խոսեցի տնտեսական ներդրումների պլանի մասին․ 600 միլիոնից ավելի արդեն ներդրվել է տնտեսական ներդրումների պլանով, և մենք ընթանում ենք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ, որոնք երկար ժամանակ է, ինչ պլանավորվում էին, բայց հիմա կարծում եմ՝ դրանք դառնում են իրականություն»,- ասել է Մարագոսն՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ տնտեսական փոխգործակցությանը։ 

Նրա դիտարկմամբ՝ դիմակայունության մասին խոսելիս՝ իհարկե, պետք է նշել նաև ԵՄ-ի կողմից տարածաշրջանի խաղաղությանն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված աջակցությունը։

«Տեղում մեր ներկայությունը նույնպես շատ կարևոր ներգրավվածություն է ԵՄ-ի և իր անդամ պետությունների կողմից։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն շատ կոնկրետ արդյունքներ է տալիս՝ իր պարեկությամբ և ներկայությամբ՝ աջակցելով մարդկանց անվտանգությանը։ Սա նաև շատ կոնկրետ ցույց է տալիս, թե որքան հեռու է Եվրամիությունը պատրաստ գնալ Հայաստանի պարագայում»,- ընդգծել է Մարագոսը՝ հավելելով նաև, որ գործընկերությունը պետք է ձևակերպվի երկու կողմերի փոխգործակցության միջոցով։ 

Նա նկատել է, որ այս առումով կարևոր է եղել նաև Արևելյան գործընկերության դերակատարությունը, սակայն Հարավային Կովկասում կան որոշակի առանձնահատկություններ, երբ խոսք է գնում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստան-Վրաստան հարաբերությունների մասին։

«Եվրամիությունն, այո, իր գործիքակազմը օգտագործում է, միգուցե, ոչ միշտ շատ արդյունավետորեն, քանի որ դա նաև այլ գործընկերներից է կախված»,- նշել է ԵՄ պատվիրակության ղեկավարն՝ ընդգծելով, որ ԵՄ-ն փորձում է առավելագույնը քաղել այդ գործիքակազմերից՝ խթանելու բարեկեցությունը, կապակցվածությունը, խաղաղությունը և իրավունքահեն միջազգային կարգը։

Այս բոլոր հարցերում Մարագոսը կարևորել է նաև քաղաքացիական հասարակության դերակատարումը՝ շեշտելով, որ Հայաստանում այն ունի զարգանալու դաշտ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել