Կառավարությունը վավերացրեց Հայաստանի և «Եվրաջասթ»-ի միջև ստորագրված համաձայնագիրը
 |factor.am|
11:42 - 04 հուլիսի, 2024

Կառավարությունը վավերացրեց Հայաստանի և «Եվրաջասթ»-ի միջև ստորագրված համաձայնագիրը |factor.am|

factor.am: Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով վավերացրեց ապրիլի 5-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության՝ «Եվրաջասթ»-ի միջև համագործակցության մասին համաձայնագիրը:

ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունը Եվրոպական միության անդամ երկրների դատախազություններին վերապահված գործառույթները համակարգող և անդամ երկրների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց է, որն, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է հավաքագրված տվյալների փոխանակում ինչպես Եվրոպական միության անդամ, այնպես էլ երրորդ երկրների իրավասու մարմինների միջև։

Համաձայնագրի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում «Եվրաջասթ»-ի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությունը: Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակում է Համագործակցության հարցերով դատախազ՝ Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև հաղորդակցությունը և համագործակցությունն իրականացնելու նպատակով:

«Եվրաջասթ»-ն իր հերթին կարող է նշանակել իր կողմի կոնտակտային ներկայացուցիչ՝ Համագործակցության հարցերով մագիստր: «Եվրաջասթ»-ն ունի իրավասության լայն շրջանակ անդրազգային հանցավորության դեմ պայքարում, հետևաբար Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի նախաձեռնված քրեական վարույթներով Եվրոպական միության անդամ պետությունների իրավասու մարմինների հետ իրականացնել արդյունավետ համագործակցություն, իսկ ՀՀ դատախազության ներկայացվածությունը «Եվրաջասթ»-ում կնպաստի անհրաժեշտ հաղորդակցման արագությանն ու ցուցաբերված փոխադարձ աջակցության որակին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել