azatutyun.am: Բաքուն անընդունելի է համարում «մասամբ համաձայնեցված» խաղաղության պայմանագրի ստորագրումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին:
Ադրբեջանցի պաշտոնյան պնդել է՝ «երկու երկրների միջև խնդրահարույց հարցերը մի շարք ուղղություններով պետք է հստակեցվեն»։
«Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար, առաջին հերթին, Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ ունի», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը և հավելել.
«Չնայած Հայաստանը տեղյակ է իր գրավոր և ստորագրված պարտավորությունների մասին՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման վերաբերյալ, վերջին չորս տարիներին դրանք չի կատարել»:
Անդրադառնալով ճանապարհի ապաշրջափակման դեպքում օտարերկրյա մասնավոր ընկերության ներգրավման հնարավորությանը, Հաջիզադեն վստահեցրել է՝ Ադրբեջանը երբեք նման հարց չի քննարկել:
«Եթե հայկական կողմն իրականում շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա պետք է կատարի իր պարտավորությունները», - հայտարարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել է՝ Ադրբեջանին որպես 10-րդ խմբագրում ուղարկել են ամբողջությամբ համաձայնեցված տեքստ, որը, ըստ հայկական կողմի, կարելի է կարճ ժամանակում ստորագրել։ «Դրանք կա՛մ հոդվածներ են, որոնք նախկինում ամբողջապես են համաձայնեցվել, կա՛մ այլ հոդվածների համաձայնեցված մասեր: Ըստ էության, ստացվում է՝ տեխնիկապես և փաստացի, ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է», - ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:
comment.count (0)