Դատավոր Դավիթ Հարությունյանի փաստաբանը հայտնել է, որ երեկ ժամը` 16:24-ին, փորձել են մուտք գործել ԲԴԽ շենք` մասնակցելու ժամը 16:30-ին նշանակված դատական նիստին, սակայն արգելվել է։
«Ծառայություն իրականացնող դատական կարգադրիչներից տեղեկացել ենք, որ ներկայացված դիմումի քննարկումն իրականացվում է ոչ միայն գրավոր, այլ նաև դռնփակ, ուստի մեր մուտքը արգելվել է»,- նշել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ 2023 թ․ հուլիսին Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Արդարադատության նախարարության միջնորդությունը՝ էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելով դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։ Ըստ Նախարարության՝ Հարությունյանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնների խախտում՝ որոշակի քննադատության ենթարկելով ԲԴԽ–ին։
ԲԴԽ–ում նիստերի առաջին իսկ օրվանից Դավիթ Հարությունյանը բարձրաձայնել է իր նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքի եւ Խորհրդի կողմից առերեւույթ խախտումների մասին՝ կապված նիստը առանց իր մասնակցության սկսելու եւ վարույթը դռնփակ անցկացնելու մասին որոշումը հրապարակելու, իր ցանկացած թվով փաստաբաններ ունենալու իրավունքը, ինչպես նաեւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու ժամանակը սահմանափակելու եւ այլ հանգամանքների հետ։
Այս տարվա հունվարին Հարությունյանը դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան այն մասին, որ կարգապահական վարույթով գործի քննության ընթացքում դատավորի նկատմամբ «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիայի կիրառումը եւ դրան պրակտիկայում տրված մեկնաբանությունը և/կամ օրենսդրական բացը հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքներին»։
Ամիսներ անց՝ մայիսին, ՍԴ-ն հրապարակեց որոշումը՝ արձանագրելով, որ ԲԴԽ-ն խախտել է դատավորի իրավունքները։
Այդ որոշման հիման վրա Հարությունյանը գործը վերանայելու միջնորդություն ներկայացրեց։ Խորհուրդը որոշեց այն քննության առնել գրավոր ընթացակարգով՝ միջնորդությամբ ներկայացված հարցը նիստում քննարկելու անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված։
Դրանից հետո Դավիթ Հարությունյանը եւս մեկ միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով ընձեռել դատական նիստին անմիջականորեն մասնակցելու եւ իր իրավունքները լիարժեք իրացնելու հնարավորություն, ինչը, փաստացի, մերժվեց։
comment.count (0)