Առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներով մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել |armenpress.am|
14:58 - 19 դեկտեմբերի, 2019

Առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներով մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել |armenpress.am|

armenpress.am:  Առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում կապահովվի պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային օղակում իրականացվող բժշկական օգնության ու սպասարկման առավել հասանելիությունը, կստեղծվի ճկուն մեխանիզմներ՝ դեպքերի ֆինանսավորումն իրականացնելու և չփոխհատուցվող դեպքերը բացառելու, հերթագրման մեխանիզմները կատարելագործելու ուղղությամբ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ նախատեսվում է վերանայել պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի առանձին ծրագրերով փոխհատուցման սկզբունքները և ներդնել ֆինանսավորման պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքը: Այդ դեպքում պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց ֆինանսական փոխհատուցումը կիրականացվի փաստացի կատարված աշխատանքների ծավալին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան տվյալ ծրագրի համար ՀՀ պետբյուջեով սահմանված տարեկան գումարը:

Որոշմամբ առաջարկվում է նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող շահառուների ցանկում ընդգրկել ևս մեկ խումբ` ավելացնելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձանց, ինչպես նաև ընդլայնել ախտորոշված չարորակ նորագոյացություններով 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումից պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցողների շրջանակը: Ընդլայնվում է նաև «Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում» ծրագրից պետպատվերի շրջանակում օգտվելու իրավունք ունեցող շահառուների շրջանակը: Փոփոխության արդյունքում 2020 թ-ից ծրագրի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում կարող են ստանալ մինչև 18 տարեկան բոլոր երեխաները` նախկին մինչև 7 տարեկան և սոցիալապես անապահով ու առանձին/հատուկ/ խմբերում ընդգրկած երեխաների փոխարեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց որոշման ընդունման կարևորությունը և նշեց, որ դրանով տրվում է 10 տարի շարունակ քննարկվող թեմաներից մեկի մեկնարկը: «Միշտ ասվում էր և արդարացիորեն, թե ինչու եք պետպատվերի գումարները տալիս հիվանդանոցներին: Մարդը թող ինքն ընտրի, թե իրեն հասանելիք պետպատվերով ծառայությունը որ հիվանդանոցում ստանա: Ըստ այդմ՝ պետական բյուջեից գումարը փոխանցվի այդ հիվանդանոցին: Այս հարցը երկար ժամանակ ՀՀ-ում չէր լուծվում, դրա համար կային և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառն այն էր, որ, այնուամենայնիվ, պետպատվերի համար հատկացված գումարները չէին բավականացնում պետպատվերի բոլոր շահառուներին սպասարկելու համար: Նախկինում էլ այդպիսի դեպքեր եղել են, երբ հիվանդանոցին տրվել է պետպատվերի, ենթադրենք, 100 մլն դրամ, և այդ 100 մլն դրամն ավարտվել է տարվա կեսին՝ սեպտեմբերին, հոկտեմբերին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ հարցն ունի նաև շատ կարևոր քաղաքական նշանակություն. «Միշտ հարց է ծագում, դրա շուրջ փոթորիկներ են լինում, թե ինչո՞ւ այս հիվանդանոցին տրվեց այսքան, մյուս հիվանդանոցին տրվեց այնքան, ինչու այս հիվանդանոցին հատկացվող գումարը ավելացվեց, ինչու այս հիվանդանոցինը՝ պակասեցվեց: Երբ մենք այս համակարգն ամբողջությամբ ներդնենք, այս խոսակցությունն ուղղակի արմատախիլ կլինի, որովհետև այլևս նախարարը և կառավարությունը չեն որոշի, թե որ հիվանդանոցը պետպատվերից ինչքան գումար է ստանում: Դա կորոշի քաղաքացին, ով այդ ծառայությունը ստացել է, և առողջապահական հիմնարկները ստիպված կլինեն նաև բարձրացնել իրենց կողմից մատուցվող ծառայությունների որակը, մանավանդ, որ մենք այդ ծառայությունների գները նույնպես ավելացրել ենք: Կարծում եմ, որ սա առողջապահական ոլորտում հեղափոխական նշանակության փոփոխություն է, որը մեկնարկել է»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել