Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով շարունակվում է․ ՆԳՆ
21:23 - 05 նոյեմբերի, 2024

Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով շարունակվում է․ ՆԳՆ

ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Ղուրամ Ֆարուքի գլխավորությամբ։

Արա Ֆիդանյանն անդրադառնալով ՆԳ նախարարության և Համաշխարհային բանկի սերտ համագործակցությանը՝ կարևորել է Պետական հատվածի արդիականացման 4-րդ վարկավորման ծրագրի շրջանակում երկու կառույցների փոխգործակցությունը, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ։

Քննարկվել են նյութական պահուստների կառավարման, միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման, բիզնես գործընթացների վերլուծության և մի շարք ոլորտներում թվայնացման համակարգերի արդիականացման վերաբերյալ հարցեր։

ՆԳՆ ներկայացուցիչները հանդիպմանը ներկայացրել են վերոնշյալ ուղղություններով արդեն իսկ կատարված աշխատանքները:

Կողմերն անդրադարձել են նաև կոնկրետ ուղղություններով ծրագրային ապահովման գործընթացների բարելավման, անձնակազմի կարողությունների զարգացման և փորձագիտական աջակցության հարցերին։

Ընդգծելով ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցության կարևորությունը՝ Ղուրամ Ֆարուքը պատրաստակամություն է հայտնել շարունակելու այն և քննարկվող ուղղություններով ցուցաբերել աջակցություն:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել