armenpress.am: Աբխազիայում կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանի միջնորդությամբ սկսում են բանակցությունները ստեղծված ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, բանակցությունները տեղի կունենան պաշտպանության նախարարության տարածքում։
Բանակցություններին մասնակցում են նաև Աբխազիայի փոխնախագահ Բադրա Գյունբան, Մաքսային պետական կոմիտեի նախագահ Օթար Խեցիան, Ինքնիշխանության պաշտպանության կոմիտեի ղեկավար Լևան Միկաան, պատգամավոր Կան Կվարչիան, ժողովրդական շարժման ու հասարակական գործիչներ։
Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի Դաշնության հետ ներդրումային համաձայնագրի պատճառով, որը նախատեսում է Աբխազիայում բնակարանների կառուցում։
Ընդդիմության կողմնակիցները կարծում են, որ դրա իրականացումը կբերի բնակարանների գների բարձրացման, ինչպես նաև հանրապետության փոքր և միջին բիզնեսի համար ռիսկերի։ Խորհրդարանը պետք է վավերացներ փաստաթուղթը նոյեմբերի 15-ին, սակայն բողոքի ցույցերի բռնկման պատճառով դա հետաձգեց։
Ընդդիմության կողմնակիցները գրավել են Սուխումի կառավարական շենքերի համալիրը, այդ թվում՝ նախագահական նստավայրը՝ պահանջելով նախագահի հրաժարականը։
Նախագահ Ասլան Բժանիան ընդդիմության գործողությունները գնահատել է որպես պետական հեղաշրջման փորձ և կոչ արել բնակչությանը չտրվել սադրանքներին։
comment.count (0)