ՀՀ ԱԳ փոխնախարարը Իսպանիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
18:47 - 19 նոյեմբերի, 2024

ՀՀ ԱԳ փոխնախարարը Իսպանիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Վասկեսին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք պատասխանատու առաքելությունն իրականացնելու ընթացքում: Կարևորելով Հայաստանի և Իսպանիայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները՝ Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի շրջանակին: Երկուստեք կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։

Հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք այլ հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել