Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել
 |factor.am|
17:31 - 13 դեկտեմբերի, 2024

Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում նշանակել է կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուին՝ այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ խորհրդարանում անցկացված պատմական քվեարկությունը տապալեց նախորդ կառավարությունը, գրում է France24-ը։

73-ամյա Բայրուն՝ Մակրոնի կենտրոնամետ ​​դաշինքի կարևոր գործընկերը, ֆրանսիական քաղաքականության նշանավոր դեմքերից է: Նրա քաղաքական փորձը համարվում է առանցքային կայունությունը վերականգնելու ջանքերում, քանի որ ոչ մի կուսակցություն Ազգային ժողովում մեծամասնություն չունի: Առաջիկայում իշխանության փոխանցումը տեղի կունենա վարչապետի նստավայրում, պաշտոնաթող վարչապետ Միշել Բարնիեն արդեն սպասում է իր իրավահաջորդին։

Բարնիեի կառավարությունն արձակվել է դեկտեմբերի 5-ին խորհրդարանի անվստահության քվեից հետո, որին աջակցել է 574 անդամներից 331-ը։

Երկու օր առաջ վարչապետն ընդունել է 2025 թվականի սոցիալական ապահովության բյուջեի մասին օրինագիծը՝ օգտվելով Սահմանադրության 49.3 հոդվածից (թույլ է տալիս օրենք ընդունել առանց խորհրդարանում քվեարկության)։

Ֆրանսուա Բայրուն դարձել է վեցերորդ վարչապետը Էմանուել Մակրոնի նախագահական երկու ժամկետների ընթացքում՝ Էդուարդ Ֆիլիպից, Ժան Կաստեկսից, Էլիզաբեթ Բորնից, Գաբրիել Ատալից և Միշել Բարնիեից հետո։

Բայրուն վերջերս արդարացվել է Եվրախորհրդարանի միջոցները յուրացնելու մեղադրանքից։ Մակրոնն իր հերթին անցած շաբաթ խոստացել է մնալ իր պաշտոնում մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ 2027 թվականը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել