Արփինե Սարգսյանը Էրիկ Դե Մույնքի հետ հանդիպմանը կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը
21:45 - 17 դեկտեմբերի, 2024

Արփինե Սարգսյանը Էրիկ Դե Մույնքի հետ հանդիպմանը կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Դեսպանը նշանակման կապակցությամբ շնորհավորել է Արփինե Սարգսյանին և մաղթել հաջողություններ: Կարևորելով երկու երկրների առկա սերտ հարաբերությունները՝ նա համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել:

Դեսպանն ընդգծել է, որ դաշնային կապի սպայի նշանակմամբ ապահովելով առավել օպերատիվ կապ՝ խորացել են երկկողմ հարաբերությունները: Արփինե Սարգսյանը կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպմանը քննարկվել է կիբերհանցավորության դեմ պայքարի, կրիպտոարժույթների շուկայում հնարավոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ոստիկանության ծառայողների վերապատրաստումների հարցը:

ՆԳ նախարարը կարևորել է անդրազգային հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակմամբ նաև այս ուղղություններն են ընդգրկվելու: Արփինե Սարգսյանը կարևորել է ոչ միայն կենտրոնական ապարատի կարիքները հզորացնելու, այլև տեղերում՝ տարածքային բաժիններում կարողությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստումների անցկացումը:

Կողմերը ողջունել են վիզաների ազատականացման գործառնական փուլի մեկնարկը, որը տրվել է դեկտեմբերի 11-ին Երևանում ՆԳ նախարարի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների հետ հանդիպման ընթացքում, և պատրաստակամություն են հայտնել համագործակցելու նաև այդ օրակարգի շուրջ։ Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել