ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմը շարունակում է տարեվերջյան աշխատանքային այցելությունները ՀՀ տարբեր մարզեր՝ վերահսկելու պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքները։
Դեկտեմբերի 19-ին տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը, Արազ Պապիկյանը, ՏՄ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Վարազդատ Պոկացյանը հերթական աշխատանքային այցով ՀՀ Արմավիրի մարզում էին։
Արմավիրի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արայիկ Ալեքսանյանի և տարածքային ստորաբաժանման մասնագետների ուղեկցությամբ տեսչական մարմնի ղեկավար կազմը շրջայցեր իրականացրեց մարզի տարբեր բնակավայրերում և տեղում ծանոթացավ համայնք-պետություն համագործակցությամբ՝ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող բազմաթիվ շինարարական աշխատանքների ընթացքին։
Այցի շրջանակներում ղեկավարի տեղակալները ծանոթացել են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող աշխատանքներին՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մ. Մեխակյան փողոց թիվ 35/2 հասցեում գտնվող թիվ 6՝ «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման և նոր մասնաշենքի կառուցման, Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցում գործող թիվ 11 մանկապարտեզի հիմնանորոգման, ինչպես նաև պետական ծրագրերի շրջանակներում Արմավիր համայնքի Նորավան և Լենուղի գյուղերում կառուցվող մսուր-մանկապարտեզների շինարարական աշխատանքների ընթացքին։
Մասնավորապես, տեսչական մարմնի մասնագետների կողմից արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մ. Մեխակյան փողոց թիվ 35/2 հասցեում գտնվող թիվ 6՝ «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների կապալառու կազմակերպությունը՝ «Բիդեք», Կոմիտասի փողոցում գործող թիվ 11 մսուր-մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների կապալառուն՝ «Արամե», Լենուղի գյուղի մսուր-մանկապարտեզի կառուցման կապալառուն՝ «Վանի» ՍՊԸ-ն, և Նորավան գյուղի մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների կապալառուն՝ «Թիվ 1 շինվարչություն» ԲԲԸ-ն խախտել են շինարարության կազմակերպման նախագծերի պահանջները։
Տեսչական մարմնի կողմից նշված չորս կապալառու կազմակերպությունների նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ:
Նրանց նաև տեղում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ շինարարական աշխատանքներն իրականացնել նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան և շինությունները բերել նախագծային տեսքի։
Հավելենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմի կողմից վերահսկողությունը լինելու է էլ առավել խիստ և շարունակական՝ ապահովելու համար պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների որակը։
comment.count (0)