azatutyun.am: Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման վայրը նկարահանած բլոգեր Ազամատ Սարսենբաևը 10 օրով ձերբակալվել է։ Այս մասին բլոգերը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Ղազախստանը բլոգերին մեղադրում է իրավապահների օրինական պահանջին չենթարկվելու համար։
Ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդը «դեպքի վայրում անօդաչու թռչող սարք է գործարկել՝ խոչընդոտներ ստեղծելով փրկարար ծառայությունների աշխատանքի և քննչական գործողությունների համար», ինչպես նաև «չի կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները»։
Բլոգերը պատմել է, որ իր նկարահանած կադրերն օգտագործել են Reuters-ը, The Guardian-ը, BBC-ն և Le Monde-ը։
Բաքվից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը կործանվել է դեկտեմբերի 25-ին Ղազախստանի տարածքում։ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը բախվել է թռչունների երամի, ինչն էլ դարձել է կործանման պատճառը։ Ինքնաթիռում 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ է եղել։ Վերջին տվյալներով հաղորդվում է 38 զոհի, 29 վիրավորի մասին։ Բաքվում այսօր սգո օր է հայտարարված։
comment.count (0)