ՀՀ ԱԺ նախագահը Ղազախստանի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր
15:15 - 15 մայիսի, 2025

ՀՀ ԱԺ նախագահը Ղազախստանի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի հետ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կրում:

Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը: ԱԺ նախագահը գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարեւորել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը:

Հանդիպմանը կարեւորվել է երկու երկրների միջեւ ուղիղ, կանոնավոր ավիահաղորդակցության հաստատումը: Առանձնահատուկ ընդգծվել է Ղազախստանի իշխանությունների եւ ժողովրդի վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ:

Կողմերը քննարկել են նաեւ թվայնացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները:

Մաուլեն Աշիմբաեւը ողջունել է 2026 թվականին Հայաստանում կենսաբազմազանության կողմերի 17-րդ (COP17) համաժողովի անցկացումը եւ նշել, որ Ղազախստանը եւս մասնակցելու է այդ կարեւոր իրադարձությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել