2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորամասի անձնակազմին մարտական առաջադրանքի ուղարկելուց առաջ ի՞նչ էր հայտնի հակառակորդի՝ Զանգելանում գտնվելու վերաբերյալ։ Ինչո՞ւ այդ անձնակազմը Կիրի հանքում կանգնելու փոխարեն հասավ Զանգելան՝ ընկնելով շրջափակման մեջ։ Ի վերջո, Զանգելանին մեկ այլ կողմով մոտեցող հայկական խմբավորումը ինչո՞ւ օգնության չհասավ նրանց, եւ ընդհանրապես, կարո՞ղ էր հասնել թե՞ ոչ։
Այս եւ մի շարք այլ հարցեր երեկ հնչեցին Քիմիկների զորամասի վերաբերյալ գործով հերթական դատական նիստին։ Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացել 44-օրյա պատերազմի ժամանակ Երեւանի զորամասերից մեկի գլխավոր շտաբի պետ, փոխգնդապետ Աշոտ Ժամհարյանը։
Վերջինս մեկն է այն սպաներից, որոնց Գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը հանձնարարել է ձեւավորել խումբ՝ հիշյալ օրը «սանրում» գործողության միջոցով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը հայտնաբերելու եւ ոչնչացնելու համար։ Նույն հանձնարարականը ստացած մյուս սպան Քիմիկների զորամասի՝ այդ ժամանակվա ղեկավար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանն է։
Աշոտ Ժամհարյանի խումբը Անդրանիկ Մակարյանի գլխավորությամբ մեկնելու էր Սյունիքի մարզի Ներքին Հանդ, իսկ Արսեն Աբգարյանինը՝ Կիրի հանք։ Ստացվել է այնպես, սակայն, որ Աբգարյանի խումբը Կիրի հանքում կանգ առնելու փոխարեն խորացել է մինչեւ Զանգելան քաղաքի սկզբնամաս եւ ընկել շրջափակման մեջ։
Աբգարյանն այժմ մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, իսկ Անդրանիկ Մակարյանը՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ Մակարյանը տվել է «Նահանջ» հրաման՝ այդ մասին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին չզեկուցելով եւ հրաժարվելով օգնության հասնել իրենցից շուրջ 2 կմ այն կողմ շրջափակման մեջ մնացածներին։
Աբգարյանն ու Մակարյանը մեղադրանքները չեն ընդունում։
Վկայի խոսքով՝ իր անձնակազմից ոչ ոք մարտական գործողությունների փորձ չուներ
Ներկայանալով դատարանին՝ վկա Աշոտ Ժամհարյանն ասաց, որ ճանաչում է Արսեն Աբգարյանին եւ Անդրանիկ Մակարյանին․ վերջինիս հետ, իր խոսքով, «պատիվ է ունեցել ծառայելու»։
Աշոտ Ժամհարյանը պատմեց, որ հոկտեմբերի 4-ին իրենց զորամասի անձնակազմով, այդ թվում՝ 100 հոգի պայմանագրային զինծառայող եւ 67 հոգի մոբ, մեկնել են Մեղրի, այնտեղից՝ Կապան։ Մինչեւ դեպքի օրը հակառակորդի հետ անմիջական ընդհարում չեն ունեցել, այցելել են մարտական հենակետեր, անցկացրել տեսական եւ գործնական պարապմունքներ։ Ժամհարյանի խոսքով՝ քանի որ իրենք կապավորներ են եղել, մարտական գործողությունների մասնակցության փորձ չեն ունեցել։
Հոկտեմբերի 20-ին Կապանի զորամասի հրամանատարի աշխատասենյակում խորհրդակցություն է հրավիրվել, եղել է նաեւ քարտեզ՝ նախանշված տեղանքներով, առաջադրվել են հաջորդ օրվա խնդիրները՝ հակառակորդին դուրս հանել Զանգելանի հատվածից։
Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը
– Կոնկրետ որտեղի՞ց,– հարցրեց հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը։
– Չեմ կարող ասել․․․ Կապանից դեպի Զանգելան մտնող հատվածում․․․ Դրանից հետո սպաներից մեկը ասաց, որ Ֆեյսբուքով տեսել է, որ էդ հատվածում հակառակորդը դրոշ է դրել․․․
– Զանգելան քաղաքը ներառո՞ւմ էր դա։
– Չէինք բացառում․․․
Ըստ Աշոտ Ժամհարյանի՝ ծրագրվել է հետեւյալը․ իրենց խումբը (իր անձնակազմից 50 հոգի եւ այլ տեղից 11 հետախույզներ) պիտի հասներ մինչեւ Զանգելանի վերեւի հատված, որից հետո պիտի գնահատեր հակառակորդին, եւ եթե վերջինս այն քանակի էր, որ իրենց ուժերը կբավականացնեին [դիմադրել], Աբգարյանի խմբին ազդանշան պիտի տային, եւ իրենք մի կողմից մոտենային հակառակորդին, Աբգարյանենք՝ մյուս։
– Հակառակորդի ի՞նչ քանակի մասին էր խոսքը։
– Եթե չեմ սխալվում՝ մեծ քանակի չպիտի լիներ․ եթե գեներալ–լեյտենանտը որոշում է կայացրել, որ մենք էս քանակով լինենք, նշանակում է՝ մեր քանակը չպիտի գերազանցեին,– ենթադրեց վկան։
– Իսկ եթե ներկայացվում էր մարտական խնդիր, չպե՞տք է ներկայացվեր հակառակորդի քանակ կամ հնարավոր քանակ,– ճշգրտեց մեղադրող Նավասարդյանը։
– Չեմ կարող ասել, գուցե քննարկվել է, ես չեմ հիշում։
– Գուցե հիշողության խնդի՞ր ունեք,– վրդովվեցին տուժողի իրավահաջորդները։
– Այո,– արձագանքեց վկան։
Նշենք, որ հակառակորդի քանակության մասին դատարանում պաշտոնական հստակ թիվ չի նշվել, դատավարության մասնակիցների նշած թվերն էլ տարբեր են եղել՝ 100-ից մինչեւ 500-ի միջակայքում (ավելին տես՝ 1,2,3)։
Փոխգնդապետը հասակական ցուցմունք տվեց Կիրի հանքի՝ անզեն աչքով երեւալ-չերեւալու մասին
Մեղադրողը խնդրեց վկային պարզաբանել, թե ինչ է «սանրման» աշխատանքը։ Վկան ասաց, որ կանոնադրական նորմերով չի տիրապետում, քանի որ կապավոր է, բայց գիտի, որ դա ենթադրում է տվյալ տարածքը հակառակորդից մաքրել։
Վկա Աշոտ Ժամհարյանը
– Քարտեզի վրա ցո՞ւյց է տրվել հանքը,– հարցրեց մեղադրողը։
– Ճիշտ այդպես, սպիտակ գույնով նշված էր։
– Արսեն Աբգարյանը տեղյա՞կ էր, որ հանքի մոտ պիտի սպասի։
– Եթե երկուսս էլ նստած էինք, խնդիրը առաջադրվել է, պիտի տեղյակ լիներ,– պատասխանեց վկան՝ հավելելով, որ հաջորդ օրը իր խումբն էլ է գնացել Կիրի հանք։
– Ինչի՞ց գիտեիք, որ դա հանքն է։
– Երեւում էր աջ թեւի վրա,– պատասխանեց վկան։ Չնայած այս պատասխանին՝ ավելի ուշ Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանի հարցին՝ տեղանքին անծանոթ մարդը առանց ուղեկցողի կարո՞ղ էր հայտնաբերել այն, սկսեց կասկածել․ մեկ ասաց՝ ինքը չի տեսել, գուցե ճանապարհը սարի տակով է անցնում, հանքը սարի գլխին է, մեկ ասաց՝ ինձ թվում է՝ կարելի էր նկատել։ Այս իրարամերժ պատասխանները վկան չկարողացավ պարզաբանել։ Պաշտպանն էլ ընդգծեց՝ վկան իր խոսքում «գրավված» բառն է օգտագործում, բայց գրավված տարածքը ազատագրում են, ոչ թե սանրում։
Աշոտ Ժամհարյանին հայտնի չէր՝ ինչու են նախապես որոշված ուղեկցողները փոխվել
Քանի որ ոչ Աշոտ Ժամհարյանը, ոչ Արսեն Աբգարյանը տեղանքին ծանոթ չէին, որոշվել է, որ նրանց ճանապարհին կուղեկցեն․ պահեստազորի գնդապետ Վարդան Ալեքսանյանը պետք է կազմակերպեր Աբգարյանի խմբի, համայնքի ղեկավար Արթուր Մանուչարյանը՝ Ժամհարյանի խմբի ուղեկցումը։
– Արարատ Մանուչարյանը ձեզ հե՞տ էր,– հետաքրքրվեց մեղադրող դատախազը։
– Իմ մեքենայում չէր։
– Իսկ ձեր շարասյան մե՞ջ էր։
– Չեմ տեսել։
– Ձեր ուղեկցողը ո՞վ էր։
– Պարոն գեներալը (նկատի ունի Անդրանիկ Մակարյանին,–հեղ․), նրա հետ նշանակված զինծառայողներ կային, չեմ կարող ասել՝ ուղեկցող թե պահպանող․․․
– Վարդան Ալեքսանյանը ձեզ հե՞տ էր։
– Նրան Ներքին Հանդում եմ հանդիպել։
– Իսկ նա չպիտի՞ Արսեն Աբգարյանի խմբին ուղեկցեր։
– Էդ արդեն ինձ չի հետաքրքրել, միգուցե որոշում է փոխվել։
– Բա մնացած տղերքը հետաքրքիր չէի՞ն, գնայիք օգնության նույն վայրկյանին,– բղավեցին տուժողների իրավահաջորդները․․․
– Երբ հասանք Ներքին Հանդ, ավտոբուսի վարորդը եկավ, բարձր խոսելով [ասաց]՝ քիմիկները ընկել են զասադ, խառնված վիճակ էր․․․ Մակարյանն այդ պահին թիկունքում էր, մի քանի րոպեից եկավ։ Մինչ այդ տեղյակ էր դրա մասին թե ոչ՝ չգիտեմ։ Անձամբ ես կրակոցներ չեմ լսել։
– Սուտ է ասում, հիշողության խնդիր ուներ, հիմա էլ լսողության,– լսվեց իրավահաջորդներից մեկի ձայնը, որը տեղի բնակիչ էր եւ կարծում էր, որ այդ հատվածից կրակոցների ձայնը պիտի լսված լիներ։
Տուժողների իրավահաջորդները
Նշենք, որ ուղեկցողների փոփոխության հարցը բազմիցս քննարկվել է դատարանում․ ըստ տարբեր ցուցմունքների՝ Արթուր Մանուչարյանի մեքենան վառելիքի խնդիր է ունեցել, ուստի նա խնդրել է, որ Արման Նուրիջանյանը իրականացնի ուղեկցումը։ Վերջինս էլ հայտարարել է, թե լսել է, որ Վարդան Ալեքսանյանը հրաժարվել է ուղեկցումից։ Ալեքսանյանը, սակայն, հերքել է սա, նշել՝ ինքը առաջարկել է Աբգարյանի խմբին անձամբ ուղեկցել, բայց Մակարյանը թույլ չի տվել։
Պաշտպան Դավիթ Դավիդյանի հարցին ի պատասխան՝ Աշոտ Ժամհարյանը նշեց, որ եթե ուղեկցումը պատշաճ իրականացվեր, այս ողբերգությունը տեղի չէր ունենա։
Փոխգնդապետի պնդմամբ՝ քիմիկներին օգնության հասնելու խնդիր իրենք չեն ստացել
Փոխգնդապետի խոսքով՝ երբ նշվել է Արսեն Աբգարյանի խմբի շրջափակման մեջ ընկնելու մասին, Անդրանիկ Մակարյանը հրամայել է, ամեն դեպքում, շարունակել իրենց տրված խնդիրը․ «Մեր 50-հոգանոց խումբը բաժանվել է երկու մասի՝ 25-25, որ անհաջողության դեպքում հետեւի 25 հոգին ապահովեր նահանջը, իսկ գեներալը մեր հետեւից քայլել է, նույնիսկ ես ասել եմ՝ մեզ համար պատիվ չի լինի, եթե Աստված չանի, հանդիպենք հակառակորդին, թշնամին նրան խփի, բայց գեներալ–լեյտենանտը որոշում է կայացրել մեզ հետ քայլել մինչեւ վերջ»։
– Եթե մյուս խմբավորումը ընկել է շրջափակման մեջ, եւ ձեր առաջադրանքը համատեղ է, ձեր խմբավորման խնդիրը չէ՞ր փոխվելու,– հետաքրքրվեց Դավիթ Նավասարդյանը։
– Մյուս խմբի հետ կապված խնդիր չի առաջադրվել,– պատասխանեց վկան։
– Եթե Աբգարյանը շրջափակման մեջ էր ընկել Զանգելանում, չի՞ ստացվում, որ ձեր խնդիրը նրանց օգնության գնալն է արդեն։
– Իհարկե ոչ։
– Ձեր խնդրի իրականացման համար կարեւոր չէ՞ր՝ ինչ իրավիճակում է Աբգարյանի խումբը։
– Կարեւորությունը չեմ կարող ասել, կարեւոր էր՝ մեր անձնակազմը ինչ իրավիճակում է։
– Խնդիրը պիտի երկու խմբավորումով իրականացվեր․ մի խմբավորումը գտնվում է, ձեր բառերով ասած, «զասադի» մեջ, դա կարեւոր չէ՞ ընդհանուր խնդրի համար։
– Կարեւոր է այն հանգամանքով, որ արդեն սաղս էլ գիտակցում ենք, որ հակառակորդը դրանով չի սահմանափակվելու։
– Օգնության գնալու խնդիր, հարց քննարկվե՞լ է։
–Չեմ կարող հիշել, ինձ հետ էդ հարցով քննարկում չի եղել, իհարկե, եթե հասնեիք, հասկանայիք, ես վստահ եմ, որ․․․
– Ձեր ենթադրության մասին չէ խոսքը։
– Չէ, տենց խնդիր չի առաջադրվել, եթե հասնեինք մեր տրված խնդրի կատարման շրջան, ու տղաներին հանդիպեինք, հնարավորության դեպքում․․․
– Դատարանում հարցաքննվել է ԳՇ այդ ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանը, որն իր ցուցմունքում նշել է, որ շրջափակման մեջ ընկնելու զեկույց ստանալուց հետո նոր խնդիր է եղել՝ օգնության գնալ շրջափակման մեջ գտնվող անձնակազմին։ Նշված ուղղությամբ հաջորդ բարձրաստիճան սպան Դուք էիք։ Ո՞նց է ստացվում, որ տեղյակ չեք խնդրի փոփոխության մասին,- հարցրեց հանրային մեղադրողը։
– Չեմ կարող ասել․․․
–Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Մակարյանը չի ասել այդ մասին։
– Չեմ կարող պատասխանել։
Ձախից՝ ամբաստանյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը, ամբաստանյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Ամրամ Մակինյանը
Վկայի խոսքով՝ իրենք հասել են սարի գագաթ, տեղացիներից իմացել են, որ պիտի սարն իջնեն, անցնեն բացատը, էլի սար բարձրանան, որից հետո նոր Զանգելանն է։ Բայց քանի որ մառախլապատ եղանակ է եղել, տեսադաշտ չի եղել, մութն էլ ընկնելիս է եղել, դա հնարավոր չի եղել։
– Հնարավոր չէ՞ր թե՞ վտանգավոր էր,– հարցրեց մեղադրողը։
–Հնարավոր չէր՝ եղանակային պայմաններից ելնելով, եւ վտանգավոր էր, որովհետեւ դրանից հետո ամեն վայրկյան հակառակորդը կարող էր․․․
– Ակնկալիք ունեիք անվտանգ գործողությա՞ն։
– Չէ, եթե գնացել ենք, գիտակցում էինք․․․ Բայց եթե գործողություն ես իրականացնում, պիտի այնպես անես, որ իրականացնես, ոչ թե քեզ խփեն։
Դատախազը առերեւույթ կաշկանդվածություն տեսավ վկայի ցուցմունքում
Վկայի խոսքով՝ սարի վրա Մակարյանը փորձել է վերադաս հրամանատարությանը ներկայացնել իրավիճակը, բայց քանի որ կապը չէր բռնում, որոշվել է զինամթերքը, սնունդը բազավորել տվյալ տեղում, հետ իջնել, առավոտյան վերադառնալ։
– Ո՞վ է որոշել,– հարցրեց մեղադրողը։
– Ընդհանուր քննարկում է եղել։
– Կոլեկտիվ որոշում է կայացվե՞լ։
– Ընդհանուր ղեկավարը։
– Ո՞վ։
– Գեներալ Մակարյանը։
Վկայի այս ձգձգվող պատասխանները դարձյալ զայրացրին տուժողների իրավահաջորդներին․
– Բա ասա՛, հինգ անգամ հարց են տալիս, պիտի վեց անգամ տա՞ն, որ պատասխանեք,– բղավեցին նրանք։
– Հարգելի՛ վկա, ինչ–որ բանով կաշկանդվա՞ծ եք, կա՞ հանգամանք, որ կարող է ազդեցություն ունենալ Ձեր ցուցմունքի վրա,– հարցրեց մեղադրող դատախազը։
– Չէ տենց,– պատասխանեց վկան։
– Իսկ ո՞չ տենց։
– Չէ, չկա։
– Եթե [իրավահաջորդները] գոռում են, վիրավորում են, դա կարող է ազդեցություն ունենալ,– միջամտեց Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
– Քանի որ վկան ի սկզբանե նշեց՝ պատիվ եմ ունեցել ծառայելու Մակարյանի հետ, առանց որեւէ վատ միտումի [եմ ասում]՝ գուցե ինչ–որ ներքին համոզմունք ունի, որ երեք անգամ նույն հարցը կրկնեցի, պատասխան ունենալով՝ չպատասխանեց,– արձագանքեց դատախազը։
– Դա Ձեր տպավորությունն է, վկան ասաց, որ չունի կաշկանդվածություն,– նշեց դատավոր Սարգիս Դադոյանը։
Դատավոր Սարգիս Դադոյանը
Ժամհարյանի խոսքով՝ իրենք վերադարձել են Կապանի զորամաս, իրենց կարգի բերել, ապա գնացել խորհրդակցության։ Դրան ներկա է եղել նաեւ ՀՀ պաշտպանության այդ ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանը։ Վերջինս, վկայի ենթադրությամբ, շրջափակման մասին տեղյակ եղել է, այդ հարցով քննարկում, որպես այդպիսին, չեն ունեցել, խոսել են հետագա անելիքների մասին։ Տոնոյանը խնդրել է ԳՇ պետի հետ կապ հաստատել, ինքը դա արել է եւ դուրս եկել սենյակից։
Հետագա առաջադրանքն էլ եղել է հաջորդ օրը հանքի տարածք գնալը․ իր անձնակազմից 42 հոգի տեղակայվել է այնտեղ, անցել պաշտպանության՝ հակառակորդի հնարավոր առաջխաղացումը կանխելու։ Այդ ժամանակ արդեն Աբգարյանի անձնակազմից որոշ զինծառայողներ վերադարձել էին, որոշները դեռ ճանապարհին էին։ Նրանց օգնության գնալու խնդիր դարձյալ չի առաջադրվել, հնարավոր էր թե չէ՝ վկան դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ իրավիճակին չի տիրապետել, բայց կարծում է՝ ճիշտ կլիներ փորձ արվեր այլընտրանքային ճանապարհով մոտենալու։
Իր անձնակազմին հանքի տարածքում տեղակայելուց հետո ինքը վերադարձել է զորամաս, ընդգրկվել այլ առաջադրանքներում։ Հետագայում Արսեն Աբգարյանը իրեն պատմել է, որ ահավոր վիճակ էր, հակառակորդը կրակում էր ահավոր զինատեսակներով, հողը ոտքի տակ դղրդում էր, իսկ իրենք ունեցել են միայն ինքնաձիգ, սաղավարտ, որոշները նույնիսկ զրահաբաճկոն չեն ունեցել։ Հարցին՝ կատարվածի համար Աբգարյանը որեւէ մեկին մեղադրել է թե ոչ, վկան պատասխանեց, որ ինքն անձամբ մեղադրանք չի լսել։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 30-ին։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)