Կիևին պարտադրված խաղաղությունը երբեք չի ստանա Բեռլինի աջակցությունը. Շոլց
 |civilnet.am|
19:54 - 15 փետրվարի, 2025

Կիևին պարտադրված խաղաղությունը երբեք չի ստանա Բեռլինի աջակցությունը. Շոլց |civilnet.am|

civilnet.am: Եթե խաղաղությունը Կիևին պարտադրվի դրսից, այն երբեք չի ստանա Բեռլինի աջակցությունը, այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովին (DW):

Նշելով, որ Ռուսաստանի հաղթանակը կամ Ուկրաինայի անկումը չեն հանգեցնի խաղաղության՝ Օլաֆ Շոլցն ընդգծել է, որ եթե այդպիսի խաղաղությունը Կիևին պարտադրվի դրսից, այն երբեք չի ստանա Բեռլինի աջակցությունը. «Մենք չենք ընդունի որևէ որոշում, որը կհանգեցնի եվրոպական և ամերիկյան անվտանգության խախտմանը»:

Շոլցը Ռուսաստանին մեղադրել է անդրատլանտյան դաշինքի պետությունների դեմ վտանգավոր գործողություններ ձեռնարկելու մեջ՝ դրանց թվին դասելով ստորջրյա մալուխների և այլ ենթակառուցվածքների աշխատանքը խափանելու դիվերսիաները, հրկիզումները, ապատեղեկատվությունը և ժողովրդավարական ընտրությունները մանիպուլացնելու փորձերը:

Բանակցություններում ձեռք բերված ցանկացած որոշման արդյունքում Ուկրաինան «պետք է ունենա զինված ուժեր, որոնք կկարողանան հետ մղել Ռուսաստանի ցանկացած նոր հարձակում»,- հայտարարել է Շոլցը :

Գերմանիայի ղեկավարն ընդգծել է, որ դրա համար անհրաժեշտ կլինի Ուկրաինայի եվրոպական, անդրատլանտյան և միջազգային գործընկերների հետագա օգնությունը: «Սա հսկայական մարտահրավեր կլինի ֆինանսական, նյութական և լոգիստիկ տեսանկյունից»,- ասել է Շոլցը:

«Հենց մենք՝ եվրոպացիներս ենք ամենաշատն աջակցում Ուկրաինային»,- ընդգծել է նա՝ նշելով, որ Եվրոպան կշարունակի օգնել Կիևին «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»:

Պնդելով, որ Ռուսաստանի հետ բանակցություններում պետք է հաշվի առնվի Ուկրաինայի «ինքնիշխան անկախությունը», Շոլցը հավանություն է տվել այն փաստին, որ Վաշինգտոնը հաստատել է այն պահպանելու ընդհանուր նպատակը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ելույթ է ունենում Մյունխենի անվտանգության համաժողովում/Յոհաննես Սայմոն / Getty Images


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել