Մահեր ճանապարհներին․ ինչ է անում Կառավարությունը
 |hetq.am|
18:34 - 14 մայիսի, 2025

Մահեր ճանապարհներին․ ինչ է անում Կառավարությունը |hetq.am|

hetq.am: 2024-ին Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարից (ՃՏՊ) 333 մարդ է մահացել։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տեղի է ունեցել 4,465 ՃՏՊ, որից 279-ը՝ մահվան ելքով։ Մարմնական վնասվածք է ստացել 6,293 մարդ։ 

«Հետք»-ը ուսումնասիրել է այս տվյալները՝ հասկանալու համար, թե որոնք են վթարների պատճառները, որտեղ են դրանք ամենաշատը եղել և այլ մանրամասներ։ Հիմնականում դիտարկել ենք միջպետական նշանակության ճանապարհներին տեղի ունեցած մահվան ելքով վթարները։ Անդրադարձել ենք երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու և մի շարք այլ գործառույթների նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքին։

ՃՏՊ-ները Հայաստանի միջպետական ճանապարհներին

ՆԳ նախարարության տվյալներից առանձնացրել ենք մահվան ելքով ՃՏՊ-ները[1]՝ փորձելով տեղայնացնել դրանք եւ պարզել, թե որ հատվածներում են ամենաշատ վթարները եղել։ Հայաստանում կա 10 միջպետական ճանապարհ, որոնց ընդհանուր երկարությունը 1,366 կմ է։ Վերլուծել ենք առկա տվյալները [2] , որպեսզի պարզենք՝ արդյոք կան առավել վտանգավոր ճանապարհահատվածներ։ Այս հետազոտությամբ չենք կարող վստահ պնդել ՃՏՊ-ների պատճառները և դրանց վերացման համար անհրաժեշտ գործողություններ առաջարկել, բայց տվյալների վերլուծությունը և վիզուալացումը թույլ է տալիս որոշակի ենթադրություններ անել։

Մ-1 ճանապարհի երկարությունը 173,7 կմ է, այն կապում է Երևան և Գյումրի քաղաքները՝ հասնելով Բավրայի մաքսային կետ։ Մ-1 ճանապարհին նախորդ տարի 12 ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 14 մարդ։ Պատահարներից մի քանիսը միմյանց մոտ հատվածներում են եղել։ Օրինակ՝ Մ-1 ճանապարհի 19-րդ և 38-րդ կմ-ներում երկուական պատահար է եղել։ 68-76-րդ կիլոմետրում՝ երեք պատահար, ևս երեք պատահար Մ-1 ճանապարհի այն հատվածում, որն անցնում է Գյումրի քաղաքի միջով։

Մ-2 Երևան-Մեղրի-ՀՀ պետական սահման ճանապարհի երկարությունը 378,4 կմ է։ Հայաստանի ամենաերկար միջպետական ճանապարհն է։ Նախորդ տարի ամենաշատ պատահարները հենց այս ճանապարհին են եղել՝ 30 պատահար, որոնց հետևանքով մահացել է 44 մարդ։ Մ-2 ճանապարհի որոշ հատվածներում վթարների խտությունն ավելի մեծ է։ Ճանապարհն անցնում է Արարատի, Վայոց ձոր և Սյունիքի մարզերով։ Պատահարների կեսը՝ 15-ը, եղել է Արարատի մարզում, որոշ պատահարներ՝ նույն հատվածում, կամ մոտ կմ-ներում։ Մասնավորապես՝ Մասիս և Արտաշատ քաղաքների միջև ընկած հեռավորությունը մոտ 19 կմ է, այդ հատվածում 8 պատահար է եղել, մահացել է 9 մարդ։ Ճանապարհի այս հատվածին զուգահեռ ամբողջ տարածքում բնակավայրեր են, այս հանգամանքը թույլ է տալիս եզրակացնել, որ միջպետական ճանապարհի՝ բնակավայրերին մոտ լինելն ինչ-որ կերպ ազդում է դրա անվտանգ լինելու վրա։ Արտաշատից Երասխ մոտ 34 կմ է։ Այս 34 կմ հատվածում և Երասխից Մ-2 ճանապարհով դեպի հարավ ևս 2 կմ-ում վեց պատահար է եղել, մահացել է 8 մարդ։ Ընդ որում, երկուական պատահար գրանցվել է երկու տարբեր կմ-ներում։

Մ-2 ճանապարհի Վայոց ձորի և Սյունիքի մարզերով անցնող հատվածներում տեղի ունեցած պատահարների խտությունն ավելի փոքր է՝ ի տարբերություն Արարատի մարզի։ Սպանդարյան բնակավայրից Սիսիանի օդանավակայան ընկած հատվածում՝ մոտ 17 կմ, չորս պատահար է եղել, որի հետևանքով մահացել է 10 մարդ։ Երկու պատահար էլ տեղի է ունեցել Կապան քաղաքով անցնող հատվածում։ Երկու մահվան ելքով ինքնավթար էլ եղել է Ձագիկավան գյուղի հարավային հատվածում՝ Մ-2 ճաապարհի 317-318 կմ-ում։

Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի երկարությունը 184,7 կմ է։ Նախորդ տարի այս ճանապարհին մահվան ելքով 13 պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 18 մարդ։ Աշտարակ քաղաքին մոտ Մ-3 ճանապարհի 12 կմ երկարությամբ հատվածում չորս պատահար է եղել, մահացել է 5 մարդ։ Ճանապարհի 85-87 կմ հատվածում՝ երկու պատահար։ Մյուս պատահարների խտությունը փոքր է, այսինքն՝ միմյանց մոտ տարածության վրա չեն եղել։

Մ-4 Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման ճանապարհի երկարությունը 148,2 կմ է։ Միջպետական ճանապարհի վրա նախորդ տարի 22 պատահար է եղել, մահացել է 29 մարդ։ Այս ճանապարհը մյուսներից տարբերվում է խիստ տեղայնացված պատահարներով։ ՃՏՊ-ների մի մասը մոտ տարածության վրա է եղել, որոշ դեպքերում՝ հենց նույն կմ-ում, հիմնականում՝ Երևան, Աբովյան և Չարենցավան քաղաքների միջև ընկած հատվածներում։

Մ-4 ճանապարհի 11-14 կմ հատվածում 5 պատահար է եղել, որոնցից չորսը՝ վրաերթ, մահացել է 7 մարդ։ Հինգ պատահար էլ տեղի է ունեցել 22-25 կմ հատվածում, որոնցից երեքը՝ ինքնավթար, մահացել է 6 մարդ։ Այս հատվածը հայտնի է նաև «Չայնիի» ոլորաններ անվամբ և տարիներ շարունակ հասարակության շրջանում ասոցացվել է վտանգավոր գոտու հետ, մինչ օրս էլ այդ հատվածի վերաբերյալ պատկերացումն ու իրականությունը նույնն են։

Ճանապարհի՝ Սևան քաղաքի հատվածում ևս բավականին խիտ է պատահարների բաշխվածությունը։ 53-65 կմ-ում 7 պատահար է եղել, մահացել է 9 մարդ։ Այս յոթ պատահարից չորսը տեղի է ունեցել 64 և 65 կմ-ներում։ Մնացած պատահարները ճանապարհի տարբեր հատվածներում են եղել։ Ստացվում է՝ 148 կմ երկարությամբ ճանապարհին 22 պատահարից 17-ը եղել է երեք տարբեր հատվածներում՝ մոտ տարածության վրա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել