azatutyun.am: Դավաճանության ու լրտեսության հոդվածով քրեական գործի շրջանակներում Ազգային արխիվի մի քանի աշխատակիցներ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, նրանցից առնվազն մեկը մեղադրյալ է: Մանրամասներ դեռ իրավապահները չեն հաղորդում, բայց հայտնի է, որ մեղադրանքի հիմքում ադրբեջանցիներին արխիվից որոշ տեղեկատվություն փոխանցելն է եղել:
Ի՞նչ տեղեկություն է փոխանցվել, ո՞վ ո՞ւմ է փոխանցել, փոխանցված նյութերն ինչպե՞ս կարող էին վնասել Հայաստանի Հանրապետությանը, գործը քննող Քննչական կոմիտեն չի բացահայտում: ՔԿ-ի փոխանցմամբ՝ գործը հարուցվել է անցած ամիս, կա մեկ մեղադրյալ, թե ո՞վ է նա, չեն հայտնում: «Ազատության» հետ զրույցում մեղադրյալի փաստաբան Տիգրան Գրիգորյանն ասաց՝ պաշտպանյալը մեղքը չի ընդունում, բայց, ելնելով գործի հանգամանքներից, ոչ նրա անունը հայտնեց, ոչ էլ մանրամասներ:
«Կարող է խոսք լինել Հայաստանում բնակեցված ադրբեջանցիների մասին, որոնք բնակվել են 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին», - նշեց փաստաբանը:
Չնայած իրավապահների ու փաստաբանների գաղտնապահությանը՝ «Ազատությանը» հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել Արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանից: Նա հաստատեց, որ իր արդեն նախկին տեղակալն ու ևս 4 հոգի են հայտնվել քրեական գործի կիզակետում: Ներկայիս ղեկավարությունն էլ, չսպասելով քննության ավարտին, նրանց արդեն ազատել է աշխատանքից: Դեպքն, ըստ Արխիվից 2020 թվականին հեռացած Վիրաբյանի, իր պաշտոնավարման օրոք չի եղել:
Վիրաբյանը պնդում է՝ նրանցից և ոչ մեկը հանցագործություն չի արել, գաղտնի տեղեկատվություն չի տրամադրել հարևան երկրի ներկայացուցիչներին, քանի որ Արխիվում գաղտնի տեղեկություններ չեն պահվում:
Արխիվը 17 տարի ղեկավարած Վիրաբյանի խոսքով, Ազգային արխիվում 19-րդ դարում Հայաստանում բնակված ադրբեջանցիների վերաբերյալ տեղեկություններ են միայն:
«Դրանք բոլորը հրապարակված են՝ գրքերով, օրինակ, «Կովկասյան օրացույց» կա, որտեղ գրված է գյուղը, ովքեր են ապրում, մուսուլմաններ, հայեր, ռուսներ, մալականներ և այլն, բնակչության քանակ: Ինտերնետում տեղադրված է», - ասաց նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)