armenpress.am: Լեհաստանի ընդդիմադիր թեկնածու, եվրոսկեպտիկ Կարոլ Նավրոցկին հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 50,89%-ը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ընտրական հանձնաժողովի տվյալները։
Նրա մրցակից, Վարշավայի քաղաքապետ և վարչապետ Դոնալդ Տուսկի կողմնակից Ռաֆալ Տշասկովսկին հավաքել է ձայների 49,11%-ը։
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 71,31%, ինչը ռեկորդային ցուցանիշ է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար։
42-ամյա Նավրոցկին խոստացել է տնտեսական և սոցիալական այնպիսի քաղաքականություն վարել, որն առաջնահերթություն կտա լեհերին, ոչ թե այլ ազգերին, այդ թվում՝ ուկրաինացի փախստականներին, նշում է Reuters-ը։
Լեհաստանում իշխանությունը կենտրոնացած է խորհրդարանի ձեռքում, և նախագահի իշխանությունը հիմնականում արարողակարգային բնույթ է կրում։ Սակայն նախագահը կարող է վետո դնել կառավարության որոշումների վրա։ Վարչապետ Դոնալդ Տուսկի կոալիցիան խորհրդարանում չունի այնպիսի մեծամասնություն, որ կարողանա շրջանցել նախագահի վետոն։
Ակնկալվում է, որ Նավրոցկին, որին աջակցում է ընդդիմադիր «Օրենք և արդարություն» կուսակցությունը, կշարունակի նախագահ Անջեյ Դուդայի վարած քաղաքականությունը։
comment.count (0)