factor.am: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի դեմ հետաքննություն է սկսվել պետական հեղաշրջում կազմակերպելու կասկածանքով։ Այս մասին հայտարարել է երկրի Սահմանադրական դատարանի նախագահ Բոգդան Սվենչկովսկին, փոխանցում է Gazeta Wyborcza-ն։
Սվենչկովսկին ավելի քան 60 էջանոց ծանուցումը դատախազություն է ներկայացրել հունվարի վերջին: Բացի Տուսկից՝ նա հանցագործության կատարման մեջ կասկածում է մի քանի այլ պաշտոնյաների՝ նախարարների, պատգամավորների, դատավորների ու դատախազների։
Փաստաթղթի համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերի 13-ից այդ անձինք գործել են «որպես կազմակերպված հանցավոր խմբի մաս»՝ նպատակ ունենալով փոխել Լեհաստանի սահմանադրական համակարգը, դադարեցնել Սահմանադրական դատարանի և սահմանադրական այլ մարմինների գործունեությունը, այդ թվում՝ բռնության և անօրինական սպառնալիքների միջոցով։ Ի պատասխան Սվենչկովսկու գրառման՝ Տուսկը տեսանյութ է հրապարակել, որտեղ նա պինգ-պոնգ է խաղում՝ ուղեկցվելով «պետական հեղաշրջում» բառերով և ծիծաղող էմոջիով։
Տեսանյութում Տուսկը տեղեկացվում է կասկածների մասին, ինչին նա պատասխանում է՝ գնդակին հարվածելիս․ «Դե լավ, այստեղ ավելի լուրջ հարցեր ունենք»։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ուղղակիորեն չի ասել՝ արդյո՞ք համաձայն է հեղաշրջման կասկածների հետ, սակայն Սվենչկովսկիին անվանել է փորձառու դատախազ և նշել, որ կառավարության անդամները խախտում են օրենքը։
2023 թվականի դեկտեմբերից Լեհաստանի կառավարությունը ղեկավարում է «Քաղաքացիական պլատֆորմի» առաջնորդ Դոնալդ Տուսկի գլխավորած կոալիցիան։ Երկրի նախագահը դեռևս Անջեյ Դուդան է՝ ընտրված ներկայիս ընդդիմադիր պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցության կողմից։ Մայիսին նախագահը կփոխվի։ «Քաղաքացիական պլատֆորմի» թեկնածուն այս պահին առաջատար է։
comment.count (0)