Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում մասնակցել և ելույթով է հանդես եկել «Կառուցելով կայուն խաղաղություն. կամրջելով անվտանգությունը և զարգացումը խոցելի միջավայրում» խորագրով քննարկմանը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Անդրադառնալով կայուն խաղաղության գաղափարին՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է հակամարտությունների կանխարգելման հարցում ներառական մոտեցման, մասնավորապես՝ անվտանգության, զարգացման և տարածաշրջանային համագործակցության համադրման կարևորությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է սպառազինությունների վերահսկման արդյունավետ մեխանիզմների կարևորությունը խաղաղության և անվտանգության պահպանման հարցում ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում: Հարավային Կովկասում թափանցիկության և վստահության ամրապնդման համատեքստում՝ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ առաջարկին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԵՄ մշտադիտարկման առաքելության դերը սահմանային կայունության ապահովման գործում:
Նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև փոխկապակցվածության դերը՝ որպես տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման գրավական: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրույթներին:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1221437
comment.count (0)