armenpress.am: Հայաստանը քննարկումներ է անցկացնում Իսլամական համագործակցության կազմակերպության առանձին անդամ պետությունների հետ՝ կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած ձևակերպումների առնչությամբ․ այդ երկրների մի մասը հավաստիացնում է, որ այդ փաստաթղթում տեղ գտած այս կամ այն ձևակերպումները չեն համապատասխանում իրենց պաշտոնական դիրքորոշմանը։
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
Կոստանյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից նման նախաձեռնությունները կառուցողականորեն չեն ազդում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վրա։
«Նշեմ, որ Իսլամական համագործակցության կազմակերպության առանձին անդամ պետությունների հետ այս օրերին քննարկումներ են տեղի ունենում․ նրանց մի մասը հավաստիացնում է, որ այդ փաստաթղթում տեղ գտած այս կամ այն ձևակերպումները չեն համապատասխանում իրենց պաշտոնական դիրքորոշմանը»,-հայտնել է Վահան Կոստանյանը։
Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով Իսլամական համագործակցության կազմակերպության՝ Ստամբուլում կայացած նախարարական համաժողովի շրջանակներում ընդունված հռչակագիրը և Ադրբեջանի առաջարկությամբ ընդունված բանաձևերը՝ նշելով, որ դրանցում տեղ գտած ձևակերպումները հակասում են Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու տրամաբանությանը։
comment.count (0)