Գործընկերային բովանդակություն
2010 թվականից ի վեր հայ-չինական առևտրաշրջանառությունը աճել է ավելի քան 6 անգամ՝ հատկապես նպաստող ազդեցություն է ունեցել ռուս-ուկրաինական պատերազմը՝ վերաարտահանման հնարավորություններ բացելով հայաստանցի գործարարների համար։
2010-2024 թվականներին Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքների առևտրաշրջանառությունը աճել է ավելի քան 6 անգամ, ընդ որում, Չինաստանից ներմուծումը աճել է 4 անգամ՝ 402 մլն դոլարից հասնելով 1 միլիարդ 669 միլիոն դոլարի, իսկ Հայաստանից արտահանումը՝ 36 անգամ, 31 միլիոն դոլարից հասնելով 1 միլիարդ 97 միլիոն դոլարի։
Այս ժամանակահատվածը կարելի է բաժանել երկու շրջանի՝ 2010-2021 թվականներ և 2022-2024 թվականներ։
2010-2021 թվականներին Չինաստանից Հայաստան ներմուծումը աճել է 460 մլն դոլարով կամ ավելի քան 2.1 անգամ և միտված է եղել հիմնականում տեղական պահանջարկի բավարարմանը։ Ընդ որում՝ նույն ժամանակահատվածում Հայաստանի ընդհանուր ապրանքային ներմուծումը աճել է 1.4 անգամ, ինչն էլ իր հերթին վկայում է Չինաստանի՝ որպես մատակարար երկրի դիրքի ամրապնդման մասին։ Ներմուծման տեմպերն անհամեմատ արագացել են 2022-2024 թվականներին՝ 2021 թվականի համեմատ 2024 թվականին ներմուծումը գրեթե կրկնապատկվել է, ինչը առավելապես պայմանավորված է վերաարտահանման գործոնով։ Այսինքն, կան ապրանքներ, որոնք ինչ-ինչ պատճառներով ուղղակիորեն չեն կարող Չինաստանից արտահանվել Ռուսաստան, առաքվում են Հայաստան, ապա վերաարտահանվում Ռուսաստան։
Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանից դեպի Չինաստան արտահանման աճն ավելի տպավորիչ է եղել։ Եթե 2010 թվականին Հայաստանն արտահանում էր ընդամենը 31 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, ապա 2021 թվականին այն հասել էր արդեն 393 միլիոն ԱՄՆ դոլարի, ինչն առավելապես պայմանավորված էր պղնձի խտանյութի արտահանմամբ։ 2024 թվականին Հայաստանից դեպի Չինաստան արտահանումը կտրուկ աճել է, ինչը գլխավորապես պայմանավորված է ռուսական ոսկու (վերա)արտահանմամբ։
Արդյունքում Չինաստանը դարձել է Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերներից մեկը՝ զբաղեցնելով 9,4% մասնաբաժին Հայաստանի ողջ արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում։
Հարկ է ընդգծել, որ այդ ցուցանիշով 2024 թվականին Չինաստանը Հայաստանի երրորդ խոշորագույն առևտրային գործընկեր-երկիրն էր՝ Ռուսաստանից (41,1%) և Արաբական Միացյալ Էմիրություններից (17,7%) հետո։ Պակաս կարևոր չէ, որ անցած տարի հայ-չինական առևտուրն ավելի մեծ մասնաբաժին էր զբաղեցնում հայաստանյան արտաքին առևտրում, քան Երևանի առևտուրը ողջ Եվրամիության (7,7%) կամ ԱՄՆ (1,4%) հետ:
Հայաստանը ներմուծում է չինական արտադրության ամենատարբեր ապրանքներ՝ հագուստից մինչև հեռախոսներ ու սառնարաններ, ինչի արդյունքում այս երկիրը հանդիսանում է Ռուսաստանից հետո Հայաստանի երկրորդ ամենախոշոր մատակարարը։ 2024 թվականին Չինաստանին բաժին է հասել Հայաստանի ներմուծման ավելի քան 10%-ը։ Հայաստանը Չինաստանից հիմնականում ներմուծում է մեքենաներ և սարքավումներ (օրինակ սառնարաններ, օդորակիչներ, հաշվողական մեքենաներ և այլն), էլեկտրատեխնիկա (օրինակ՝ հեռախոսներ, մոնիտորներ, և այլն), ինչպես նաև հագուստ ու հագուստի պարագաներ, որի մի մասը վերջին տարիներին վերաարտահանվում է Ռուսաստան։
Նախորդ տարիներին նշանակալիորեն աճել է նաև չինական տրանսպորտային միջոցների ներմուծումը։ Սա պայմանավորված է ինչպես չինական ավտոբուսների, այնպես էլ էլեկտրական մեքենաների ներկրման աճով։
Չինաստանը հայկական պղնձի իրացման հիմնական շուկան է
Չինաստանը ոչ միայն Հայաստանի գլխավոր մատակարարներից է, այլև հայկական ապրանքների արտահանման կարևոր շուկաներից մեկը։ 2024 թվականին Չինաստանը Հայաստանի երրորդ ամենախոշոր արտահանման ուղղությունն էր՝ ԱՄԷ-ից և Ռուսաստանից հետո։
Հայաստանից Չինաստան արտահանման մեծ մասը ավանդաբար բաժին էր հասնում պղնձի հանքաքարին և խտանյութին, որը նաև հանդիսանում է Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքատեսակը։ Այսինքն, Չինաստանը հանդիսանում է Հայաստանից արտահանվող գլխավոր ապրանքատեսակի հիմնական գնորդը։
Այսպես, 2015-2021 թվականներին պղնձի հանքաքարի և խտանյութի մասնաբաժինը ՀՀ ապրանքային արտահանման կառուցվածքում միջինում 23% է եղել[1], իսկ Չինաստանի մասնաբաժինը հայաստանյան պղնձի արտահանման կառուցվածքում նախորդ 15 տարիներին 12%-ից հասել է 78%-ի, ինչը խոսում է պղնձի արտահանման բարձր կենտրոնացման մասին։ Այս իրավիճակը հղի է ռիսկերով, որոնք կարող են ունենալ տարբեր բովանդակություն՝ քաղաքական, տնտեսական, և ի հայտ գալ տարաբնույթ իրավիճակներում։
Այսպիսով, նախորդ տարիներին հայ-չինական առևտրային հարաբերությունները խորացել են, և Հայաստանի համար այնպիսի կարևորագույն ապրանքի դեպքում, ինչպիսին պղինձն է, առաջացրել արտահանման բարձր կենտրոնացվածության։
Հաշվի առնելով ազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ Հայաստանի կառավարության հռչակած ռազմավարությունը, որի հիմքում անվտանգային, դիվանագիտական, տնտեսական ու հաղորդակցական ոլորտներում դիվերսիֆիկացիայի ընդլայնումն է, հայաստանյան արտահանման կառուցվածքում նման կարևոր ապրանքի գրեթե ամբողջական ուղղումը մեկ շուկա ոչ միայն հակասություն է մեջ է մտնում նշված ռազմավարության հետ, այլև կարող է հանգեցնել բացասական հետևանքների երկրի տնտեսության, հետևաբար՝ անվտանգության ապահովման համար:
[1]2022-2024 թվականներին Հայաստանից այլ ապրանքների արտահանման (այդ թվում՝ վերարտահանման) աճի արդյունքում, երկրի արտահանման կառուցվածքը ենթարկվել է կտրուկ փոփոխությունների, որը Հայաստանի տնտեսության իրական պատկերը չի արտացոլում, ուստի դիտարկվել է 2021թ-ը։
Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն
comment.count (0)