civilnet.am: Հայաստանը մշակում է գործողությունների սցենարներ՝ Իրանի և Իսրայելի միջև սրվող լարվածության հնարավոր սոցիալական և տնտեսական հետևանքներին պատրաստ լինելու նպատակով։ Այս մասին հունիսի 18-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Խնդիրները բոլոր պոտենցիալ մոնիտորինգի տակ են ամենօրյա կտրվածքով։ Այո, և՛ փախստականների, և՛ լոգիստիկ, և՛ էներգետիկ խնդիրներ՝ չի կարելի բացառել այսօր։ Պետք է մշակել սցենարներ, որոնք X պահի կարող է պետք լինեն, բայց կարող է նաև պետք չլինեն»,- ասաց Գրիգորյանը՝ արձագանքելով պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին։
Բաթոյանը բարձրաձայնել էր, որ Իրանում պատերազմի սրման դեպքում Հայաստանը կարող է բախվել փախստականների հոսքի և սոցիալական բարդությունների։ Նա նաև ընդգծել էր նախապես համակարգված մոտեցման կարևորությունը՝ ներառյալ կացարանների, տեղահանվածների տեղափոխման և սոցիալական ապահովման հնարավոր խնդիրները։
Փոխվարչապետ Գրիգորյանը վստահեցրեց, որ թեման թողնված չէ ինքնահոսի. «Վստահեցնում եմ ձեզ, որ կոնսոլիդացված տարբեր գերատեսչությունների կազմով այդ հարցերը քննարկվում են։ Ուղղակի սցենարների մասով չէի ցանկանա հիմա դետալիզացնել, որովհետև կան նուրբ հարցեր, որոնց մասին կարիք չկա այս պահին խոսել»։
Նրա խոսքով՝ արդեն իսկ որոշ լոգիստիկ խնդիրներ ի հայտ են եկել, իսկ էներգետիկ կայունության հարցը նույնպես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։
Ներկայում Հայաստանը պաշտոնապես որևէ արտակարգ ռեժիմ կամ սահմանային հսկողության փոփոխություն չի հայտարարել։ Սակայն կառավարության վերջին հայտարարությունները վկայում են, որ հնարավոր ճգնաժամային զարգացումների դեպքում կա գործողությունների նախապատրաստություն։
comment.count (0)