armenpress.am: Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը քննարկել է Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցության հարցը:
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այս մասին հայտնեց հերթական ասուլիսում:
«Ա և Բ տիպի սցենարներում փորձել ենք որոշակիորեն հաշվի առնել հակամարտությունը: Բնականաբար, ոչ այն խորքային մոտեցումներով, որը կունենանք որոշակի ժամանակ անց, որովհետև ամեն ինչ շատ թարմ է: Օրինակ, եթե տեղի ունենա մի իրավիճակ, որ, ենթադրենք, պատերազմը թևակոխի ավելի ակտիվ, ավելի խորքային փուլ կամ հակամարտությունը երկարաձգվի, այդ պարագայում ընդհանուր տարածաշրջանը կդառնա ավելի ռիսկային: Այդ դեպքում կառաջանա առաջարկի կողմից եկող ապրանքների արժեշղթաների խաթարման խնդիր: Երկրորդ՝ դա կարող է որոշակի ազդեցություն ունենալ արտաքին պահանջարկի վրա տուրիստական հոսքերի տեսանկյունից: Երրորդ՝ կարող է ընդհանուր ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի ռիսկի հավելավճարի տեսանկյունից: Այսինքն՝ այստեղ Ա տիպի մի փունջ ռիսկեր կան:
Բ տիպի ռիսկերի համաձայն՝ կարող ենք առնչվել մի իրավիճակի, որ ընդհանուր տնտեսությունը կարող է թուլանալ»,- նշեց ԿԲ նախագահը:
Ըստ նրա, կան նաև այլ սցենարներ, որոնք հետագայում նույնպես կքննարկեն:
comment.count (0)