Գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը վարձակալած 35 հա անտառային տարածքի համար գումար չի վճարել |hetq.am|
10:32 - 14 օգոստոսի, 2019

Գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը վարձակալած 35 հա անտառային տարածքի համար գումար չի վճարել |hetq.am|

hetq.am: Արշալույս Փայտյանն իր ծննդավայր Տավուշի մարզի Նորաշեն գյուղից 50 կմ հեռու 35 հա անտառային հող էր վարձակալել՝ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով:

Գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը 2007 թ. զբաղեցնում էր Զինված ուժերի շտաբի պետի տեղակալի պաշտոնը: Նույն այդ ժամանակ նա դիմել է «Հայանտառ» ՊՈԱԿ և 60 տարով վարձակալել Արծվաբերդի անտառտնտեսության անտառային տարածքներից 35 հա:

Տարեկան ընդամենը 420 հազար դրամ վարձավճարով վարձակալված տարածքում գեներալը ծրագրել էր հանգստի գոտի ստեղծել, սակայն մինչև 2016թ. ոչինչ չի արել: Բացառություն են միայն անտառի մեջ գտնվող գետի ափին երկու փոքր լողավազան ստեղծելու` անավարտ հողային աշխատանքները: Մինչև 2016-ը Արշալույս Փայտյանը չի վճարել վարձակալության գումարները, իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը դիմել է դատարան վճարման կարգադրություն արձակելու պահանջով: 2017թ. դատարանն արձակել է վարձավճարն ու տույժերը միասին 25 միլիոն դրամ գումար «Հայանտառ»-ին վճարելու կարգադրություն:

«Հայանտառ»-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2016թ. արձակվել է վճարման կարգադրություն, որը գտնվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում` կատարողական վարույթում, իսկ վարձակալության պայմանագիրը դադարեցվել է 2018-ին: Այսինքն, այս պահի դրությամբ Արշալույս Փայտյանը չի վճարել վարձակալության վճարն ու տույժ-տուգանքները:

Վարձակալված տարածքը տեսնելու նպատակով մենք այցելեցինք Տավուշի մարզ: Արծվաբերդի անտառտնտեսության աշխատակիցները մեզ ուղեկցեցին Իծաքար գյուղից դեպի Իջևան տանող երկրորդական ճանապարհով: Մեծ դժվարությամբ նրանք կարողացան նկարագրել վարձակալության տրամադրված տարածքը: Հախում գետի վրա կառուցված կամրջից դեպի Ծաղկավան գնացող ճանապարհի աջ և ձախ հատվածում՝ գետի երկայնքով տարածվող հատվածում էր Փայտյանը վարձակալել անտառային տարածքները: Վարձակալված տարածքներում կային և´ բացատներ և´ սաղարթախիտ ծառեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել