ՍԴ հետ կապված հարցն այլևս քաղաքական է. ԲՀԿ պատգամավոր |lragir.am|
08:10 - 25 հոկտեմբերի, 2019

ՍԴ հետ կապված հարցն այլևս քաղաքական է. ԲՀԿ պատգամավոր |lragir.am|

lragir.am։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները ՍԴ նախագահի շուրջ ընթացող զարգացումներն իրավական հարթությունում են դիտարկում: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ հանրության մոտ կա արմատացած կարծիք, որ այս գործընթացները կրում են քաղաքական ենքատեքստ և չեն տեղավորվում իրավական տրամաբանության մեջ:

«Սրանում կա որոշակի օբյեկտիվ հատիկ, որովհետև որոշ հայտարարություններ, որոնք հնչում են իշխանության այս կամ այն ներկայացուցիչների կողմից, այս հարցը տեղափոխել են այն հարթություն, որ ՍԴ հետ կապված հարցն այլևս քաղաքական է: Եվ դրան առնչություն ունեցող ցանկացած զարգացում, որքան էլ լինի իրավական, տեղավորվում է այլևս քաղաքական հարթության մեջ: Համենայնդեպս, մենք հուսով ենք, որ որևէ անօրինական գործընթաց ՀՀ ցանկացած քաղաքացու հետ կապված, տեղի չի ունենա»,- ասաց Տոնոյանը:

Պատգամավոր Արման Աբովյանն էլ ասաց, որ չպետք է թույլ տալ, որ հանկարծ քաղաքական առումով մանիպուլյատիվ ինչ-որ գործողություններ կատարվեն: «Ես նկատի ունեմ տեղեկատվական դաշտում: Մենք տեսնում ենք այն կատաղի տեղեկատվական պատերազմը, որը տեղի է ունենում, և այս կամ այն առումով դա ազդում է ընդհանուր մթնոլորտի վրա:

Մեր իրավաբան պատգամավորներն ունեն իրենց կարծիքը, ընթացքին հետևում են, հարկ եղած դեպքում մենք մեր կարծիքը կհայտնենք: Մենք ընթացքները դիտարկում ենք զուտ իրավական հարթության մեջ»,- ասաց նա: Հարցին, թե իրենց կարծիքով՝ կարո՞ղ էր ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը նպաստել իշխանության յուրացմանը, Արման Աբովյանը պատասխանեց՝ «Այդ հարցը ճիշտ կլինի մի հատ Արա Բաբլոյանին էլ տալ: Մենք գիտենք, որ Արա Բաբլոյանի շուրջ կրկին իրավական ընթացքներ են գնում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել