ՍԴ նախագահն ուղերձ է հղել Սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ
17:59 - 06 փետրվարի, 2021

ՍԴ նախագահն ուղերձ է հղել Սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՍԴ հիմնադրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Դիլանյանն իր երախտիքի խոսքն է հղել հատկապես նրանց, ովքեր վերջին 25 տարիների ընթացքում տարբեր կարգավիճակներով իրենց ներդրումն են ունեցել Սահմանադրական դատարանի կայացման գործում:

«Այսօր լրանում է Սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձը: 1996 թվականի հենց այս օրերին կազմավորվեց և իր առաքելությունը ստանձնեց Սահմանադրական դատարանի առաջին դատական կազմը: Այդ օրերին ոչ միայն կյանքի կոչվեց 1995թ. հուլիսի 5-ի Սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական նոր մարմնի գործունեությունը, այլև Հայաստանի Հանրապետությունում դրվեց սահմանադրական արդարադատության հիմքը»,- նշել է Դիլանյանը:

Սահմանադրական դատարանի նախագահը հավելել է, որ այսօր առավել քան երբևէ առաջնային է մեր պետության ժողովրդավարական հաստատությունների կարողությունների և արդյունավետության շարունակական զարգացումը:

«Միաժամանակ, Սահմանադրությունը ոչ միայն իրավունքներ և պարտականություններ սահմանող իրավաքաղաքական մայր փաստաթուղթ է, այլև յուրաքանչյուր ժողովրդավարական պետությունում արժեբանություն, արժեհամակարգ և սահմանադրական մշակույթ ձևավորող կարևորագույն գործոն: Այս համատեքստում Սահմանադրական դատարանի ուղենիշն է ոչ միայն մայր օրենքի՝ Սահմանադրության գերակայության ապահովումը, այլև ժողովրդավարական պետությանը արժանավայել սահմանադրական մշակույթի և իրավահարաբերությունների երաշխավորումը: Օրեցօր ավելի բարդ ու նոր փոփոխություններով ապրող աշխարհում իրավունքի գերակայության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հասարակությունն է ամուր ու ժամանակակից պետություն ունենալու լավագույն երաշխիքը»,- հայտնել է ՍԴ նախագահը:

Արման Դիլանյանը վստահություն է հայտնել, որ տարեդարձն էլ ավելի կբարձրացնի պատասխանատվությունն անցյալի, օրվա և ապագայի նկատմամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, օգտվելով հնարավորությունից՝ երախտիքի խոսքս եմ հղում առանձնապես նրանց, ովքեր վերջին 25 տարիների ընթացքում տարբեր կարգավիճակներում իրենց նվիրված աշխատանքով ավանդ ու ներդրում են ունեցել Սահմանադրական դատարանի կայացման գործում: Վստահ եմ, որ այս պարտավորեցնող տարեդարձի գիտակցմամբ կտոգորվենք ավելի բարձր պատասխանատվությամբ մեր անցյալի, այս օրվա և ապագայի նկատմամբ: Աստված պահապան մեր Հայրենիքին և ամենքիս»,- նշել է Արման Դիլանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել