hetq.am: Խորհդարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած Երևան համայնքի նվիրատվությունները և շինթույլտվությունների հնարավոր կոռուպցիոն ռիսկերը ուսումնասիրող իրավունքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների սահմանման հարցը:
Այդ հարցի քննարկմանը երեկ քաղաքական մեծամասնության պատգամավորները վիճարկում էին առհասարակ հանձնաժողովի ստեղծման սահմանադրականության հարցը, նաև ընդգծում, որ խորհրդարանի լիազորությունների մեջ չէ Երևանի նվիրատվությունները ուսումնասիրելը:
Որոշումը մերժվեց 39 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` կոչ անելով քաղաքական մեծամասնությանը չտապալել քվեարկությունը:
Մարուքյանի կոչին միացավ նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` հիշեցնելով, որ իր հարցմանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել է ուղղորդելով իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողով:
«Վատ իրավիճակի մեջ եք դնում քաղաքապետին»,-ասաց նա` դիմելով քաղաքական մեծամասնությանը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց` վատ նախադեպ է, երբ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը իրականացնի գործառույթներ, որոնք իր լիրազորությունների մեջ չեն մտնում: Մակունցը խորհուրդ տվեց ուսումնասիրություններ կատարելու համար դիմել Երևանի ավագանուն: Մակունցը տեղեկացրեց նաև, որ քաղաքական մեծամասնությունը չի մասնակցի քվեարկությանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ քաղաքական մեծամասնությունը որևէ մտադրություն չունի որևէ բան կոծկելու, կա քաղաքական կամք հետազոտելու բոլոր նման երևույթները, սակայն այն պետք է ինստիտուցիոնալ ձևով արվի:
«Մենք չենք կարող գնալ մի քայլի, որը կասկածելի է սահմանադրականության առումով»,-ասաց նա:
«Քվեարկության պատկերը ցույց տվեց, որ չունեք քաղաքական կամք Երևանի քաղաքապետարանի կոռուպցիոն գործարքներն ուսումնասիրելու»,- Միրզոյանին հակադարձեց Էդմոն Մարուքյանը:
Վերջինիս խոսքով` Երևանի ավագանին չէ, որ որոշելու է խորհրդարանի լիազորությունները: Մարուքյանն ասաց, որ նման նախադեպ չի եղել անգամ նախորդ խորհրդարանում, երբ իրավունքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների սահմանման քվեարկությունը տապալվում է:
Իմ քայլական Ռուբեն Ռուբինյանն էլ պատասխանելով Էդմոն Մարուքյանին ասաց, որ եթե վերջինս կարոտել է նախկին խորհրդարանի գործընկերներին, կարող է սրճել նրանց հետ: Այս խոսքերից հետո տեղից սկսեց խոսել Մարուքյանը, ինչի համար արժանացավ ԱԺ նախագահի նկատողությանը:
Տեղեկացնենք, սակայն, որ այս քվեարկությամբ հանձնաժողովի գործունեությունը չի դադարեցվել, քանի որ այն իրավունքի ուժով ստեղծված էր:
comment.count (0)