hetq.am: Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա նիստին փաստաբան Լեւոն Բաղդասարյանը ներկայացրեց հայտարարություն՝ նշելով, որ թեեւ դատավարական կողմերը, դատարանը ներկա են քննությանը, սակայն քրեական գործի նյութեր չկան, եւ արդարադատության շահը ստորադասվում է։ Բաղդասարյանը նշեց, որ գործի նյութերն առկա չեն, որին ի պատասխան՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը պատասխանեց, որ Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործից Նազիկ Ամիրյանին վերաբերող նյութերը պատճենվել են եւ տրվել կողմերին։ «Ձեր կարծիքն է, որ ասեք՝ գործ չկա, »,- հավելեց դատավորը՝ մեղադրողին խնդրելով հրապարակել գործի ապացույցները։ Ըստ փաստաբան Բաղդասարյանի՝ գործը առանձնացվել է, սակայն իրենք փաստեր չունեն, թե մեղադրանքի հիմքում ո՞ր ապացույցներն են դրված, խնդրեց տրամադրել առանձնացված գործով առանձնացված ապացույցները, որպեսզի իրականացվի պաշտպանություն։ Փաստաբան Գուրգեն Գրիգորյանն էլ նշեց, որ ամբողջական գործի մեջ ապացույցներ կան, որոնք ընթեռնելի չեն։
Ըստ նախագահողի՝ դատական գործի նյութերին կողմերը կարող են ծանոթանալ ցանկացած աշխատանքային օր, պատճենահանել դրանք. «Եթե դատավարության մասնակիցները, ինչ-ինչ պատճառներով, թերանալու պատճառով չեն ծանոթացել, կարող են խնդրել հետաձգել նիստը, հիմա կարող է ՝ վեց ամիս էլ ասեք ՝ չենք ծանոթացել»,- նշեց դատավորը, որին ի պատասխան՝ Լեւոն Բաղդասարյանը հայտարարեց, որ ոչ թե ասում են չենք ծանոթանում, այլեւ խնդրում են դատարանին պատճենահանել եւ տրամադրել ապացույցները։ «Մենք իրավունք ունենք ծանոթանալու, իսկ դատարանը պարտավորություն ունի տրամադրելու», ասաց փաստաբանը, սակայն դատավորը նշեց, որ գործերը դատարանի սեղանին դնելն է այն հնարավորությունը, որը տրամադրվում է կողմին։ Մնացական Մարտիրոսյանը թույլ չտվեց Գուրգեն Գրիգորյանին նոր հայտարարություն անել, հայտարարեց, որ անցնում են ապացույցների հետազոտման փուլին։ Հայտարարությունից հետո Լեւոն Բաղդասարյանը նշեց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու։ Դատական նիստը 1 ժամով ընդմիջվեց։
comment.count (0)